«Տարածաշրջանային էներգետիկ շուկայից մեկուսացվածությունը կանխել է Հայաստանի հետ էներգետիկ արժեքավոր ծրագրեր դիտարկելու հնարավորությունը». Վալի Քալեջի

168.am-ի զրուցակիցն է Թեհրանի Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող, իրանցի քաղաքագետ Վալի Քալեջին

– Պարոն Քալեջի, բավականին երկար ժամանակ է, ինչ քննարկվում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հնարավոր այցը Հայաստան, քանի որ նա իր պաշտոնավարման ընթացքում չի այցելել Հայաստան: Ըստ Ձեզ՝ ի՞նչ գործոններ են արգելափակում այցի կայացումը և հանդիպումը Հայաստանի և Իրանի նախագահների միջև։

– 2013թ. Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը նույն տարվա օգոստոսի 4-ին։ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Իրան 2014թ. հոկտեմբերի 20-ին։

Մյուս կողմից՝ մի շարք իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելել Հայաստան։ 2015թ. հունվարի 27-ին երկօրյա այց կատարեց Հայաստան Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ապա 2015թ. հոկտեմբերի 14-ին՝ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին։

Բնականաբար, Իրան-Հայաստան միասնական տնտեսական հանձնաժողովն անցկացրել է և դիտարկել երկկողմ հարաբերությունների խորացում տրանսպորտի, էներգակիրների, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտներում։

Բոլոր վերոնշյալ հանդիպումները ցույց են տալիս, որ հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և շարունակում են զարգանալ փոխադարձ վստահության մթնոլորտում։ Ինչպես փոխնախագահ Ջահանգիրին է նշել. «Հայաստանի Հանրապետությունն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունում իր ուրույն տեղն ունի, և մենք չունենք սահմանափակումներ Հայաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման հարցում»։ Ուստի չեմ կարծում, թե կա գործոն, որն ազդում է Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպման վրա։ Լիահույս եմ, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ապագա այցը Հայաստան կնպաստի Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ընդլայնմանը։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո շատ է քննարկվում հայ-իրանական հարաբերությունների ողջ ներուժի իրացման հնարավորության և անհրաժեշտության հարցը։ Վերջապես հաստատվել է Ռոուհանիի այցը Հայաստան, որը տեղի կունենա այս ամսվա կեսերին։ Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել այդ այցից։

Իրանի և P5+1 խմբի երկրների միջև կնքված միասնական համապարփակ գործողությունների ծրագիրը հնարավորություն է տալիս հարևանների հետ հարաբերությունները բարելավել, որն Իրանի արտաքին քաղաքականության ամենաբարձր առաջնահերթությունն է։ Այս հանգամանքը հայ-իրանական հարաբերությունների ողջ ներուժի իրացման համար հիանալի հնարավորություն է։

Հետևաբար՝ առանց վիզայի ռեժիմը երկու հարևան երկրների միջև շատ կարևոր է մարդկային շփումները և առևտրային հարաբերությունները ակտիվացնելու տեսանկյունից։ Թվում է, որ առաջիկա այցի ընթացքում կանցկացվի նաև Իրան-Հայաստան միասնական տնտեսական հանձնաժողովի հանդիպում, որը կդիտարկի երկկողմ հարաբերությունները տրանսպորտի, էներգետիկայի և իմ նշած ոլորտներում։ Ուստի ազատ վիզային ռեժիմը չափազանց կարևոր է այս ամենը զարգացնելու համար։

– Ի՞նչ է Իրանն ակնկալում հայ-իրանական հարաբերություններից և ո՞ր ոլորտներում։

Կարծում եմ, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Հասան Ռոուհանին կքննարկի երկկողմ համագործակցությունը և կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների վերաբերյալ, մասնավորապես՝ ներկայիս համակարգային իրավիճակն Իրաքում և Սիրիայում։ Իհարկե, Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որը միացել է Եվրասիական տնտեսական միությանը և կարող է Իրանի և ԵՏՄ-ի միջև կամուրջի դերակատարություն ստանձնել։ Հայաստանյան պաշտոնյաները ևս ընդգծել են Հայաստանի հիանալի դիրքն Իրանը ԵՏՄ-ին կապելու տեսանկյունից, ավելին, հայտարարվել է, որ միությունն ընդունել է Երևանի գաղափարը՝ դիտարկել սխեման, որով ազատ առևտրի գոտի կստեղծվի Երևանի և Թեհրանի միջև։

Ուստի, քանի որ միջազգային Հյուսիս-Հարավ նախագծում կա առանցքային օղակի բացակայություն, Հարավային Հայաստան երկաթուղին կարող է ստեղծել մի ուղի, որը Սևծովյան նավահանգիստները կկապի Պարսից Ծոցին։ Հայաստանն ու Իրանն աշխատում են նաև էներգետիկ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ բնական գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում։

Բացի դրանից, Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառյակի համագործակցությունը կնպաստի տարածաշրջանային ինտեգրացիային՝ բարձրացնելով էներգետիկ կայունությունն ու ամրապնդելով տարածաշրջանային անվտանգությունը։ Ուստի ես կարծում եմ, որ շատ են այն ոլորտները, որտեղ համագործակցությունը երկու երկրների միջև կարող է ընդլայնվել։

– Կան նաև ավելի գլոբալ ծրագրեր, որոնք քննարկվում են հայ-իրանական հարաբերությունների կոնտեքստում, և որոնք վերաբերում են իրանական գազը Վրաստանով Եվրոպա մատակարարելուն։ Այս հեռանկարը որքանո՞վ է հետաքրքրում Իրանին։

– Ցավոք սրտի, նախորդ երկու տասնամյակների ընթացքում քաղաքականությունը, որը միտված է եղել Հայաստանին դուրս մղել տարածաշրջանային էներգետիկ շուկայից, կանխել է այս արժեքավոր հնարավորությունն իրապես դիտարկելու հնարավորությունը։ Ուստի Հայաստանի մասնակցությունը ցանկացած էներգետիկ ծրագրի կլինի չափազանց արժեքավոր։

Ինչպես գիտեք, Իրան կատարած եռօրյա այցի ընթացքում Հայաստանի էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը հանդիպել էր Իրանի Նավթի նախարար Բիժան Զանգանեին։ Այս հանդիպումից հետո հայտարարվել էր Իրանի ծրագիրը՝ Եվրոպա գազ մատակարարել Հայաստանի և Վրաստանի տարածքներով ապագայում։ Իմ կարծիքը հետևյալն է՝ եթե Իրանը, Հայաստանը և Վրաստանը կարողանան գտնել պրակտիկ բանաձևն այս ծրագիրն իրականացնելու համար, հնարավոր կլինի այս ծրագիրն իրագործել։ Բնականաբար, այս ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է նաև ԵՄ աջակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս