«Պուշկովի հայտարարությունը նշանակում է, որ մեզ ներքաշում են ՆԱՏՕ-Ռուսաստան հակադրության մեջ, ՀՀ-ն ինչո՞ւ պետք է դառնա դրա մասը»
«168 Ժամի» զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը
– Պարոն Գրիգորյան, առաջին անգամ ռուսական կողմը պաշտոնական մակարդակով, ըստ էության, բացահայտել է հայ-ռուսական միացյալ զորախմբի նպատակը՝ նշելով դրանում երրորդ կողմի մասին, չնայած փաստաթղթում, ինչպես հիշում ենք, ամրագրված է, որ զորախումբն ուղղված չի լինելու երրորդ կողմի դեմ։ Սակայն երեկ ՌԴ Պետդումայի տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը նշել է, որ միացյալ զորախումբը խնդիրներ չի ստեղծում Ադրբեջանի համար, ավելին, ըստ նրա, զորախմբի ստեղծումը խելամիտ քայլ է, քանի որ Հայաստանը սահմանակցում է մի երկրի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Ի՞նչ է նշանակում Պուշկովի այս հայտարարությունը։
– Ես բազմիցս անդրադարձել եմ այս հարցին՝ նշելով մի քանի հանգամանքի մասին։ Առաջինը՝ ես կարծում եմ, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը ստեղծվում է Վրաստանի՝ ՆԱՏՕ հնարավոր անդամակցության դեմ։ Այսինքն՝ զորախումբը կարող է օգտագործվել, եթե Վրաստանի ՆԱՏՕ անդամակցությունն իրականություն դառնա, որի վերաբերյալ Ռուսաստանը լուրջ մտավախություններ ունի և բազմիցս արտահայտվել է այդ թեմայով։ Եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, այստեղ կլինեն ուժեր, որոնց միջոցով ի վերջո Ռուսաստանը կկարողանա ճնշում գործադրել Վրաստանի նկատմամբ։ Երկրորդը, բնականաբար, կա նաև Թուրքիայի հարցը, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, սա հաշվի առնելով, պարզ է, որ նման զորախմբի ստեղծմամբ Ռուսաստանը որոշակի շահեր է հետապնդում՝ ցանկանում է ռազմական իմաստով Հայաստանի միջոցով ամրանալ տարածաշրջանում։ Այս բաղադրիչն այստեղ կա։
Միացյալ զորախմբի ստեղծման հարցում իսկապես Ռուսաստանի շահն եմ տեսնում, դա ակնհայտ է՝ կա ցանկություն ամրապնդվել մեր տարածաշրջանում ռազմականորեն, ազդեցությունն ավելացնել։ Երրորդ կարևորագույն շահը հետևյալն է՝ Ռուսաստանը զորախումբը ստեղծում է, որպեսզի Հայաստանի սուվերեն բանակի մի մասի նկատմամբ վերահսկողություն սահմանի, քանի որ ապրիլյան պատերազմով համոզվեց, որ հայկական բանակն ինքնիշխան գործոն է։ Պուշկովի հայտարարությունն այս ամենի վկան է։
Չնայած պնդումներին՝ զորախումբը չի ստեղծվում աջակցելու, ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունը։ Հայաստանի համար ներկայումս գլխավոր սպառնալիքը գալիս է Ադրբեջանից, իսկ մենք տեսնում ենք, որ բավականին բարձր, լուրջ դիրք ունեցող ռուս պաշտոնյան բաց տեքստով ասում է, որ Ադրբեջանն անհանգստանալու առիթ չունի, քանի որ դա Ադրբեջանի դեմ չէ ուղղված։
– Ինչպես նշեցիք, այս հարցի մասին խոսվել է ամենաբարձր մակարդակով։ Հայկական կողմը, մեր դիվանագիտությունը չպե՞տք է արդյոք անդրադառնա, պարզաբանի այս հայտարարությունը, որովհետև Հայաստանն այսպիսով ներքաշվում է Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատման մեջ, այդ առճակատման կողմ է դառնում։ Սա վտանգավոր չէ՞ արդյոք Հայաստանի նման երկրի համար։
– Այստեղ դիվանագիտության, ԱԳ նախարարության անելիքն այդքան էլ չեմ տեսնում։ Կարծում եմ՝ խնդիրը ՊՆ-ինն է, մեր քաղաքական ղեկավարության, քաղաքական վերնախավի խնդիրն է։ Նախ՝ մինչ համաձայնագրի ստորագրումը նրանք պետք է ասեին, թե ինչի համար է ստեղծվում նման զորախումբ, ինչ խնդիրներ է լուծելու, նրանք պետք է հստակեցնեին, որ այն չի ստեղծվում ՆԱՏՕ-ի դեմ, այլ ստեղծվում է պաշտպանելու հայ ժողովրդին ադրբեջանական հարձակումներից, իրենք պետք է պաշտոնապես պարզաբանեին կամ դա անեն հիմա։ Չեմ գտնում, որ դա ԱԳՆ-ն պետք է անի։ Որքան գիտեմ, այդ փաստաթուղթը ստորագրվեց Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների մակարդակով, ուստի քաղաքական էլիտան պետք է հայտարարություն անի, կամ ՊՆ-ն։
Ես Ռուսաստանի շահն եմ տեսնում այս գործընթացում, թող հայտարարեն, մեզ բացատրեն, թե որն է սրանում հայկական շահը, քանի որ մեր իշխանությունները պնդում էին, որ սա կապահովի հայ ժողովրդի անվտանգությունը, թող բացեն փակագծերը՝ անվտանգություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեն։ Մեզ ումի՞ց պաշտպանեն՝ Վրաստանի՞ց, Իրանի՞ց, Թուրքիայի՞ց։ Այսօր ես Թուրքիայից վտանգներ չեմ տեսնում, Իրանից, Վրաստանից՝ ևս, Թուրքիան այնքան խնդիրներ ունի, դրանցով է զբաղված, մենք ունենք սպառնալիք միայն Ադրբեջանից, եթե այս զորախումբը մեզ չի պաշտպանում այդ սպառնալիքից, ապա ինչո՞ւ է ստեղծվում։
Մեր քաղաքական վերնախավը պետք է արձագանքի, քանի որ մենք նման հայտարարություն ենք լսում բավականին լուրջ պաշտոնյայի կողմից։ Դա շատ վտանգավոր է Հայաստանի համար, մեզ սրանով ներքաշում են ՆԱՏՕ-Ռուսաստան հակադրության մեջ, մենք ինչո՞ւ պետք է դառնանք այդ գործընթացի մասը, մենք ի՞նչ կապ ունենք։ Չեմ բացառում նաև, որ Ռուսաստանը վաղը ցանկանա այդ զորամիավորումներն օգտագործել այլ ուղղություններով՝ Մերձավոր Արևելքի, և այլն, մեզ դա բոլորովին անհրաժեշտ չէ։ Ես համարում եմ, որ այս հայտարարությանը պետք է արձագանքի առաջին հերթին՝ քաղաքական էլիտան ամենաբարձր մակարդակով՝ նախագահը, իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը, այդ մակարդակի արձագանք պետք է լինի, քանի որ հայտարարությունը հնչել է ՌԴ Պետդումայի տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի կողմից։
– Ըստ Ձեզ՝ ՆԱՏՕ-ն ինչպե՞ս կարող է արձագանքել այս հայտարարությանը և ինչպե՞ս կընկալի Հայաստանի այս դերակատարությունը, եթե ՀՀ-ն չպարզաբանի այս հարցը։ Սա ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա։
– Ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն այս հայտարարությունը չափազանց ցավոտ կընկալի։ Սա լրջագույն խնդիր չէ իրենց համար։ Բնականաբար, ուշադրություն կդարձնեն, բայց չեն արձագանքի, քանի որ դեռ պետք է ստեղծվի զորախումբը, պետք է այն աշխատի, ինչպես կաշխատեն այդ փաստաթղթերը՝ դեռ հայտնի չէ, փաստաթղթերում գրված չէ, որ այս ամենն ուղղված է ՆԱՏՕ-ի դեմ, ՆԱՏՕ-ն կառաջնորդվի պաշտոնական փաստաթղթով։ Չեմ կարծում, որ կարձագանքեն, բայց ուշադիր կհետևեն զարգացումներին։ Դուք գիտեք, որ մենք ՆԱՏՕ-ի հետ արդյունավետորեն աշխատում ենք, իրենք միշտ ասում են, որ ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ չի խոչընդոտում ՆԱՏՕ-ՀՀ հարաբերություններին։ Պետք է լինեն կոնկրետ քայլեր, որպեսզի իրենք դրան արձագանքեն, չեմ կարծում, թե դա արագ լինի։