Հայտնի չէ՝ երբ Ֆրանսիայում կընդունվի Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

Հայտնի չէ, թե երբ Ֆրանսիայում օրենքի ուժ կստանա Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող «Հավասարություն և քաղաքացիություն» անվանումը կրող օրինագիծը, թեև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնավարումը մոտենում է ավարտին։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռ իր ընտրարշավի ժամանակ էր խոստացել  նման օրենք ընդունել, երբ 2012թ. փետրվարին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական էր ճանաչել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների հավանությանն արժանացած նմանատիպ օրենքը՝ խոսքի ազատությանը խոչընդոտելու հիմնավորմամբ։

Նման օրինագիծ ընդունելու երկրորդ փորձը ևս մեկնարկեց հաջողությամբ. Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունեց միայն հոկտեմբերի 14-ին։ Օրինագծին կողմ էին քվեարկել՝ 156, դեմ` 146 պատգամավոր: Իսկ հուլիսի 2-ին օրինագիծը միաձայն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի Ստորին պալատում։  Տեղեկացնենք նաև, որ օրինագծի համաձայն՝  ցեղասպանությունները հերքելու համար սահմանվում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Ֆրանսիայի կողմից ճանաչված բոլոր ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների հերքումն ընկնում է այս օրենքի տակ:

Այնուամենայնիվ, Հայաստանում և Ֆրանսիայի հայկական համայնքում մտահոգություններ կան օրինագծի հաստատման հետ կապված, քանի որ, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս Ֆրանսիայի թուրքական լոբբին պահպանում է օրինագիծը Սահմանադրական խորհրդում վիճարկելու հնարավորությունը։

168.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը տեղեկացրեց, որ դեռ հստակություն չկա օրինագծի վերջնական հաստատման հարցում։ Նրա տեղեկություններով՝ ամբողջական օրինագիծը կրկին պետք է հաստատվի Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից, որից հետո միայն, հավանաբար հունվարին, կլինի Սահմանադրական դատարանում։ Սակայն թե կոնկրետ երբ կկազմակերպվեն լսումները՝ Մուրադ Փափազյանը դեռ չգիտի։ «Նորություն ներկայումս չկա»,- ասաց Փափազյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ օրինագծի ընդունումն այնքան ձգձգվի, որ նախագահական ընտրություններից հետո խափանվի այս օրինագծի ընդունման գործընթացը, Փափազյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել,  պետք է տեսնել, թե ինչ ընթացք կունենա այս օրինագիծը։ Հունվարին ավելի լավ նորություններ կունենանք»։

Նշենք նաև, որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2017թ. ապրիլ ամսին, և մտահոգություններ կան, որ Օլանդի պաշտոնավարման ավարտով կավարտվի այս օրինագծի ընդունման գործընթացը, քանի որ նախագահ Օլանդն իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում սերտ կապեր է ունեցել հայ համայնքի հետ՝ խոստանալով ընդունել նման օրինագիծ։

Տեսանյութեր

Լրահոս