«Կառավարությունը տարեկան 21 մլն դրամ է տրամադրում գայլերի որս կատարելու համար, բայց գյուղական տնտեսությունների վրա գայլերի հարձակումները չեն նվազում»

«2012թ. գայլերի ոչնչացման գործընթացը գնում է, և այն մտավախությունը, որն ունեին մեր խմբի անդամները, երբ ասում էինք՝ գայլերին սպանելով ու գայլերի համար գումար տալով՝ գյուղատնտեսության, ընտանի կենդանիների հետ կապված խնդիրը երբեք չի լուծվի: Ժամանակը ցույց տվեց, որ մենք իրավացի էինք, որովհետև ամեն անգամ մենք ստանում ենք ահազանգեր, որ գյուղական տնտեսությունների վրա գայլերի հարձակումները չեն նվազել, այլ հակառակը՝ ավելի են սաստկանում: 2012թ. սկսած կառավարությունը տարեկան 21 մլն դրամ է տրամադրում գայլերի որս կատարելու համար: Գայլը շատ խելացի կենդանի է, ու նրան որսալը հեշտ բան չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքով՝ կարելի է վնաս չպատճառելով կենդանիներին՝ պայքարել նրանց հարձակումների դեմ.

«Ինձ համար առնվազն տարօրինակ և զարմանալի է, որ մեր կառավարությունն ու Բնապահպանության նախարարությունն ուշադրություն չեն դարձնում միջազգային բնապահպանական մանիֆեստի դրույթներին, որը կարող է մեզ օգնել՝ այս խնդիրը լուծելու հարցում: Այս մանիֆեստին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, չնայած նրան, որ մենք էլ ենք միացել Բեռլինի կոնվենցիային»:

Ֆերմերները, ըստ նրա՝ լավ չեն պաշտպանում իրենց տնտեսությունը:

Կարդացեք նաև

«Գոմերն ամրացված չեն, գյուղացիները գելխեղդ կամ վայրի կենդանիների վրա հարձակվող շներ չունեն: Այս բացթողումներն ունենք ու հուսով ենք՝ նոր կառավարությունն իր ուղղությունը կփոխի»,- ասաց նա:

Նա նշեց, որ վարչապետի և բնապահպանների հանդիպման ժամանակ այս հարցը բարձրացրել է, վարչապետն էլ ասել է, որ խնդիրը նորից ներկայացնեն Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարություններ:

Շատ եվրոպական երկրներում էլ, որտեղ այս կերպ են վարվել, գայլերը վերացել են, ու հիմա մասնավոր կենտրոններ ունեն, որտեղ բազմացնում են գայլերին ու բաց թողնում դեպի վայրի բնություն:

Բնապահպան Կարինե Փանոսյանն էլ հավելեց, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս՝ գայլերի սպանդը բերում է նաև մարդկային աղետների. «Այնտեղ, որտեղ վերացրել են գայլերին, խոտակեր կենդանիները կարողացել են այնպիսի ավերածություններ հասցնել բնությանը, որ անապատացել են այդ վայրերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս