«Մեր դատարանները պետք է մի օր վերջապես կամք դրսևորեն, ընդունեն իրենց սխալները»

Ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 20 անձ արդեն հատել է պատժի կրման 20 տարվա շեմը, սակայն նրանցից որևէ մեկը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ չի ազատվել։ Գործող օրենսդրության համաձայն՝ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ այս հանգամանքն իր մոտ համոզմունք է ձևավորել, որ դա քաղաքականություն է և ոչ թե՝ օրինաչափություն, այլապես ցմահ ազատազրկման դատապարտված գոնե 1-2 անձ ազատության մեջ կլիներ։

«Խնդիրն այն է, թե ի՞նչ հարց ենք ցանկանում լուծել՝ ուզում ենք անձին պատժե՞լ արարքի համար, ուզում ենք ուղղե՞լ նրան, որպեսզի նա վերադառնա հասարակություն, թե՞ ուզում ենք, որ նա մինչև կյանքի վերջ մնա այդ չորս պատերի մեջ։ Տարբերակները շատ կարող են լինել, բայց իմ կարծիքով՝ թիվ մեկ խնդիրը պետք է լինի նման հանցագործությունների կանխարգելումը և այդ անձանց ուղղելը՝ հասարակություն վերադարձնելու համար։

Մենք պետք է ոչ թե սպասենք, որ արարքը կատարվի, և պատժենք անձին, այլ՝ այնպիսի հասարակություն ձևավորենք, այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ նման արարքներ ընդհանրապես տեղի չունենան»,- ասաց Ռոբերտ Ռևազյանը՝ նշելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը խնդիր է ոչ միայն ցմահ ազատազրկման, այլև ընդհանրապես ազատազրկման դատապարտված անձանց դեպքում. այդ ինստիտուտը Հայաստանում չի գործում. «Անկախ կոչեցյալ հանձնաժողովը, որն իբր կոչված է անկախ լինելու, որպեսզի քննարկի այդ հարցերը, վաղուց սպառել է իրեն»։

«Այն, որ որևէ մեկը չի ազատվում, արդեն կարող է փաստել, որ մեզ մոտ այդ ինստիտուտը չկա, գոյություն չունի, զուտ թղթի վրա գոյություն ունենալը բավարար չէ փաստելու համար, որ մենք ունենք այդ համակարգը։

Պետք է ոչ թե մարդկանց այնտեղ փտեցնենք, այլ կանխարգելենք, ուղղենք մարդկանց։ Վերջնական նպատակը պետք է լինի որքան հնարավոր է՝ նման դեպքերի բացառումը։ Եթե դիտարկենք ընդհանուր իրավիճակը, ես չեմ կարծում՝ որևէ մեկը քրեակատարողական հիմնարկ ընկնելուց հետո ուղղվում է։

Հակառակը՝ նրանք սերտաճում են քրեական օրենքների հետ, հանդիսանում են այդ գաղափարը կրողը, և այլևս խոսք չի կարող լինել ուղղման մասին։ Ընդհանրապես, բանտ ուղարկելը պետք է ծայրահեղ միջոց լինի»,- ասաց Ռոբերտ Ռևազյանը։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց շրջանում կան խնդրահարույց գործեր. լուրջ խնդիր է նաև այն հանգամանքը, որ գործերի վերաբացման հնարավորություն փաստացի չի ընձեռվում։

Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ դատապարտյալին ուղղելու գործով պետք է զբաղվի քրեակատարողական հիմնարկը, բայց որպեսզի այն կատարի իր գործառույթները, դրան պետք է բավական մեծ հնարավորություններ տրվեն։

«Որևէ աշխատատեղ չկա անձի ուղղման համար։ Շատ քիչ են ուսուցողական, սոցիալական ծրագրերը։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները պետք է ինչ-որ գործիքներ ունենան, որպեսզի կարողանան կազմակերպել ուղղման գործընթացը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ, ի տարբերություն Հայաստանի՝ շատ երկրներում կա փորձը, երբ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պայմանական վաղաժամկետ ազատվել են.

«Ավելին. գործերի վերանայումների հսկայական ծավալ կա, երբ քրեական գործերը վերաբացվել են նոր երևան եկած հանգամանքով։ Նույն ԱՄՆ-ում այդ թիվը հարյուրների է հասնում, որտեղ վերաբացվում են երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց գործեր։ Մեծ Բրիտանիայում նման մեծ փորձ կա։

Այն, որ մեր պարագայում ընդհնարապես չկա վերաբացված գործ, խոսում է այն մասին, որ մեր դատական համակարգն էլ կատարյալ չէ։ Սխալներն ընդունելն ամոթ չէ։ Այնպես չէ, որ Հայաստանի դատարաններն անսխալական են։ Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մոտավորապես կեսը 90-ականն թթ. են դատապարտվել նման ծանր պատժի՝ այն դեպքում, երբ դատական համակարգը Հայաստանում նոր-նոր էր ձևավորվում, դատական սխալների թիվն էլ էր շատ մեծ, իսկ վերաբացման առումով մենք ընդհանրապես նախադեպ չունենք ցմահների դեպքում, թեև պետք է ասեմ՝ ընդհանրապես նոր երևան եկած հանգամանքի հիմքով շատ դժվար է հասնել գործի վերաբացմանը՝ ոչ միայն ցմահների դեպքում։ Դա ևս դատական համակարգի խնդիր եմ համարում։ Մեր դատարանները պետք է մի օր վերջապես կամք դրսևորեն, ընդունեն իրենց սխալները»։

Տեսանյութեր

Լրահոս