Ինչպե՞ս կարող են դիվանագետները խթանել ներդրումները
Մեր զրուցակիցն է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը
– Պարոն Հարությունյան, ԵՏՄ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո այս տարվա մարտին նշանակվեցիք ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ և համակարգում եք տնտեսական հարցերը: Ինչպե՞ս ստացվեց դա, չէ՞ որ այս հաստիքը մինչ այդ չկար, և ասում են, որ հատուկ Ձեզ համար են այն ստեղծել:
– Դժվար թե համաձայնեմ ձեզ հետ, քանի որ տվյալ խնդիրները քննարկվում էին վաղուց, ես նկատի ունեմ` տնտեսական դիվանագիտության ակտիվացման խնդիրը մեր դեսպանատների կողմից իրականացվող աշխատանքների մեջ տնտեսական բաղադրիչի ակտիվացման առումով: Կարելի է ասել, որ վաղուց հասունացած խնդիր էր սա: Եվ ես կարծում եմ, որ դա պետք էր ավելի շուտ անել:
– Դիվանագետների աշխատանքը որքանո՞վ է էական ներդրումներ ներգրավելու համար, եթե երկրում դատական համակարգն է թերի, կոռուպցիան, ստվերը և հովանավորչությունը մեծ տեղ ունեն:
– Պետք է խոսել արժեշղթայի բոլոր հատվածների մասին: Մեր` Արտաքին գործերի նախարարության, հիմնական խնդիրն է՝ հասկանալ, թե ինչ պետք է անեն դիվանագետները` առավել համապատասխանելու այն խնդիրներին, որ մենք ունենք, մասնավորապես` արտահանման զարգացման, ներդրումների ներգրավման, երկրի վարկանիշի բարձրացման առումով, և այլն: Մեր համար հստակ է, որ դեսպանատները, դիվանագետներն ունեն անելիքներ:
Դա չի նշանակում, որ մենք երկրի ներսում անելիքներ չունենք, կամ երկրի ներսում անելիքներն ավելի չեն հեշտացնելու դիվանագետների աշխատանքը: Այդ ամենը փոխկապակցված է: Բայց նստել և սպասել փոփոխություններին, բարեփոխումներին և այլն, հետո նոր աշխատել, ես կարծում եմ՝ սխալ մոտեցում է:
Դիվանագետներն աշխատում էին և պետք է աշխատեն նաև տնտեսական մասով: Այդպես չէր, որ մենք չունենք հաջողված փորձեր, բայց միևնույն ժամանակ՝ պետք է մշակված լինի շատ հստակ համակարգ, որտեղ դիվանագետները նույնպես կիմանան, թե որն է իրենց պատասխանատվության հարցը, ինչպես դա պետք է իրենք անեն, ինչ խնդիրներ կան, ինչ ակնկալիքներ մայրաքաղաքն ունի իրենց նկատմամբ, և ամեն ինչը ոնց է շաղկապված իրար հետ:
Ուստի, մեր նպատակը, կոնկրետ իմ նպատակը` փորձել այդ համակարգը ներկայացնել, թե ինչպես ենք մենք պատկերացնում, ոնց պետք է դա աշխատի: Այսինքն` այս արժեշղթայի մեջ բոլորն ունեն իրենց անելիքները` և՛ կառավարությունը, և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ լրագրողները: Թե որքանով այդ ամենն իրար հետ կաշխատի և կզուգակցվի, այդքան էլ արդյունավետ կլինի մեր աշխատանքը:
– ՀՀ կառավարությունն օտարերկրյա ներդրողներին ներկայացնում է, որ Հայաստանը լավ հարթակ է ԵՏՄ շուկա մուտք գործելու համար: Բայց ինչո՞ւ պետք է արտերկրյա ներդրողը Հայաստանի միջոցով մուտք գործի այդ շուկա, եթե կարող է անմիջապես Ռուսաստանում ներդրում անել և լոգիստիկ խնդիրներից խուսափել:
– Նախ` ես չեմ ասում, որ այդպես կլինի, բայց եթե դու կարողանաս ապահովել ավելի բարենպաստ պայմաններ, քան ԵՏՄ-ում քո գործընկերներն են ապահովում, ինչո՞ւ ոչ: Երկրորդն աշխատուժի հարցն է, որ, եթե դու կարողանաս ներդրողին տրամադրել որակյալ աշխատուժ, միանշանակ, իրեն ավելի հետաքրքիր կլինի այստեղ գործ ունենալ, քան այնտեղ: Որոշ ոլորտներում այդպես էլ կա:
Օրինակ` IT ոլորտում կգան Հայաստան, որովհետև դու արդեն կարողացել ես քեզ ցույց տալ՝ որպես IT ոլորտի լուրջ մասնագետներ և հնարավորություններ ունեցող երկիր: Ներդրողն ինչո՞ւ գնա Մոսկվայում նստի ու IT հայ մասնագետներին աշխատացնի, եթե կարելի է գալ Հայաստան: Խնդիրը դրանում է` ինչպես շահագրգռել ներդրողին, ինչպես ներկայացնել մեր հնարավորությունները: