Լավատեսությունը երկարացնում է կանանց կյանքը. գիտնականներ

Կանայք, ովքեր լավատեսությամբ են նայում կյանքին, միջին հաշվով ավելի երկար են ապրում եւ հազվադեպ են մահանում քաղցկեղից, սրտի հիվանդություններից, ուղեղի կաթվածներից կամ թոքերի բորբոքումից, քան թույլ սեռի այն ներկայացուցիչները, որոնք դեպրեսիայի մեջ են հայտնվում: Այս մասին Հարվարդի համալսարանի գիտնականները հայտարարել են American Journal of Epidemiology. հանդեսում հրապարակված հոդվածում:

«Այսօր մեր ջանքերը հիմնականում կենտրոնացված են այս կամ այն հիվանդությունը ձեռք բերելու ռիսկերի կրճատմանը բառիս ֆիզիկական իմաստով, բայց դրա հետ մեկտեղ, ինչպես ցույց են տալիս մեր եւ մյուս ուսումնասիրությունները, հոգեբանական կայունության բարձրացումը նույնպես կարող է ազդել այդ ամենի վրա: Մենք ցույց ենք տվել, որ հարկավոր է մարդկանց մոտ բարձրացնել լավատեսությունը, քանի որ դա նրանց ստիպում է ավելի առողջ կենսաձեւ վարել»,- հայտարարել է Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) աշխատակից Էրիկ Քիմը:

Քիմը եւ նրա գործընկերներն այս եզրակացությանն են եկել, ուսումնասիրելով այն տվյալները, որոնք սոցիալական եւ առողջապահական ծառայությունների կողմից հավաքվել են բուժքույրերի (NHS) շրջանում առողջության մոնիթորինգի նախագծի շրջանակներում, որն իրականացվել է 2004-ից մինչեւ 2012 թվականը:

Ընդհանուր առմամբ գիտնականներին հաջողվել Է տվյալներ ստանալ միջին տարիքի եւ տարեց 70 հազարից ավելի ամերիկացիների ու ամերիկուհիների սննդակարգի ու առողջության վերաբերյալ, որոնցից մոտավորապես 30 հազարը մահացել են  մոնիթորինգային այս նախագծի իրականացման ընթացքում: Բացի այս բուժքույրերի եւ բուժեղբայրների հիվանդությունների ու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներից, գիտնականները նաեւ տեղեկություններ են հավաքել նրանց ինքնազգացողության եւ հոգեբանական վիճակի մասին:

Հոդվածի հեղինակներն օգտվել են դրանից եւ բուժքույրերի  մահանալու կամ հիվանդանալու հաճախականությունը համադրել են այն բանի հետ, թե որքան լավ են նրանք իրենց զգացել եւ արդյոք  լավատեսներ են իրենց համարել: Այդ համեմատությունը հանգեցրել է անսպասելի եւ լավ նկատելի արդյունքների:

Մասնավորապես, պարզվել է, որ ամենից ավելի լավատեսորեն տրամադրված կանայք միջին հաշվով 30 տոկոսով ավելի քիչ են մահացել, քան նրանց այն հասակակիցներն ու գործընկերները, որոնք ավելի հաճախ էին գտնվում ճնշված տրամադրության մեջ: Բացի դրանից, նրանց մոտ քաղցկեղը սովորականից 16 տոկոսով, սրտի հիվանդությունները՝ 38 տոկոսով, ուղեղի կաթվածը՝ 39 տոկոսով, թոքերի հիվանդությունները եւ պարզապես վարակները 38 տոկոսով եւ 52 տոկոսով ավելի քիչ են հայտնվել:

Ինչպես նշում են գիտնականները, լավատեսական տրամադրության նմանօրինակ «պլյուսները» կապված են այն բանի հետ, որ այն մարդիկ, ովքեր իրենց լավ են զգում, ավելի քիչ են հակված վնասակար սովորությունների ձեռքբերմանը եւ անառողջ կենսակերպ վարելուն, քան դեպրեսիվ վիճակում գտնվող մարդիկ: Դա, ինչպես կարծում են հոդվածի հեղինակները, ԱՄՆ-ի առողջապահության մարմիններին պետք է դրդի քարոզել ոչ միայն առողջ կենսակերպ եւ նվազագույնի հասցնել հիվանդությունների ռիսկերը, այլեւ օգնել մարդկանց իրենց կյանքում պահպանելու դրականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս