«Նախկին գյուղնախարարն ու նրա թիմը փորձում են «իրենց շապիկը փրկել». խեղճ գյուղացիներն էլ ձմռանը սառչում, սովամահ են լինում»

Թեև դեկտեմբերի 7-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել և տեղեկացնում էր, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է, սակայն դեկտեմբերի 8-ին հերթական անգամ Քաղցրաշեն գյուղի խաղողագործները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և պահանջում էին իրենց մթերած խաղողի գումարը:

Գյուղնախարարության մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված էր, որ նախորդ երկու ամիսների ընթացքում կատարված մարումների արդյունքում սեպտեմբեր ամսին առկա 820 մլն ընդհանուր պարտքը նվազել է` հասնելով 145.2 մլն դրամի: Ասվում էր նաև, որ ս.թ դեկտեմբերի 7-ի դրությամբ գյուղացիական տնտեսություններին պարտքեր ունեն  թվով 9 ընկերություններ:

Կոնկրետ քաղցրաշենցիների բողոքի ակցիայի վերաբերյալ Hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երկրորդ տարին է՝ գյուղացիներին խաբում են։ Վարչապետ, նախարար, մարզպետ, գործարանի տեր, բոլորը խաբում են։ Այդ գյուղացիները թաղվել են պարտքերի մեջ, թաղվել են նախկին ու ներկա վարչապետների, նախկին ու ներկա գյուղնախարարների սուտ խոստումների պատճառով։ Նրանցից մի մասի երեխաները, հնարավոր է՝ սահմանում են։ Սահմանում են, որպեսզի այս իշխանավորները հանգիստ զբաղվեն իրենց բիզնեսներով։ Լավ, էսքան միջոցներ եք կուտակել, էսքան թալանել եք, չե՞ք ուզում գոնե այս մարդկանց փողերը տաք, նրանք ողորմություն չեն խնդրում, նրանք իրենց մթերած խաղաղի փողն են ուզում։

Ձեր էդ «մեծ-մեծ» գաղափարները, որ ամեն օր շաղ եք տալիս, քանի՞ կոպեկ արժե, եթե էս փոքրիկ հարցը չեք ուզում լուծել։ Գնացեք նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից վերցրեք էդ փողերը, նա Երևանի կենտրոնում վերանորոգված հսկա մի բնակարան է գնել ու հիմա քանդում է՝ նորից վերանորոգելու համար։ Չի փոխվի ոչինչ երկրում, մինչև հստակ չորոշվի, որ պետությունից գողացածը վերադարձվում է։ Եվ արտաքին պարտքն էլ հնարավոր է փակել միայն այդ ճանապարհով»։

Ո՞րն է պատճառը, որ ՀՀ գյուղնախարարությունը շարունակ պնդում է, թե մթերող ընկերությունները պարտքերը մարում են, սակայն գյուղացիների դժգոհությունները չեն դադարում: Գյուղնախարարության տարածած թվե՞րն են սխալ, թե՞ ուղղակի գյուղացիների, այս դեպքում՝ քաղցրաշենցիների բախտը չի բերում, ու նրանց երբեք բաժին չի հասնում այն գումարներից, որոնք, ըստ Գյուղնախարարության՝ տրվում են մթերող ընկերությունների կողմից:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ թվերի հակասությունը պայմանավորված է նրանով, որ նախկին գյուղնախարարն ու նրա թիմը փորձում են «իրենց շապիկը փրկել»:

hrach-berberyan1

«Արդեն երկու-երեք տարի է՝ մենք ասում ենք, որ գյուղացին գումարը չի ստացել: Ով զբաղվում է այդ հարցով, նա էլ աղավաղում է իրականությունը: Գյուղնախարարը հո մենակ չի՞ եղել: Եթե հիշում եք՝ հոկտեմբեր ամսին Արմավիրից մի գյուղացի հանրապետության նախագահին բողոքում էր, որ գումար չի ստացել, իսկ Գյուղնախարարությունն ասում էր, թե ստացել է: Հետո պարզվեց, որ գյուղացին իրոք այդ գումարը չի ստացել. 900 հազար դրամի մասին էր կարծեմ խոսքը: Չի կարելի դեմագոգությամբ և ստախոսությամբ պետություն կառուցել, հատկապես, որ տեղյակ չեն դրանից կամ տեղյակ են, ստում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր հարցին՝ այսինքն՝ նոր նախարարն ու իր թիմն էլ շարունակո՞ւմ են նրանց գործունեությունը, եթե նրանք են այդ թվերը հնչեցնում, նա այսպես պատասխանեց. «Կաշիները փրկելու խնդիր կա, ու ամեն ինչ կանեն դրա համար»:

Հրաչ Բերբերյանը կարծում է, որ խնդիրը պետք է լուծեն գործարանները. «Մենք դրա հետ կապված ահազանգել ենք կառավարությանը, որ այստեղ գերշահույթի հարց կա, և պետք են օրենսդրական բարեփոխումներ, որ այս խնդիրները չլինեն, որ գործարանատերը չկարողանա խաբի խաղող արտադրողին կամ շանտաժ անի՝ ասելով՝ չեմ ընդունում, կամ դիմացը կոնյակ կտամ»:

«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանի կարծիքով` ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը Գյուղնախարարությունն է, որը, ըստ նրա՝ լավ չի աշխատում այդ ուղղությամբ. «Գյուղնախարարը պետք է հանդիպի նրանց, ովքեր գյուղացիներից խաղող են վերցրել, բայց գումարները դեռ չեն տվել, և տարբեր միջոցներով նրանց վրա ազդեն, որպեսզի գումարները վերադարձնեն: Գյուղացիներն ասում են, որ իրենց ոչ ոք «տիրություն» չի անում, ոչ ոք և ոչ մի հարցով չի օգնում: Դրա համար էլ արտագաղթում են. բա ի՞նչ անեն»:

Sargis Sedrakyan

Նա նկատեց՝ սեփականաշնորհումից գյուղացուն բաժին հասած խաղողի այգին նրա ապրուստի հիմնական միջոցն է. «Նախկին գյուղնախարարն ասում էր՝ թող քանդեն խաղողի այգիները, բայց գյուղացին քանդի ու ապրուստի միջոցից զրկվի՞: Ո՞վ է պահելու իրեն: Արտասահմանում ասում են՝ դու այսքան անասուն մի պահի, այսքան պահի, ես քեզ դրա դիմաց դոտացիա կտամ, բայց մեր երկրում չկա նման բան: Գյուղացին որ վերջին հնարավորությունից էլ զրկվեց, ո՞վ է պահելու նրա ընտանիքին: Իրենց համար տաքուկ անկյուններում ապրում են, լավ մեքենաներով պտտվում են, իսկ խեղճ գյուղացիներն էլ ձմռանը սառչում, սովամահ են լինում»:

Ստեղծված իրավիճակում տուժում է միայն ու միայն գյուղացին, իսկ ՀՀ Գյուղնախարարությունը շարունակում է հաղորդագրություններ տարածել. «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է վերամշակող ձեռնարկություններին առավելագույնը մինչև տարեվերջ ամբողջությամբ կատարել գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները»:

Տեսանյութեր

Լրահոս