Արմեն Ամիրյանի որոշումը կուղարկվի՞ դատարան
Մշակույթի նախարարությունում մոլեգնում է «դաշնակցական տերտերը»… Աշխատանքից ազատումների, կրճատումների, օպտիմալացումների մեկնարկը տրված է, սրան ի պատասխան՝ դատական կարգով հարցերի վերանայման սպառնալիքները առկա են, աշխատակազմի ղեկավարն էլ, ինչպես «законом подлости», հենց այս նեղ պահին որոշել է հիվանդանալ:
Այսպիսով, պաշտոնավարման արդեն երկրորդ ամսից սկսած նախարար Ամիրյանը մեկնարկում է մթնոլորտի առողջացման ծանր ընթացակարգը, որը, ըստ վերջինիս կանխատեսումների, շատ մոտ ապագայում կուղեկցվի «վիրավորանքի արտահայտման հոդվածներով, հրապարակումներով, հարցազրույցներով»:
Նախարարը նկատում է. «Մենք փորձում ենք առողջացնել մթնոլորտը, որի ընթացքում, բնականաբար, կլինեն ցավոտ կետեր, և մենք սեղմելու ենք այդ ցավոտ կետերին, որպեսզի կարողանանք լուծումները ճիշտ գտնել: Ես վստահ եմ, որ այդ մեկ-երկու բողոքները կամ մամուլի ասուլիսները շատ ժամանակավոր են լինելու, և մենք մասնագիտական կարծիքով կարող ենք պատասխանել ցանկացած նման ելույթի»:
Ա. Ամիրյանի այս հայտարարությանն անմիջապես հաջորդում է Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառումը, որն ահազանգում է՝ ՀՀ մշակույթի նախարարության բոլոր վարչություններում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ, նաև՝ կրճատումներ։
Նույն օրը նախարարությունում հերթական խորհրդակցության ընթացքում Արմեն Ամիրյանը փոխանցում է նաև, որ անհրաժեշտ է աուդիտ ծրագրել նախարարության բոլոր ՊՈԱԿ-ներում, իսկ առավել խոշորներում՝ միջազգային աուդիտ՝ նրանց իսկ արտաբյուջետային միջոցների հաշվին: Նույն խորհրդակցության ընթացքում նախարարը հայտարարում է նաև այն մասին, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված խախտումների հիմքով արդեն իսկ աշխատանքից ազատել է վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին:
Եվ ահա այստեղ է, որ մարգարեական ճշգրտությամբ իրականություն են դառնում ցավոտ կետերի, դրանց վրա սեղմելու ու վիրավորանքի արտահայտման մի երկու հոդվածների վերաբերյալ նախարարի կանխատեսումները: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նախարարի որոշումից հետո փաստաբան Աշոտ Գևորգյանի ուղեկցությամբ այցելում է Մշակույթի նախարարություն՝ անձամբ ստանալու հեռացման հրամանը, որը, սակայն, ինչպես տեղում է պարզվում, դեռևս գոյություն չունի, որովհետև նախարարը նման հրաման դեռևս չի ստորագրել:
Նույն աղբյուրի վկայությամբ՝ վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը պարզաբանումներ մտցնելով նախարարության կողմից իր ղեկավարած ՊՈԱԿ-ում նոյեմբերի 9-30-ը ներքին աուդիտն իրականացնելու, ինչպես նաև իրեն աշխատանքից հեռացման փաստի առնչությամբ, վկայակոչում է նախարարության կողմից թույլ տրված մի շարք խախտումներ՝ պահանջելով աուդիտի արձանագրած խախտումների վերաբերյալ արձանագրության նախագիծը ներկայացնել տվյալ կազմակերպությանը, որտեղ ստուգումներ են իրականացվել, որն էլ իր հերթին՝ իրավունք ունի 5-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները, առաջարկություններն ու դիտողությունները:
Վերջնական արձանագրությունը, որ, ըստ փաստաբան Աշոտ Գևորգյանի, կազմվում է միայն համատեղ քննարկումից հետո, կարող է վիճարկվել նաև դատական կարգով, ինչն ամենայն հավանականությամբ տեղի կունենա, որովհետև, ըստ փաստաբանի, նախարարի բանավոր հրամանում առկա է անօրինական գործողություն:
Մինչ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը սպասում է ազատման գրավոր հրամանին՝ դատական կարգով այն վիճարկելու համար, իսկ Մշակույթի նախարարությունը հայտարարում է աուդիտի արդյունքները իրավապահներին ուղարկելու մտադրությունների մասին, մամուլի էջերում է հայտնվում Մշակույթի նախարարությունում այս օրերին տիրող ծանր մթնոլորտի մասին գուժող նախարար Ամիրյանի կանխատեսումներով վիրավորանքի արտահայտման հոդվածների շարքից հաջորդ հրապարակումը:
Պարզվում է՝ նախատեսվող խոշորամասշտաբ կրճատումների հեռանկարով «պլանի» տակ են հայտնվել անգամ գերատեսչության քաղծառայողները: Նրանք կա՛մ կաշխատեն ավելի ցածր կարգավիճակով, կա՛մ հրաժեշտ կտան գերատեսչությունում իրենց սիրելի աշխատանքին, գերնպատակը նախարար Ամիրյանի՝ լավագույն ընտրություն կատարելու որոշումն է:
Արձանագրենք, որ «պլանի» տակ հայտնվելու հեռանկարը նախարարության աշխատակիցների համար գուցեև ամենահաճելի կարգավիճակը չէր կարող լինել. այնուամենայնիվ, մենք կանդրադառնանք ապագայում կանխատեսվելիք դատական պրոցեսներին, որով կվիճարկվի նախարար Ամիրյանի դեռևս բանավոր, բայց գրավոր հրամանին սպասող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի ապագա հայցը: