«Կարող ենք ակնկալել չնչին առաջընթաց, եթե կայանա համբուրգյան 3+2 ձևաչափով հանդիպումը». գերմանացի վերլուծաբան

«Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով դեկտեմբերի 8-9-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում նախատեսվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ հայկական կողմը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կազմակերպվող հանդիպումներից։ Ըստ նրա, չի բացառվում նման հանդիպում, սակայն այն դեռ հաստատված չէ։

Նա շեշտել էր, որ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները հակասություններ են պարունակում, նրանք պնդում են, թե ցանկանում են հանդիպել, սակայն առանձնացնում են կարգավորման միայն մեկ սկզբունքը և չեն համաձայնում կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Իր հերթին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել էր, թե ադրբեջանական կողմը համաձայն է 3+2 ձևաչափով հանդիպմանը։

Ուվե Հալբախն ասաց, որ հանդիպման շուրջ կողմերի հայտարարությունները թույլ են տալիս պնդել, որ կողմերը հանդիպելու իմաստ չեն տեսնում, քանի որ հետագա բանակցությունների վերաբերյալ նրանց պատկերացումները բոլորովին տարբեր են։ «Եթե չեմ սխալվում, կար ժամանակահատված, երբ կողմերը երկար բանակցում էին նախագահական հանդիպումների անցկացման շուրջ, այդ հանդիպումները չէին կայանում, հետաձգվում էին, բայց այսօր, փաստորեն, իրավիճակն այնպիսին է, որ նախարարների հանդիպումներն են քննարկվում ամիսներ շարունակ։ Սա աննախադեպ իրավիճակ է, ապրիլյան պատերազմից հետո միջնորդները նման իրավիճակ չպետք է թույլ տային, քանի որ ապրիլը ցույց տվեց, թե Ղարաբաղյան պատերազմը որքան դաժան կարող է լինել»,- նշեց գերմանացի վերլուծաբանը։

Վերջինիս խոսքով, բանակցային ճգնաժամի պայմաններում, բնականաբար, հնարավոր չէ բացառել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը կործանարար հետևանքների կարող է հանգեցնել։

Հարցին, թե այս պայմաններում, եթե նույնիսկ կայանա համբուրգյան հանդիպումը, ի՞նչ կարելի է ակնկալել դրանից, Ուվե Հալբախը պատասխանեց. «Դժվար է ասել։ Հաշվի առնելով այն փաստը, որ հայկական կողմը պահանջում է Ադրբեջանից  կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները, այլապես անիմաստ են բանակցությունները, հանդիպումը կկայանա, եթե ադրբեջանական կողմը երաշխիք տա, որ այս առնչությամբ առաջընթաց կլինի։ Ուստի, եթե կայանա հանդիպում, գուցե կարող ենք շատ փոքր առաջընթաց ակնկալել այս ուղղությամբ։

Սակայն այս օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի հայտարարություններում խոսել է ուժի դիրքերից, հողերը վերադարձնելուց, այս պայմաններում, եթե նույնիսկ շփման գծում կայունության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ առաջընթաց լինի, այն, ըստ իս, չնչին կլինի»։

Ըստ նրա՝ հետաքննական մեխանիզմների ներդրման հարցն ավելի բարդ գործընթաց է, որի ֆինանսավորման հետ կապված համաձայնեցումները որոշակի ժամանակ կպահանջեն, ինչը որոշակի բարդություններ կառաջացնի կողմերի համար՝ այս հարցի շուրջ համաձայնության գալու տեսանկյունից։ «Կարծում եմ՝ չնչին առաջընթաց ասելով՝ կարելի է չբացառել Կասպրչիկի առաքելության ընդլայնումը»,- ասաց Հալբախը։

Տեսանյութեր

Լրահոս