Հրանուշ Հակոբյանը հակադարձում է Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի և այլ հայտնի սփյուռքահայերի հայտարարությանը
«Մենք սփյուռքին դիտարկում ենք և՛ որպես ֆինանսական ռեսուրս, և՛ մտավոր ռեսուրս, և՛ մշակութային ռեսուրս, և՛ ընդհանրապես կապեր, կարողություններ, հարաբերություններ, մոտեցումներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` մեկնաբանելով Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի և այլ հայտնի սփյուռքահայերի հայտարարությունը, որ սփյուռքն օգտագործվում է միայն ֆինանսական, շահադիտական նպատակներով:
Նա բերեց բժիշկ Հրայր Հովակիմյանի օրինակը, որ 1992 թվականին Հայաստան գալով՝ ոչինչ չբերեց, բացի իր խելքից, փորձից, իր վիրահատելու տեխնիկայից, և Հայաստանում ստեղծեց սրտի վիրահատության դպրոց ու համակարգ: Հրանուշ Հակոբյանի խոսքով` մամոգրաֆիայի կենտրոնը նույնպես լավ օրինակ է, որտեղ ամեն տարի ստուգման գնալը մշակույթ է դարձել, և այդ գիտելիքն ու փորձը բերվել է սփյուռքից:
«Սփյուռքը հզորագույն պոտենցիալ է, որ պետք է օգտագործել»,- ասաց Հ. Հակոբյանը:
Ըստ նրա` անցնող 8 տարիներին 96 մասնագիտական համաժողովներ են կազմակերպվել, որոնց ժամանակ սփյուռքի մասնագետները հանդիպել են հայաստանյան մասնագետների հետ` միասին քննարկումներ անելու և փորձ փոխանակելու, ծրագրեր անելու համար: Նախարարի խոսքով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքն է աչքի ընկնում, բայց դա էլ Ղարաբաղին օգնելու համար է:
«Ի վերջո, ազատ մարդիկ են, ինչ ուզեն, այդպես էլ կարող են խոսել, մենք չենք կարող նրանց ասել` ինչո՞ւ եք խոսում»,- ասաց Հ.Հակոբյանը` կոչ անելով լրագրողներին՝ հաշվի առնել, որ նախարարության 90 աշխատակիցներն աշխատում են 7 մլն-ի հետ, իսկ մյուս նախարարությունները` 3 մլն-ի:
Հ. Հակոբյանի կարծիքով` բնական է, որ սփյուռքահայերի կարծիքները պետք է տարբեր լինեն, քանի որ նրանք բազմաշերտ են, տարբեր երկրների քաղաքական ու տնտեսական ռեժիմների ազդեցության ներքո են, և մեծ պատմություն դարձնել պետք չէ: