«Հայ լինելը չի նշանակում, որ դու խորոված պիտի ուտես, Մասիս սար նայես, ջանով-ջիգյարով քեֆ անես»

«Հայ լինելը չի նշանակում, որ դու խորոված պիտի ուտես, Մասիս սար նայես, ջանով-ջիգյարով քեֆ անես։ Հայ լինել՝ նշանակում է՝ կարողանալ ներկա լինել և զգալ քո ժողովրդի էությունը։ Ինձ համար ապրիլից մինչև հունիս-հուլիս ամիսներին եղած իրավիճակը չդարձավ սփյուռքահայության հարց, այլ դարձավ էության հարց։ Ի՞նչ ենք մենք դարձել։ Երբ մենք համացանցով տեսնում ենք, որ 50-անց ոստիկանը 65-անց տատիկին վզից բռնած՝ կարծես ոչխար, մտցնում է ոստիկանի մեքենան… մարդու իրավունքներն ամբողջությամբ ոչնչացած են,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կինոռեժիսոր և սցենարիստ, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ Էրիկ Նազարյանը՝ ավելացնելով,- Սփյուռքը բանկոմատ է, երբ մի բան պետք է Հայաստանին… հարկավ, սփյուռքը մեծ դեր է կատարել, մեծ առաջնորդություններ է արել, բայց վերջիվերջո մենք ձայն չունենք այս երկրի մեջ»:

Հարցին, թե ո՞ւմ ձայնն են պաշտպանելու դիտորդները, եթե չկա ուժեղ ընդդիմություն, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը պատասխանեց, որ դա այս պահին երկրորդական հարց է. «Այս պահին Հայաստանում քաղաքացիներից յուրաքանչյուրն իր ձայնն ունի, և նրա իրավունքն է՝ քվեն տալ այն անձին կամ խմբին, ում հավատում է»։

Դերասան Հրանտ Թոխատյանն էլ ասաց, որ խնդիրը ոչ թե այն է, թե ում ձայն տան, այլ, որ տեր լինեն իրենց քվեին։ Դիտարկմանը, որ ինքը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակով Երևանի ավագանու անդամ է, նա արձագանքեց, որ իր առնչությունը ՀՀԿ-ին այնքան է, որքան այստեղ գտնվող յուրաքանչյուրինը:

«Երբ ինձ առաջարկվեց ավագանու անդամ լինել, ես մեծ հաճույքով համաձայնեցի, որովհետև առաջին անգամ փորձեցի լինել մի օղակում, որն ինչ-որ հարցեր է լուծում։ Դարձա ավագանու անդամ և հասկացա, որ համակարգի մեջ որոշակի փոփոխություն հնարավոր չէ անել, քո ձայնը միշտ հանուն բարբառո է, այն տեղ չի հասնում»,- ասաց Հ. Թոխատյանը։

Կինոժեռիսոր Ատոմ Էգոյանն ասաց՝ խնդիրն այն է, որ սփյուռքահայությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը, պետք է կարողանալ կրթել Հայաստանի քաղաքացիներին՝ ճիշտ քվեարկել:

«Հայաստանի քաղաքացիներն իրենք պետք է ցանկություն ունենան կրթվելու և հասկանալու, թե ինչպես պետք է տեր կանգնեն իրենց ձայնին, իսկ մենք՝ աշխարհասփյուռ հյությունը, պետք է անենք ամեն ինչ, օգտագործենք բոլոր ռեսուրսները՝ այդ խնդրում առաջընթացի հասնելու համար։ Այն, ինչ կատարվեց այս տարվա ամռանը, մեզ համար ահազանգ էր։ Այն, ինչ կատարվեց Արսինեի հետ, կատարվում էր Հայաստանում շատ ու շատ քաղաքացիների հետ՝ մարդկանց ապօրինաբար բանտարկում էին, մարդկանց իրավունքները խախտվում էին, և մենք հասկացանք, որ պետք է մեր գործուն մասնակցությունն ունենանք այս խնդիրը լուծելու հարցում»,- ասաց Ատոմ Էգոյանը։

Նա նշեց, որ ուզում են ցույց տալ, որ միասնական են, ցանկանում են գործուն մասնակցություն ունենալ այս ամենին.

«Մենք չենք կարող քվեարկել, մենք դրսում ենք, բայց այն մարդիկ, ովքեր երկքաղաքացիություն ունեն, պետք է կարողանան գալ Հայաստան և քվեարկել։ Մեզ համար սա շատ կարևոր պահ է՝ ցույց տալու մեր հայրենակիցներին, որ միասնական ենք, պատրաստ ենք աջակցել նրանց այս կարևոր խնդրում»։

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն էլ հավելեց, որ խնդիրը կուսակցությունների մեջ չէ, խնդիրն այն չէ, թե ում օգտին են քվեարկում.

«Հարցն այն է, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երկրում երիտասարդությունը պարզապես չարտագաղթի։ Կարևորը սա է»։

Ըստ Ատոմ Էգոյանի՝ ցավալին այն է, որ երիտասարդների շրջանում որոշակի անտարբերություն է նկատվում, նրանք կարծում են, որ իրադրությունը չի փոխվի, բայց իրենց ցանկանում են ցույց տալ, որ նրանց կողքին են, պատրաստ են աջակցել, կրթել, որպեսզի իրադրությունը փոխվի։

Հարցին՝ արդյոք Սերժ Թանկյանը պատրաստվո՞ւմ է առաջիկայում ևս մեկ մոբիլիզացնող համերգով հանդես գալ, որը կարող է կրել «Արդարություն Հայաստանում»  կարգախոսը, Սերժ Թանկյանն ասաց, որ ոչ միայն համերգի, այլև ողջ տարվա ընթացքում ներշնչվել է երիտասարդներից.

«Երբ երիտասարդությունը ճանաչում է իր արժանապատվությունը, մտահոգվում երկրի հարցերով՝ լինի մեծ թե փոքր, ես հարգում եմ, սիրում, պաշտում»։

Նա նշեց, որ ամեն ինչ կարելի է, բայց այս խոսակցությունը համերգի մասին չէ, այլ ժողովրդի կամքի։ Ըստ նրա՝ շատ մարդկանց մեջ կամք կա՝ մարդիկ սպասում են, որ իրենց ազատեն:

«Այս մտածողությունը սխալ է, մենք ենք մեր ղեկավարները, մենք ենք որոշում կայացնողները, ժողովրդի կամքը պետք է հետևի, ոչ սպասեն ղեկավարին, ոչ Սերժ Թանկյանին սպասեն, որ Հայաստանում համերգ անի, որ մարդիկ միավորվեն։ Այդ մտայնությունն ինձ համար մի փոքր վախեցնող է»,- ասաց ռոք երաժիշտը։

Նա նշեց, որ Հայաստանի և սփյուռքի համագործակցության մասին տարբեր անձանցից տարբեր տեսակետներ է լսել, բայց ամենակարևոր հարցը սփյուռքի անջատման հարցը լուծելն է.

«Ինչպե՞ս պիտի անենք, որ սփյուռքի երիտասարդությունն անջատված չզգա Հայաստանից։ Դա սփյուռքի խնդիրն է, իսկ Հայաստանի խնդիրն այն է, թե ինչպես անենք, որ Հայաստանի ղեկավարները, մտավորականները սփյուռքին չնայեն մի աչքով, այսինքն՝ կարող եք այստեղ գալ, փող ծախսել,  բայց մեր կյանքի մասին բան մի ասեք: Ժամանակը եկել է, որ դա վերջանա»,- ասաց Սերժ Թանկյանը:

Տեսանյութեր

Լրահոս