Բաժիններ՝

«Սա այդ ամբողջ կոնցեպցիայի հերն անիծում է. խայտառակ նախագիծ է». Գագիկ Ջհանգիրյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ դեռևս 1995 թվականի Սահմանադրությամբ՝ Դատախազությունից հանվեց միջդատական վարույթի իրականացման կամ նախաքննության իրականացման լիազորությունը, քանի որ ակնհայտ էր, որ նույն մարմինը չէր կարող և՛ նախաքննություն իրականացնել, և՛ այդ նախաքննության նկատմամբ  օբյեկտիվ, անկողմնակալ  հսկողություն իրականացնել։

Գ. Ջհանգիրյանի դիտարկմամբ՝ այս գումարման Ազգային ժողովը երկրորդ քայլը կատարեց՝ նախաքննական մարմինների ծավալի մեծամասնությունն առանձնացվեց՝ որպես քննչական կոմիտե, այնուհետև ստեղծվեց նաև հատուկ  քննչական ծառայությունը։

«Ինչի՞ էր կատարվում այս ամբողջ ընթացքը 1995 թվականից մինչև այսօր, որպեսզի  քննիչը չդառնար կամ չընդգրկվեր ո՛չ մեղադրանքի, ո՛չ պաշտպանական կողմում, որպեսզի քննիչի անկախությունն ապահովված լիներ թե՛ դատախազական մարմիններից, թե՛ օպերատիվ-հետախուզական հսկայական ազդեցություն և լծակներ ունեցող մարմիններից։  Այս խնդիրն ինչ-որ չափով այսօր լուծված է։ Ավելին, նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, որը հիմա  ընդգրկված է մեր մեծ օրակարգում, քննիչին հանել է մեղադրանքի կողմից, քննիչը հանրային  վարույթի մասնակից է։ Այս նախագիծը կարելի է ընդունել, բայց այն, ինչ մենք այսօր անում ենք, քննիչին իրավունք ենք տալիս բողոքարկել դատախազի որոշումը՝  քննիչին սարքելով շահագրգիռ կողմ։ Այսինքն՝ մենք 15-20 տարի մի քաղաքականություն տարել ենք աստիճանաբար, եկել-հասել ենք մի հանգրվանի, որտեղ  պետք է հաջորդ քայլը կատարենք, փորձենք քննիչի ու նախաքննական մարմնի ինքնուրույնությունը, անկախությունն ապահովենք, մենք հիմա այսպես մի թեթև հարվածով մի լուրջ քար ենք գլորում այդ անիվի տակ։ Ինչի՞ համար»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը։

Նա չի կարողանում հասկանալ՝ այս նախագիծն ինչո՞ւ է անհետաձգելի ճանաչվել. «Վստահ եմ, որ կառավարությանը խնդիրն այս կտրվածքով չի ներկայացվել, որ սա ոտնձգություն է, ներկայացվել է, որ քննիչի ինքնուրույնությունը մեծացվում է, բայց՝ ոչ։ Սա այդ ամբողջ կոնցեպցիայի հերն անիծում է։ Սա խայտառակ նախագիծ է»։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանն էլ նշեց, որ այս հարցը քննարկվել է ինչպես՝ քննչական, այնպես էլ՝ Դատախազության մարմինների հետ.

«Նախագիծը բնավ նպատակ չունի նվազեցնել Դատախազության դերը կամ նշանակությունը վարույթի ընթացքում։ Խոսքն ընդամենը քննիչի դատավարական ինքնուրույնության ամրապնդման մասին է, և պետք չէ նաև մոռանալ, որ քննիչի կողմից հսկվող դատավարական որոշումների բողոքարկումն  իր վերջնական եզրահանգումը գտնելու է վերադաս դատախազի կողմից հարցին դրական  կամ բացասական լուծում տալու առումով։ Չենք կարող պնդել, որ այս նախագծով մենք նսեմացնում ենք Դատախազության դերը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս