«Դա ակնհայտ ահազանգ էր, որ իրադրությունը դուրս է եկել թույլատրելիի սահմաններից». Արսինե Խանջյան

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջին հանրային քայլը սեպտեմբերի 21-ին մեկնարկած ստորագրահավաքն էր, որն ուղեկցվում էր հայտարարությամբ ու Հայաստանում անհապաղ փոփոխություններ իրականացնելու պահանջով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը։

Հիմնական խումբը, ըստ նրա՝ ձևավորված է Սփյուռքի և Հայաստանի ճանաչված մշակութային գործիչներից։ Արսինե Խանջյանի խոսքով՝ սեպտեմբերի 21-ից հետո ստորագրահավաքին միացել են հազարավոր հայեր և իրենց զորակցությունն են հայտնել։

«Անշուշտ, մենք՝ խմբի անդամներս, Հայաստանի հետ կապված ենք շատ ամուր թելերով՝ ելնելով մեր մշակութային գործունեությունից, սակայն տարիներ շարունակ մենք նաև առիթ ենք ունեցել հետևել Հայաստանի Հանրապետության կայացմանը, ներքաղաքական և արտաքին գործընթացներին։ Մեզ համար Սփյուռքում Հայաստանի անկախությունը եղել է կարևորագույն հաղթանակ, նվեր, երազանքի իրականացում, որի համար միգուցե մենք՝ որպես անհատներ, այդ պահին չենք կարողացել մեծ ներդրում ունենալ, սակայն միշտ ապրել ենք այս նորածին երկրին սատար լինելու գիտակցությամբ՝ օգնելու, որ ոտքի կանգնի ոչ միայն մշակութային ասպարեզում, այլ նաև՝ որպես անկախ, ինքնիշխան ժողովրդավար պետություն։

Ցավոք, պատկերը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում, Հայաստանի գրանցած տնտեսական ցուցանիշները, այստեղ տիրող քաղաքական անառողջ մթնոլորտը, մարդու իրավունքների ոտնահարումները և արդարադատության բացակայությունը, ի վերջո, արտագաղթը մեծ մտահոգություն են առաջացրել նաև Սփյուռքում։ Մենք թե՛ այնտեղից, թե՛ Հայաստան այցելելով՝ տեսնում ենք, թե ինչպես է քաղաքացիների արդար պահանջն այս կամ այն հարցով խեղդվում, լռեցվում, ինչպիսի ուժ է կիրառվում քաղաքացու դեմ, ինչպես են մոնոպոլիաները խեղդում տնտեսական մրցակցությունը, ինչը, ի վերջո, զրկել է պետությանն ինքնուրույն կայացման ազատությունից»,- ասաց Արսինե Խանջյանը։

Նա նշեց, որ այս տարին հատկապես ծանր էր և մտահոգիչ. ապրիլյան պատերազմի օրերը և երիտասարդ տղաների անմնացորդ սերն ու նվիրումը երկրին, մեզ ստիպեցին վերագնահատել մեր հայացքներն ու քայլերը. այլևս Հայաստանի ներկան և ապագան գնահատվում է այս տղաների կյանքի գնով, նրանց պաշտպանած պետությունը պետք է արժանի լինի այդ անմնացորդ սիրուն։

«Հավանաբար հենց այս նույն վերագնահատման արդյունքում տեղի ունեցան նաև այս ամառվա իրադարձությունները, երբ քաղաքացիների զայրույթը հանգեցրեց զինված գործողությունների մեր երկրում։ Կարծում եմ՝ դա ակնհայտ ահազանգ էր, որ իրադրությունը դուրս է եկել թույլատրելիի սահմաններից և երկրում անհապաղ փոփոխությունների ձեռնարկման կարիք կա։ Անձամբ ինձ համար, իհարկե, Ոստիկանության հետ անմիջական առնչվելու և տիրող ռեպրեսիվ, վախով լի մթնոլորտը տեսնելու փորձառությունը շատ կարևոր էր՝ հասկանալու, որ ժամանակն է գործնական մասնակցություն ունենալ հայաստանյան իրադարձություններին, օգտագործել Սփյուռքում ունեցած մեր ռեսուրսը, կապերը և փորձը՝ կանգնելու համար Հայաստանի ժողովրդի կողքին և բարձրաձայնելու արդարության նրանց պահանջը»։

Արսինե Խանջյանն ասաց, որ սեպտեմբերի 21-ին հրապարակած հայտարարության մեջ  մատնանշել են հստակ խնդիրներ, կոչ են արել Հայաստանի պետական ատյաններին՝ բարեփոխել կարևորագույն օղակները, և հետևողական են կոչին, իսկ որպես հնարավոր գործնական մասնակցություն՝ ձեռնարկել են դիտորդական նախաձեռնություն, որի նպատակն է՝ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստան բերել սփյուռքի մեր հայրենակիցներին և թույլ տալ նրանց մասնակից լինել Հայաստանի քաղաքական գործընթացներին, սեփական ներդրումն ունենալ ավելի ժողովրդավար, օրենքի երկիր կառուցելու գործում։

Նրա խոսքով՝ սփյուռքում մի քանի կազմակերպված խումբ արդեն իսկ աշխատում է այս նախաձեռնության իրականացման ուղղությամբ, ստանում են բազմաթիվ հայտեր ողջ աշխարհի հայերից. նրանց կտրամադրվեն անհրաժեշտ գիտելիքներ՝ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու համար, ինչպես նաև կլինի հստակ ծրագիր, որը կհամակարգի նրանց գործունեությունը։

Նա ենթադրում է, որ կառավարության փոփոխությունը, նոր վարչապետի նշանակումն իշխանության կողմից նշույլ էր, որ ջանք է թափվում Հայաստանում փոփոխության քայլեր առաջացնելու։ Բայց, ըստ նրա՝ առաջարկները, ըստ երևույթին, հստակ քայլերով առաջ չեն գնում։

Նա նշեց, որ օրերս վարչապետը հայտարարեց, որ Սփյուռքն անպայման Հայաստանի կարիքն ունի, բայց ոչ անպայման Հայաստանը՝ Սփյուռքի. «Այդ առնչությամբ կարող եմ ասել, որ, համենայն դեպս, այս պահին շարժումներ կան, թե դրական են բոլորը, հավատանք, հույսով մնանք, որ այդպես կարող է լինել, բայց ընդհանապես զորավոր, խիստ պայմաններ ստեղծված չեն՝ բացի տնտեսական ռեֆորմները»։

Տեսանյութեր

Լրահոս