Աստվածատուր շնորհից բացի ի՞նչ է այսօր հանդիսատեսը փնտրում երաժշտի մեջ
Մեր զրուցակիցն է վիեննաբնակ վիրտուոզ դաշնակարուհի, Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթի հաղթող, հեղինակավոր Լյուցեռնի փառատոնի մասնակից Նարե Արղամանյանը, ում կատարումներն արժանացել են եվրոպական ամենախիստ երաժշտական քննադատների բարձր գնահատականներին:
Դաշնակահարուհին ելույթներ է ունեցել այնպիսի մեծ սրահներում, ինչպիսիք են Բեռլինի ֆիլհարմոնիան և Վիեննայի կոնցերտհաուսը, Նյու Յորքի «Լինքոլն» կենտրոնը, Լոս Անջելեսի «Ամբասադոր աուդիտորիումը», Ցյուրիխի «Տոնհալլեն«, Դորտմունդի «Կոնցերտհաուսը»:
Հոկտեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը Ն. Արղամանյանին շնորհել է Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ:
– Նարե, միջազգային բազմաթիվ հեղինակավոր փառատոների մասնակից եք ու հաղթող: Արդյոք դժվա՞ր չէր փոքրիկ աղջկա համար Վանաձորից՝ Երևան, ապա՝ Վիեննա տեղափոխվել ու փորձել հաստատուն քայլեր անել Ավստրիայում, որը երաժշտական վիթխարի ավանդույթներ ունեցող երկիր է:
– Շատ դժվար էր, իհարկե, բայց փոքր տարիքից լինելով նպատակասլաց՝ հասկանում էի, որ որևէ բանի հասնելը պահանջում է առաջին հերթին՝ զոհաբերություն, և, քանի որ ծնողներս էլ էին շատ բան զոհաբերում իմ պատճառով, ինձ մոտ պատասխանատվության մեծ զգացում կար: Մինչև 10 տարեկան դառնալս շաբաթական 2-3 անգամ մայրիկիս հետ գալիս էի Երևան՝ Ալեքսանդր Գուրգենովի մոտ դասերի, և շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեցել եմ նման անկրկնելի և հոգատար ուսուցիչ, որն ինձ, բացի դասավանդելուց, նաև ուղղորդել է և հոգեպես պատրաստել մի շարք մրցույթների, ինչը մեծ դեր է խաղացել իմ կյանքում:
Արդեն 15 տարեկանում, երբ ավարտեցի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտացված դպրոցը, շատ հայտնի երաժիշտներ խորհուրդ տվեցին ընտրել Վիեննան՝ որպես ուսման հաջորդ հանգրվան, և քննության ժամանակ 120 մասնակիցներից ամենափոքրը լինելով՝ կարողացա ամենաբարձր նիշերով ընդունվել Վիեննայի Երաժշտության և արվեստների համալսարան:
– Բազմաթիվ երաժշտական մրցույթների եք մասնակցել: Ամենանշանակալից հաղթանակը ո՞րն էր:
– Ամենանշանակալիցը Մոնրեալի մրցույթն էր (2008թ.), որտեղ ոչ միայն հաղթեցի, այլև ստացա բոլոր հատուկ մրցանակները՝ «Կանացի կոմոզիտորի լավագույն կատարում», «Հանդիսատեսի համակրանք», «Գրան պրի», ինչպես նաև՝ վերջերս Գերմանիայի և Ավստրիայի տարբեր փառատոներում մի քանի անվանի մրցանակներ ստացա՝ W.A.Mozart Prize, Գերմանական դաշնամուրային մրցանակ, F.Liszt Prize, G.Cziffra prize, A.Michelangeli Prize, և այլն:
– Ինչպե՞ս եք կարողանում մրցակցությանը դիմանալ, քանի որ երաժշտական աշխարհում բավական խիստ կանոններ են գործում՝ անհրաժեշտ է լինել լավագույնը:
– Ճիշտ է, մրցակցությունը մեծ է, բայց կարևորը միշտ առաջ նայելը, երբեք չընկրկելն ու համոզմունքներին անդավաճան մնալն է: Այսօր երաժշտական աշխարհում միայն լավ նվագով շատ դժվար է առաջ գնալը, քանի որ անհատականությունը, խարիզմն և մատուցման ձևը նույնպես կարևոր են հաջողության հասնելու համար: Ժամանակներն անցել են, երբ մարդկանց մոտ ուրիշ տպավորություն կար երաժշտի հանդեպ, երբ խորհրդավոր և ինքնամփոփ երաժիշտները վայելում էին մասսայական համակրանք: Այսօր հանդիսատեսը փնտրում է երաժշտի մեջ բաց, պարզ, պոզիտիվ, շփվող անձնավորություն, որն աստվածատուր շնորհից բացի՝ կարողանում է համատեղել կենցաղայինը և ապրել լիարժեք կյանքով:
– Ինչպե՞ս եք ընտրում համերգային ծրագիրը: Դժվար չէ նկատել, որ նվագում եք տարբեր հեղինակների բարդ ստեղծագործությունները։
– Ծրագրի ընտրությունը կախված է մի քանի կարևոր կետից, որտեղ համատեղվում են ունկնդրի ճաշակը, իմ նախընտրած ստեղծագործությունները և այն գործերը, որոնք, ըստ իս, կարող են հետք թողնել ունկնդրի հոգում: Գերմանական և ռուսական դպրոցների մեծ սիրահար լինելով՝ փորձում եմ դրանք համատեղ. առաջին բաժնում կատարում եմ՝ գերմանացի և ավստրիացի, իսկ երկրորդում՝ ռուս և հայ կոմպոզիտորների գործեր:
– Հայ կոմպոզիտորների գործեր ներառվո՞ւմ են համերգներում:
– Աշխատում եմ, որ յուրաքանչյուր մենահամերգումս զետեղված լինեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Վերջերս բացահայտեցի Գուրջիևին՝ որպես հայ կոմպոզիտոր, որն ունի մի շարք ստեղծագործություններ՝ գրված դաշնամուրի համար, որոնք նույնքան գեղեցիկ են, ինչպես Կոմիտասը, Խաչատրյանը, Բաբաջանյանը: Առաջիկայում պատրաստվում եմ ներկայանալ այդ ծրագրով, թերևս, նաև ձայնագրվեմ:
Անցած տարի մի շարք մենահամերգներից հետո, որպես հերթական բիս, նվագել եմ իմ մշակումները Կոմիտասի, Բաբաջանյանի, Խաչատրյանի թեմաներով: Տեսնելով, թե դրանք ինչպես են ընկալվում հանդիսատեսի կողմից՝ արդեն գրեթե բոլոր համերգներից հետո կատարում եմ մի քանիսը, որոնք շատ մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ են ընդունվում եվրոպացի սառը հանդիսատեսի կողմից և արժանանում նրանց հիացմունքին և բարձր գնահատականին: Անցած շաբաթ Սփյուռքի նախարարության կողմից ինձ շնորհվեց «Կոմիտաս» մեդալ, որը ոգեշնչում և պարտավորեցնում է մեծ բարձունքներ նվաճել և աշխարհին պատվով ներկայանալ՝ որպես հայ:
– Նարե, Ձեզ համար որքանո՞վ են կարևոր ձայնագրությունները՝ հատկապես լավ նվագախմբերի հետ:
– Երաժշտի համար այսօր CD ձայնագրելը նրա այցեքարտն է դարձել, որտեղ ոչ միայն անմիջական կապ կա ունկնդրի հետ, այլև ունկնդիրը ձայնագրության միջոցով կարող է թափանցել երաժշտի ներաշխարհը և լսել նրա հոգու խոսքը: Ես երջանիկ եմ, որ երկու անգամ բախտ եմ ունեցել ձայնագրվել Բեռլինի լավագույն նվագախմբերից մեկի՝ Berlin Radio Symphonic-ի նվագախմբի հետ՝ Բեռլինի Ֆիլհարմոնիայում, և լեգենդար Մյունխենի Կամերային նվագախմբի հետ:
– Ի՞նչ շանսեր ունի հայ հանդիսատեսը՝ ճանաչելու արտերկրում ստեղծագործող երաժիշտներին:
– Հայ հանդիսատեսը մեծ հնարավորություն ունի ճանաչել հայ երաժիշտներին, քանի որ կան բազմաթիվ փառատոներ ու միջոցառումներ, որոնց շրջանակներում հայազգի երաժիշտները կարող են ներկայանալ հայ ունկնդրին տարբեր ձևաչափերով, տարբեր նվագախմբերի հետ:
– Համագործակցո՞ւմ եք արտերկրում ապրող ու ստեղծագործող հայաստանցի երաժիշտների կամ այստեղի երաժիշտների հետ:
– Մեծ սիրով հանդես եմ գալիս Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայ հայրենակիցների հետ: Արդեն երկու CD եմ ձայնագրել ֆրանսահայ հայտնի դիրիժոր Ալան Ալթինօղլուի հետ, որի հետ առաջիկայում համերգներ են նախատեսված Բելգիայում և Գերմանիայում: Համագործակցել եմ նաև Հասմիկ Պապյանի, Նարեկ Հախնազարյանի, Մարիաննա Շիրինյանի, Ալեքսանդր Չաուշյանի, ինչպես նաև իմ շատ սիրելի վիեննաբնակ պրոֆեսոր Ավետիս Կոույումջյանի հետ:
– Երաժիշտների գրաֆիկը բավական խիտ է: Ինչպե՞ս եք ժամանակ գտնում Հայաստան այցելության համար:
– Այս տարվա նոյեմբերին կարևոր մենահամերգ ունեի Շվեյցարիայի հանրաճանաչ Լյուցեռնի փառատոնում: Դա ինձ համար շատ մեծ պատիվ էր, որը և՛ ոգեշնչում էր, և՛ պարտավորեցնում էր ըստ արժանվույն հանդես գալու նման կարևոր միջազգային հարթակում: Եվ պատկերացրեք, 2 ժամ անընդմեջ տևած ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններով հագեցած մենահամերգն այնքան լավ անցավ, որ հանդիսատեսի բուռն, հոտընկայս ծափահարությունների ներքո ստիպված էի 3 բիս նվագել: Դա իսկապես մեծ հաղթանակ էր այդպիսի փառատոնի պահանջկոտ հանդիսատեսի համար: Չնայած իմ գրաֆիկը հագեցած է տարբեր համերգներով, սակայն փորձում եմ տարվա մեջ գոնե մեկ անգամ ժամանակ գտնել և Երևան գալ և հանդես գալ հայ ունկնդրի առաջ:
– Նարե, վերջին այցի ժամանակ նաև Արցախ էիք գնացել: Ո՞րն էր այնտեղ գնալու Ձեր նպատակը:
– Առաջին անգամ Արցախում ելույթ էի ունեցել իմ սիրելի վաղամեռիկ պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի հետ, երբ ընդամենը 10 տարեկան էի, բայց միշտ ցանկացել եմ առիթի դեպքում կրկին այցելել, և այս սեպտեմբերին իմ մենահամերգից հետո թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ համերգով հանդես եկանք, ինչպես նաև տվեցինք վարպետության դասեր: Մեծ բավականություն ստացա Արցախի ունկնդրից, այնտեղի հանդիսատեսը շատ ջերմ էր, շատ ճիշտ էր ընկալում երաժշտությունը, և ես զարմացել էի, թե փոքր երեխաներն ինչպես են կարողանում համակ ուշադրությամբ լուռ նստել և ապրել երաժշտությամբ ողջ համերգի ընթացքում: Դա շատ ոգևորիչ էր:
– Նարե, պատկերացնո՞ւմ եք, որ մի օր վերադառնաք և Ձեր գիտելիքներն ի նպաստ բերեք հայրենիքին:
– Հայաստան այցիս շրջանակում Երևանում և Արցախում տվեցի վարպետության դասեր և շատ ոգևորվեցի մեր տաղանդավոր երեխաներով: Ինձ թվում է, որ դրսում ապրող մեր բոլոր երաժիշտներն էլ կարոտով են վերադառնում և փոխանցում իրենց գիտելիքները հայրենիքի տաղանդավոր երեխաներին: Դա յուրաքանչյուր երաժշտի սրբազան պարտքն է իր ժողովրդի հանդեպ: Իհարկե, իմ աշխատանքը, իմ համերգային գործունեությունը հիմնականում դրսի հետ է կապված, բայց առիթներ ու հնարավորություններ եմ փնտրում իմ լուման ներդնելու և մեր երեխաներին մի այլ երաժշտական մակարդակի բարձրացնելու, մեր երիտասարդ սերնդի գեղագիտական ճաշակը ճիշտ ձևավորելու, նրանց մեր ազգային արժեքներին մոտեցնելու համար: Այս առումով ներկայումս բազմաթիվ աշխատանքներ եմ տանում գերմանական մի քանի նվագախմբերի հետ, աշխատում ենք մի շարք նախագծերի վրա, և արդեն մյուս տարվանից հնարավորություն կունենք ընդգրկել հայ տաղանդավոր երեխաներին և հրավիրել արտերկիր՝ վարպետության դասերի: