Ո՞վ, ո՞ւմ հետ և ինչո՞ւ. Առաջին դաշինքը
Մինչ իշխանական ուժերը հայտարարում են 2017 թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց անբեկանելի և երաշխավորված հաղթանակի մասին, ընդդիմադիր դաշտում շարունակվում են խմորումները։ Հարցերի հարցն է` ձևավորե՞լ որևէ ուժի հետ դաշինք, թե՞ փորձել միայնակ հաղթահարել ԱԺ անցողիկ շեմի արգելքը։
Ընդդիմադիր դաշինքների առաջին փաստն արդեն հայտնի է։ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ, որի մանրամասները խոստացել են գաղտնազերծել դեկտեմբերի 12-ին։ Թե ի՞նչ ձևաչափով կընթանա համագործակցությունը, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում չի բացահայտել` պատճառաբանելով, որ դեռևս որոշակիություն չկա, և ինքն էլ լիազորված չէ այդ մասին խոսելու։
Ա. Հարությունյանը չի բացառել այլ քաղաքական ուժերի ընդգրկումն իրենց դաշինքում։ «Երբ քննարկումները սկսվել են, նման հնարավորություններ եղել են, ու դռները փակ չեն նման համագործակցության համար, բայց, այնուամենայնիվ, դրանք պետք է լինեն ուժեր, որոնք կիսում են երեք կուսակցությունների ընդհանուր տեսլականը և մոտեցումները հիմնական հարցերի լուծման վերաբերյալ: Իհարկե, կան կուսակցություններ, որոնց հետ համագործակցությունը բացառվում է, և դրա մասին մենք նախկինում էլ ենք հայտարարել: Դրանք բոլոր այն ուժերն են, որոնք այս կամ այն կերպով վերջին 10 տարիներին կապված են եղել Սերժ Սարգսյանի վարչախմբի հետ և, մասնավորապես, 2008 թվականի մարտի 1-ից հետո համագործակցել են Սերժ Սարգսյանի կառավարության հետ, դա վերաբերում է ինչպես` կուսակցությունների, այնպես էլ` որոշ անհատների»,- ասել է Ա.Հարությունյանը` հստակեցնելով, որ խոսքը գնում է ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Հայկական վերածնունդի», տարբեր անհատների մասին, որոնք հիմա իշխանության մեջ չեն, մասնավորապես` Վարդան Օսկանյան, Գագիկ Ծառուկյան:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ևս ցանկանում է ամեն գնով միավորվել «Հանրապետություն», ՔՊ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքին, որը, սակայն, դեմ է դրան նույնիսկ այն դեպքում, երբ Խաչատուր Քոքոբելյանը խոստանում է լուծել համագործակցության ողջ նախընտրական ծախսերը, Ա. Հարությունյանը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այդ տեղեկությունը` նշելով. «Այս պահին լիազորված չեմ դրա մասին խոսելու: Այդ ֆորմատի հետ կապված` մնացած բոլոր մանրամասները դեկտեմբերի 12-ին պարզ կդառնան»:
Շրջանառվող լուրերը մեզ հետ զրույցում հերքեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։ «Դրանք իրականությանը չհամապատասխանող լուրեր են, և վերջին շրջանում կարծես միտում կա շարունակական և հետևողականորեն «Ազատ դեմոկրատների» վերաբերյալ սուտ ապատեղեկատվություն տարածելու»,- ասաց նա։
Ա.Խաչատրյանը նշեց, որ իրենք բանակցություններ վարում են տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են իրենց գաղափարները, այսինքն` գտնվում են նույն ազատական դաշտում. «Մենք միշտ ասել ենք, որ կողմնակից ենք գաղափարական հենքի վրա կազմվող միավորումների, և մենք կողմնակից ենք լայն կոնսոլիդացված ցուցակ ներկայացնելու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որի հիմքը կլինեն գաղափարները և ընդհանուր մոտեցումները։ Հակառակ դեպքում` այդ ամեն ինչը շատ արհեստական կլինի»։
Գաղափարական հենքի վրա միավորումը կարևորեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը` ողջունելով ՔՊ-ԼՀ-«Հանրապետություն» միությունը.
«Մի կողմ դնելով ընդամենը վերջերս ՏԻՄ ընտրությունների ժամանակ միմյանց հասցեին արված բավականին կոշտ գնահատականները և միմյանց ինչի մեջ ասես մեղադրելը, այդ քաղաքական ուժերն այդուհանդերձ կարողացան մի կողմ դնել ամբիցիաները և ներքին տարաձայնությունները և համախմբվել են։ Թե ինչի՞ շուրջ, պարզ կլինի առաջիկայում»։
Նա նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է համախմբման` ոչ իշխանական քաղաքական ուժերով միասնական օրակարգ ձևավորելու, ընտրատեղամասերում ընտրողի քվեն պաշտպանելու համար։ Սակայն այս պահին, ըստ Ն.Զոհրաբյանի, ԲՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ միասնական դաշինքներ կազմելու քննարկումների մեջ չէ. «Տեսականորեն որևէ բան չբացառելով` այս պահին մեր օրակարգում դաշինքների հարց չկա, և որևէ ուժի հետ այս պահին նման հարց չենք քննարկում»։
Հայ ազգային կոնգրեսում էլ միավորումների մասին դեռ լռում են։ ԱԺ ՀԱԿ խբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեր թղթակցին ասել էր, որ գործընթացը նոր է սկսվել, և այս պահին նպատակահարմար չէ որևէ բան ասել։ Նա չէր բացառել, որ դաշինքների հարցը կհստակեցվի դեկտեմբերի 17-ին կայանալիք կուսակցության համագումարի ժամանակ։
«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը ևս մեզ հետ զրույցում նշեց, որ բանակցություններ են վարում, և գնալով ակտիվանում է այդ փուլը, բայց դեռ հայտարարելու բան չկա. «Մենք մշտական կոնսուլտացիաների մեջ ենք տարբեր քաղաքական ուժերի հետ։ Ես միշտ ասել եմ, որ պատրաստ ենք համագործակցել ավելի առաջադեմ մասի հետ, թեկուզ` ոչ քաղաքական ուժի մեջ էլ լինի, բայց դա կլինի արդեն ավելի կոնկրետ աշխատանքներ։ Եթե ինչ-որ մեկն ունի կոնկրետ ծրագիր, պատրաստ ենք աջակցել, եթե դա լավ ծրագիր է և լուծում է երկրի առջև ծառացած մարտահրավերիներից թեկուզ մի փոքր մաս։
Ամեն դեպքում, «Համախմբումը» մասնակցելու է ընտրություններին, եթե չստացվի` կգնանք առանձին, եթե կստացվի դաշինք` որքան լայն, այնքան լավ։ Բայց դաշինքները պետք է գաղափարական և ծրագրային հենքի վրա լինեն։ Մենք հույս ունենք, որ կլինի դաշինք, որ ինչ-որ բան կստացվի։ Մենք կողմ ենք համախմբված գնալ ընտրությունների, որոշակի բևեռ ձևավորվի, որպեսզի ավելի հեշտ լինի ընտրողին ասել, թե ով ես։ Եթե 10-15 կուսակցություն մասնակցեց ընտրություններին, ընտրողը չի կողմնորոշվելու նրանց մեջ` ով է, ով չէ. և փոշիանալու են ընդդիմադիր քվեները, ինչը եղավ ՏԻՄ ընտրությունների ժամանակ»։
Ս.Մարգարյանը նկատեց, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմադիրներն ավելի շատ ձայն էին ստացել, քան իշխանությունը, այսինքն` հասարակական պահանջը կա, և դաշինքներն ավելի արդյունավետ կլինեն։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով` ուղղակի հայտարարել, թե «մենք ընդդիմություն ենք Սերժ Սարգսյանին», դա բավարար չէ։ Ըստ նրա` ՔՊ-ԼՀ-«Հանրապետություն, կուսակցությունների քաղաքական օրակարգը դեռ ձևավորված չէ, մինչդեռ «Ժառանգության» քաղաքական օրակարգը հստակ է, թե ինչպես են պատկերացնում, ապագա միավորումն ինչի շուրջ պետք է լինի. «Այն պետք է լինի հստակ օրակարգի, ժամկետների և գործողությունների շուրջ»։
Զ.Փոստանջյանը նշեց, որ «Ժառանգությունը» եզրահանգումներ դեռ չունի, բանակցություններ տեղի չեն ունենում, ուղղակի հանդիպումներ են ընթանում տարբեր ուժերի հետ։
Անդրադառնալով իշխանության վստահությանը, որ որքան էլ ընդդիմությունը միավորվի, չի կարող հաղթել ընտրություններ, Զ.Փոստանջյանը ասաց. «Դա իրենց ցանկությունն է, բայց թե ինչ կարող է տեղի ունենալ, ոչ մեկը չի կարող այս պահին հստակ կանխատեսել։
Հաղթանակն այն պահանջների շուրջ կլինի, որ առաջադրել է հանրությունը։ Եթե դու չես սպասարկելու հանրության պահանջը, միայն հայտարարում ես, որ դեմ ես Սերժ Սարգսյանին, դա բավարար չի լինելու։ Հանրությունը պետք է համախմբվի հստակ քաղաքական օրակարգի և քաղաքական գործողությունների շուրջ։ Դաշինքներ կազմելու ամենակարևոր ուժը մեր հանրությունն է` իր պահանջներով, և հանրությունն ինքը պետք է դառնա քաղաքական գործոն։ Որևէ այլ քաղաքական ուժ չունի այդ ներուժը»,- ասաց Զ. Փոստանջյանը։