Կաթնամթերքի շուկայի տարօրինակ անցուդարձը

«Աշտարակ-կաթ» ընկերության պատմությունը հավակնում է դառնալ երկրորդ «Նաիրիտը»` նույնքան խուճուճ, բարդ ու անհասկանալի գործընթացներով։ ՀՀ կաթնամթերքի շուկայում գործող այս խոշոր ընկերության խնդիրների մասին լուրեր սկսեցին շրջանառվել դեռ նախորդ տարվանից։ Հետո պարզվեց, որ այդ լուրերը ոչ միայն համապատասխանում են իրականությանը, այլ ամեն ինչ շատ ավելի լուրջ է` ընկերությունը փաստացի սնանկացման է գնում։

Բանը հասավ նրան, որ նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը բավականին վրդովված տոնով հարց ուղղեց կառավարությանը, թե ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում կաթնամթերքի շուկայի 40%-ը զբաղեցնող ընկերությանը փրկելու համար, որի հաշիվները կալանքի տակ են։ Չէ՞ որ այդ ընկերության փակմամբ շուկան կգնա մոնոպոլացման, և շուկայում կմնա 2 խաղացող, որոնց կշիռը կհասնի 80%-ի։ Պատգամավորը նշել էր, որ ընկերության մոտ 600 աշխատողներ հայտնվել են գործազրկության եզրին` չխոսելով 4-5 հազար ֆերմերների մասին, որոնցից ընկերությունը գնում է կաթը։ Պրն Մելքումյանի այս դիտարկմանը դեռ կանդրադառնանք, սակայն մինչ այդ խոսենք նրա հարցին հետևած զարգացումների մասին։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ի պատասխան` նշեց, որ իր կողմից ղեկավարվող գերատեսչությունը հետևում է իրավիճակին։ «Մենք հանդիպումներ ենք ունեցել ինչպես` ընկերության ներկայացուցիչների, այնպես էլ` կրեդիտորների հետ։ Նախարարությունը վերլուծում է ստեղծված իրավիճակը։ Բայց քանի որ ներկայումս ընկերությունը հանդիսանում է գործող սուբյեկտ, ես չէի ցանկանա անել հայտարարություններ, որոնք կարող են վնասել նրան»,- ասել էր Կարայանը` հավաստիացնելով, որ պետության իրավասությունների շրջանում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ գործողությունները։

Այդ ընթացքում ընկերության արտադրանքը մի որոշ ժամանակով անհետացավ խանութներից։ Սկսեցին լուրեր շրջանառվել, որ շատ աշխատակիցներ հեռացել են ընկերությունից` չստանալով վերջին ամիսների աշխատավարձը։

Այդ ընթացքում նաև վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հարցը գտնվում է իր ուշադրության կենտրոնում։

Սակայն հասարակության շրջանում տարածվող լուրերը կրկին առաջ ընկան պաշտոնական մասից։ Մարդիկ սկսեցին խոսել, որ «Աշտարակ-կաթ» ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի` սննդամթերքի ներկրմամբ զբաղվող «Պարգև» ընկերության սեփականատերերը։
Եվ ահա 2 օր առաջ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հաղորդագրություն տարածեց «Աշտարակ-կաթի» թեմայով։ Նշվում էր, որ նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է գործարար Արտակ Ասատրյանի և «Աշտարակ-կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանի հետ։

Նաև նշվում էր, որ մինչ այս փուլը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում քննարկվել էին այն քայլերը, որոնք անհրաժեշտ են առողջացման գործընթացում ներգրավված կազմակերպության բնականոն գործունեության համար։

Հետո մեջբերված էր Սուրեն Կարայանի խոսքը. «Մի շարք քննարկումներ ենք ունեցել «Աշտարակ-կաթ» ընկերության շուրջ առաջացած խնդիրների լուծման նպատակով։ Հիմա հասել ենք խնդրի հանգուցալուծման փուլին։ Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ի՞նչ հունով է շարունակելու աշխատել ընկերությունը, ի՞նչ աշխատատեղեր են պահպանվելու, ինչպե՞ս են մարվելու գյուղացիների պարտքերը։ Մեր նախկին քննարկումների ժամանակ մոտեցումներ ենք ամրագրել։ Այսօր դրանք կբերվեն վերջնական տեսքի»։

Դրանից հետո տեղի է ունեցել փակ քննարկում կամ բանակցություններ, որից հետո նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը և «Աշտարակ-կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը հանդիպել են լրագրողների հետ։ Թվում է` վերջապես ինչ-որ հստակ ինֆորմացիա կարելի էր ստանալ այս հարցով, սակայն…

Ավելի լավ է մեջբերենք պաշտոնական հաղորդագրության այդ հատվածը. «Ըստ փոխնախարարի` ամենակարևոր խնդիրներն այս փուլում հետևյալն են` ընկերության երբեմնի դիրքի վերականգնում շուկայում, գյուղացիների արտադրանքի կայուն գնումներ և աշխատատեղերի պահպանում։ Ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը վստահեցրել է, որ ընկերության արտադրանքն արդեն իսկ 3 օր շուկայում է։ Առողջացման ծրագրի շրջանակներում ընկերությունը փորձելու է անել առավելագույնը` չկորցնելու իր գնորդին։ Արտակ Ավագյանը տեղեկացրել է նաև, որ պարտքերի մարման շուրջ առանձին բանակցություններ են ընթանում գյուղմթերողների հետ»։ Ոչ մի հստակություն` ոչինչ չասող հաղորդագրություն։

Ավելի ուշ ասուլիսին ներկա ԶԼՄ-ները հրապարակեցին հարցուպատասխանի տեսագրությունը, ու պարզ դարձավ, թե ինչու է հաղորդագրությունն այդքան լղոզված։ Բանն այն է, որ հնչած որևէ հարցի կոնկրետ պատասխան չտրվեց` ո՞վ է նոր սեփականատերը, ի՞նչ է լինելու ընկերության պարտատերերի հետ, որքա՞ն է ընկերության ընդհանուր պարտքը, և այլն։ Կարճ ասած` մարդիկ հրավիրել էին լրագրողներին` ոչինչ չասելու համար։

Ուղիղ հարցին, թե պոտենցիալ գնորդը կապ ունի՞ «Պարգև» ընկերության հետ, տրվեց բացասական պատասխան (չնայած այն հանգամանքին, որ Արտակ Ասատրյանը հանդիսանում է այդ ընկերության համահիմնադիր)։ Նշվեց, որ «Աշտարակ-կաթ» ընկերությունում ներդրումներ կատարելու հարցում հետաքրքրված է Adra Remara միջազգային կազմակերպությունը, որի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարներն են Արա և Արտակ Ասատրյանները։ Սակայն դեռևս հստակ չէ` այն կդառնա՞ արդյոք սեփականատեր, թե՞ ոչ։
Կարճ ասած, ոչինչ չասվեց։

Օդում կախված լուրերը

Քանի որ պաշտոնապես որևէ հստակություն չմտավ այս հարցում, ներկայացնենք այն տեղեկությունները, որ շրջանառվում են գործարար միջավայրում։

«Աշտարակ-կաթի» ունեցած պարտքերի մասով ասուլիսի մասնակիցները միայն 1 թիվ հնչեցրին` մոտ 180 մլն դրամ դրամ գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքը (կաթի դիմաց)։
Սակայն սա միայն այսբերգի երևացող մասի մի փոքր հատվածն է։ Ընկերությունը մեծ պարտքեր ունի մատակարարներին ու գործընկերներին։

DataLex համակարգի տվյալներով` «Աշտարակ-կաթի» դեմ գումարի բռնագանձման պահանջով հայց են ներկայացրել մոտ 15 կազմակերպություններ։ Օրինակ, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպին» և «Արմենիա ԹիՎի» հեռուստաընկերությանը «Աշտարակ-կաթը» պարտք է 30 մլն դրամ։ Մեր տեղեկություններով, «Աշտարակ-կաթը» նաև մի քանի միլիոն դոլարի պարտք ունի բանկերից մեկին, սակայն գործը դատարան չի հասել։ Գործարար միջավայրում խոսում են, որ, ընդհանուր առմամբ, «Աշտարակ կաթի» պարտքերը հասնում են շուրջ 8-9 մլն դոլարի։ Եվ ամենաուշագրավ շշուկներից մեկը` «Աշտարակ-կաթի» ամենամեծ պարտատերերից մեկը հենց «Պարգև» ՍՊԸ-ն է։ Ու հիմա ընթացող բանակցությունների մեխը հենց այն է, որ «Պարգևը» որոշակի ներդրում անելով` փաստացի դառնա «Աշտարակ-կաթի» կառավարիչն ու աշխատեցնելով` ետ ստանա պարտքերն ու ոտքի կանգնեցնի ընկերությունը։

Կհաջողվի՞ դա, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։
Միայն ֆիքսենք, որ այս պահին «Աշտարակ-կաթը» այլևս նախկին սեփականատերերը չեն կառավարում։ Այն կառավարվում է առողջացման ծրագրի պատասխանատուի կողմից, որին առայժմ հաջողվել է ժամանակավոր լեզու գտնել պարտատերերի հետ, հումք ստանալ և ապրանք հանել շուկա։

Պետության դերը
Հիմա վերադառնանք Միքայել Մելքումյանի հայտարարությանը և կոչին, որ ընկերությունը պետք է տեր կանգնի այս ընկերությանը։ Ամենակարևոր հարցն այստեղ հետևյալն է` ինչո՞ւ։ Չէ, եթե «Աշտարակ-կաթի» խնդիրների մեջ պետությունը մեղքի բաժին ունենար, դա հասկանալի կլիներ։

Սակայն, որքանով հայտնի է` խնդիրների համար «Աշտարակ կաթը» կարող է մեղադրել միայն ինքն իրեն։ Ի վերջո, շուկայի խոշորագույն խաղացողը լինելով` այսպիսի վիճակի մեջ հայտնվելու համար տաղանդ է պետք։ Սա նշանակում է, որ ընկերությունը ձախողվել է։ Դա, իհարկե, լավ չէ` այդ ընկերության սեփականատերերի և, ինչ-որ առումով` նաև աշխատակիցների համար։ Սակայն գլոբալ առումով` ողջ տնտեսության մասշտաբով, դա ոչ միայն ողբերգություն չէ, այլ նորմալ մրցակցային գործընթաց է։ Մեկը ձախողվում է, մյուսը` հաջողում և մեծացնում շուկայում իր կշիռը։

Իսկ կաթնամթերքի հայաստանյան շուկան իրոք մրցակցային է։ Կաթամթերքի շուկայում գործում են ավելի քան 2 տասնյակ արտադրող ընկերություններ։ Նրանցից 7-ը` «Աշտարակ-կաթ», «Մարիաննա», «Թամարա և Անի», «Չանախ», «Թամարա», «Բիոկաթ» և «Իգիթ», ընդգրկված են ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում (2016 թվականի հունվար-սեպտեմբերի արդյունքներով)։ Այսինքն` խոշոր ընկերություններ են։ Բացի սրանցից, կան ընկերություններ, որոնք խոշոր հարկատուների ցանկում չկան, սակայն նույնպես շուկայում որոշակի ճանաչում և կշիռ ունեցող ընկերություններ են, օրինակ` «Արզնի կաթ», «Մարիլա», «Բոնիլատ», «Ապարան Գրուպ», «Դիլի», և այլն։ Սրանց գումարենք նաև կաթնամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերություններ։

Այո, կան 3-4 խոշոր ընկերություններ` «Աշտարակ-կաթ», «Դուստր Մարիաննա», «Թամարա և Անի» և «Չանախ», որոնց տարբեր գնահատականներով` բաժին է ընկնում կաթնամթերքի շուկայի 80%-ը։ Սակայն Անգամ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր 2014 թվականի հաշվետվության մեջ նշել էր, որ չնայած արտադրության և իրացման խոշոր ծավալներ ունեցող ընկերությունների առկայությանը` այս շուկայում առկա է էական մրցակցություն։ «Աշտարակ-կաթը», այո, ժամանակին շուկայում մոտ 40% կշիռ ուներ, սակայն այս պահի դրությամբ` այն 20-22%-է։ Այս թիվը հիմնված է կաթնամթերքի շուկայում գործող ընկերություններիի վճարած հարկերի վրա, ճշգրիտ չի, սակայն իրականությունն արտացոլում է։

Նախորդ տարվա հարկային ցուցանիշներով` «Աշտարակ-կաթի» կշիռը մոտ 35% էր կազմում։ Ու այս դեպքում հարց է առաջանում` «Աշտարակ-կաթի» փակումը ինչո՞ւ պետք է շուկան տանի մոնոպոլիզացման։ Իսկ միգուցե հակառա՞կը` վերջինիս շուկան բաշխվի մյուս ընկերությունների միջև, ու մրցակցային միջավայրն ավելի՞ բարելավվի։ Օրինակ, նույն հարկային տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ «Աշտարակ-կաթի» կշռի նվազմանը զուգահեռ` մյուս ընկերությունների կշիռները համամասնորեն աճել են` «Դուստր Մարիաննան»` մոտ 2 տոկոսային կետով, «Թամարա և Անին»` մոտ 5 տոկոսային կետով, «Չանախը»` 2 տոկոսային կետով, «Թամարան»` 3 տոկոսային կետով, «Բիոկաթը»` ավելի քան 2 տոկոսային կետով։ Այս պահին խոշորագույն խաղացողը «Դուստր Մարիաննան» է` մոտ 30%-ով, որին հաջորդում է «Աշտարակ կաթը» և, «Թամարա և Անին»։

Մի խոսքով, որևէ ողբերգություն չկա, պարզապես տեղի է ունեցել շուկայի վերադասավորություն։ Իսկ վատագույն տարբերակում, եթե անգամ «Աշտարակ-կաթը» փակվի, նրա ունեցած 20-22%-ը բաշխվելու է մյուս ընկերությունների միջև։ Որոնք, բնականաբար, ունենալու են նոր աշխատողների կարիք ու դա լրացնելու են «Աշտարակ-կաթի» կադրերով։

Կարճ ասած, այստեղ, թերևս, պետության միջամտության կարիքը չկար։ Ավելին` պետության միջամտությունն ինչ-որ տեղ նաև բացասաբար կարող է դիտվել, քանի որ միջամտում են շուկայական գործընթացներին։ Ի վերջո, «Աշտարակ-կաթը» չնայած խոշոր ընկերություն է, սակայն համակարգաստեղծ և ռազմավարական ընկերություն չէ` հաշվի առնելով, որ կան մեծ թվով այլ արտադրողներ։

Այդ դեպքում ինչո՞ւ պետությունը որոշեց խառնվել այս ամենին։ Միգուցե դրանով ցանկանում էին ցույց տալ, որ իրենք բիզնեսի կողքին են և բիզնեսին աջակցում են։ Սակայն, քանի որ պետության աջակցության հնարավորությունները խիստ սահմանափակ են (չի կարելի հարկատուների փողերով փակել «Աշտարակ-կաթի» պարտքերը), դրա համար մնում է միայն միջնորդի ֆունկցիան։ Ու հենց այդ պատճառով էլ նախարարության ասուլիսն ու հաղորդագրությունը ոչինչ չէին ասում. ասելիք, մեծ հաշվով, չկա։

Տեսանյութեր

Լրահոս