«Հայ-իրանական հարաբերությունները կարող են զարգանալ երկու սցենարով»

Մինչև տարեվերջ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պաշտոնական այցով կժամանի Երևան։ Երկար քննարկված այցը, ամենայն հավանականությամբ, կկայանա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` Ադրբեջան կատարելիք այցին զուգահեռ, ինչը, փորձագիտական համայնքի կարծիքով, Ռոուհանիի այցի ձգձգման գլխավոր պատճառն էր։ Այնուամենայնիվ, ըստ արդեն պաշտոնական աղբյուրների, այցը կկայանա դեկտեմբերի կեսերին։

Հարցին, թե ի՞նչ է իրանական կողմն ակնկալում Ռոուհանիի` ՀՀ կատարելիք այցից, իրանցի վերլուծաբան, Tehran Times թերթի նախկին խմբագիր, Press TV-ի վերլուծաբան, քաղաքագիտության դոկտոր Ալի Սալամին պատասխանեց, որ հայ-իրանական քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձր է։

Ըստ նրա` Ռոուհանիի աշխատակազմը վերջին տարիներին ակտիվությամբ ձգտել է բարեփոխել Իրանի արտաքին քաղաքականությունը` վերացնելով խնդիրները, կարգավորելով հարևանների հետ հարաբերությունները։ Սալամիի վստահեցմամբ` այդ բարեփոխումներն իրենց արտացոլումը կգտնեն հայ-իրանական հարաբերություններում ևս, որոնք լիարժեք են։

«Ռոուհանին հայտարարել էր հարևանների հետ հարաբերությունների սերտացման մասին, քանի որ իր մի շարք հարևանների հետ անվստահելի քաղաքական հարաբերություններ ուներ` պայմանավորված միջուկային ծրագրով, էներգետիկ ոլորտում մրցակցությամբ, կրոնական տարաձայնություններով։

Բայց այս բոլոր խնդիրները շրջանցել էին հայ-իրանական հարաբերությունները, քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները պահպանվել են։ Ժամանակն է ձևակերպել առևտրատնտեսական ու էներգետիկ առաջնահերթությունները մեր երկրների համար։ Կարծում եմ` Իրանի ակնկալիքը, ինչպես նաև Հայաստանինը, սա է։

Բազում քննարկված, իրենց ավարտին չհասած ծրագրեր կան, պետք է կյանքի կոչել դրանք։ Եթե խոսեմ Իրանի մասին, ապա բնական է, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը հավակնում է խորացնել Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները, հավակնում է դուրս գալ այլ շուկաներ, որոնց Իրանը հարևան չէ, բայց կարող է աշխատել նրանց հետ Հայաստանի միջոցով` թե՛ էներգետիկ, թե՛ առևտրային ոլորտում, հաշվի առնելով Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը։ Կարծում եմ` առաջնային կարևորություն է իրենից ներկայացնում կոմունիկացիաների հարցը, այս բոլոր հավակնությունների կենսագործման համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, իսկ դրանց համար` համաձայնություններ»,- պարզաբանեց իրանցի քաղաքագետը։

Վերջինիս հիշեցմամբ` Իրանը վերջին շրջանում բազմիցս ազդանշաններ է ուղարկել Հայաստանին և իր բոլոր հարևաններին, որ բաց է համագործակցության համար։ «Անհրաժեշտ է, որ Իրանը պատասխան ազդանշաններ ստանա։ Եթե հայկական կողմը ցանկանա, այդ համագործակցության դաշտը չափազանց լայն է, որը ներառում է երկաթուղային ճանապարհ, նոր գազատարներ` նախատեսված իրանական գազի տարանցման համար, նոր առևտրային ուղիներ դեպի ԵՏՄ երկրներ, էժան գազ, և այլն, և այլն։

Կարող է լինել երկու տեսակի համագործակցություն` մեկը, որը տեղի է ունենում ներկայումս, այսինքն` համաձայնեցված է Ռուսաստանի, ԵՏՄ-ի, «Գազպրոմի» հետ, որից հայ-իրանական հարաբերությունները չեն խորանալու, և կողմերը դրանից օգուտներ չեն քաղելու, մյուսը, որը հնարավոր է` այդքան էլ ձեռնտու չէ վերոնշյալ կողմերին, սակայն ապահովելու է շատ ավելի գլոբալ պրոյեկտներ, որոնք մեծ օգուտներ կբերեն ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի, Վրաստանի տնտեսությանը»,- շեշտեց իրանցի փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս