Հալեպի ազատագրումից հետո Սիրիայում խաղաղություն չի ուրվագծվում

Նոյեմբերի 29-ին Սիրիայի կառավարական զորքերը ռուսական օդուժի օգնությամբ Արևելյան Հալեպն ազատագրեցին զինյալ խմբավորումներից։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը, առաջնորդվելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով, հաղորդագրություն էր տարածել` նշելով. «Ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրվել է քաղաքի տարածքը, որտեղ ապրում է Հալեպի ավելի քան 90 հազար բնակիչ»։

Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել էր նաև Սիրիայի պետական հեռուստաալիքը։ Նշենք նաև, որ Կրեմլին անհանգստացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի օրերս արած հայտարարությունն այն մասին, թե թուրքական ուժերը Սիրիայում են` արդարություն հաստատելու և Ասադի ռեժիմը տապալելու նպատակով։ Թեև ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փոխել է իր աղմուկ բարձրացրած հայտարարության շեշտադրումները։ ««Եփրատի վահան» գործողության թիրախը ոչ թե հստակ երկիր կամ մարդ է, այլ ահաբեկչական խմբավորումներն են։ Ոչ մեկը չպետք է կասկածի դրանում»,- հայտարարել է Էրդողանն Անկարայում։

«168 Ժամի» հետ զրույցում ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին, անդրադառնալով սիրիական ճգնաժամում ձևավորվող նոր իրողություններին, ասաց, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը չի կարգավորվելու մոտ ապագայում, քանի որ բոլոր կողմերը հաստատակամ են իրենց դիրքորոշումներում։

«Դրա վառ ապացույցն էր օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը, թե թուրքական ուժերը Սիրիայում են Ասադի ռեժիմը տապալելու համար, ինչի համար Կրեմլը բացատրություն պահանջեց։ Թվում էր, թե ռուս-թուրքական ջերմացումը պետք է էապես հարթեր տարաձայնությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև նաև Սիրիայում, քանի որ Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է Ասադի ռեժիմի ու Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Իհարկե, այս հայտարարությունը որոշ հարցեր բարձրացրեց, ինչը պարզաբանվեց Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում, որում Թուրքիայի նախագահը ևս շեշտել է, որ հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին։

Պետք է հաշվի առնենք, որ Էրդողանը երկակի և զգացմունքային կերպար է, ինչը հատկապես Սիրիայի պարագայում նույնիսկ հասկանալի է, քանի որ օրեր առաջ Սիրիայում հարձակվել էին թուրքական ուժերի վրա, սա ևս անհանգստացնում է Անկարային։

Այնուամենայնիվ, հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ որոշ հարցերում նույնիսկ համաձայնություն կա, և չի բացառվում նույնիսկ համագործակցություն երկու ուժերի միջև Սիրիայում։ Սա հեշտացնում է ճգնաժամի հետագա ընթացքը, քանի որ թվում է, որ Թուրքիան և Ռուսաստանը միմյանց միջև բաժանել են Սիրիայում ազդեցության գոտիները։ Բացի դրանից, ինչպես ցույց տվեց ժամանակը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են զիջումների գնալ Սիրիայում, քանի որ հարաբերությունների վատթարացման գինը շատ ավելի թանկ է»,- նման կարծիք հայտնեց թուրքագետը` շարունակելով, որ միայն Ռուսաստանից և Թուրքիայից Սիրիայում ոչինչ կախված չէ։

Ըստ նրա` առաջիկա մեկ ամիսը որոշիչ է լինելու սիրիական ճգնաժամի հետագա ընթացքի համար, քանի որ Սիրիայի ազգային բանակը նպատակադրվել է ազատագրել Հալեպ քաղաքը, բայց հայտնի չէ` զարգացումներն ինչ ուղիով կգնան։ «Պարզ է մեկ բան, որ սիրիական հակամարտության պատճառով Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այլևս երբեք չեն լարվի, ինչն արդեն իսկ որոշակի կայունություն կապահովի Սիրիայում, իսկ թե ինչպես կդրսևորեն իրենց մյուս ուժերը, ցույց կտա առաջիկա մեկ ամիսը»,- ասաց Նադեին-Ռաևսկին։
Իր հերթին` Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտական խորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոն` խոսելով ճգնաժամի հեռանկարների մասին, նշեց, որ Սիրիայում իրադարձություններն այնպիսի ճակատային բախումների ուժգնություն են ձեռք բերել, որ այսօր կողմերից յուրաքանչյուրի զիջումը թուլության կամ պարտության նշան կդիտարկվի։

Նրա կարծիքով` դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան սիրիական սցենարները։

«Մի քանի տարբերակ եմ ես կանխատեսում։ Առաջինի համաձայն` ներկայումս ստեղծված իրավիճակը դեռ երկար կշարունակվի, քանի որ Սիրիայում Ռուսաստանի սկսած գործողությունից հետո թվում էր, թե հակամարտությունը բեկումնային փուլ կմտնի, քանի որ Ասադի ռեժիմն արագ հաղթանակ կտանի ռուսական օդուժի շնորհիվ, թուլացնելով զինյալ խմբավորումներին, սակայն դա տեղի չունեցավ, ինչպես ցույց տվեց ժամանակը։ Իսկ ավելի մեծ ներգրավվածության, ինչը ենթադրում է ցամաքային գործողություն, Ռուսաստանը պատրաստ չէ։ Սա նշանակում է, որ իրավիճակը կարող է այսպես դեռ երկար շարունակվել։ Երկրորդ ճանապարհը, ըստ իս, լավատեսական է, համաձայն որի` կողմերը կայուն հրադադարի կհասնեն և անցումային փուլի համար միացյալ կոալիցիա կկնքեն, որում ներկայացված կլինեն սիրիական բոլոր ուժերը։

Սակայն սա, կրկին շեշտեմ, լավատեսական սցենար է, որում պատկերացնել Ասադի և արմատական ընդդիմադիրների համագործակցությունը փոքր-ինչ բարդ է, բայց ոչ բացառված։ Երրորդ սցենարի էությունն Ասադի փախուստն է, որից հետո ճգնաժամը կշարունակվի ավելի մեծ թափով, քանի որ նա ում էլ ցանկանա փոխանցել իր իշխանությունը, չի ունենալու այնքան հեղինակություն, որ ընդունելի լինի բոլոր կողմերի համար, ինչը կրկին քաղաքացիական պատերազմի է հանգեցնելու։ Իրականում, իրավիճակը բավականին հոռետեսական կանխատեսումների առիթ է տալիս` Սիրիան բաժանված է տարբեր տարածքների, խորացել են հասարակության կրոնական տարաձայնությունները, հայտնի չէ, թե ինչպես է կարգավորվելու քրդական հարցը»,- մեկնաբանեց Մալաշենկոն։

Վերջինիս համոզմամբ` հոռետեսական է իրավիճակը նաև գերտերությունների հարաբերությունների տեսանկյունից։ Ըստ արևելագետի` չի բացառվում, որ Թրամփ-Պուտին համագործակցություն հաջողվի Սիրիայում, բայց այն կլինի ամերիկյան պատասխանատվության նվազման միտումով, որի դեպքում պատասխանատվությունն ընկնելու է Ռուսաստանի վրա։ Իսկ այսօր, ըստ նրա, Ռուսաստանը կրում է այդ պատասխանատվությունը և չի կարողանում հաղթահարել իրավիճակը` նույնիսկ համագործակցելով ընդդիմադիրների հետ։ «Թուրքիայի մասին խոսելն անիմաստ է նույնիսկ, քանի որ Թուրքիան Սիրիայում Ռուսաստանի դեմ չի գնա գոնե մոտակա ապագայում, քանի որ վատթարացել են իր հարաբերություններն Արևմուտքի հետ, և Ռուսաստանը Թուրքիայի համար այսօր չափազանց կարևոր ֆիգուր է։ Օրեր առաջ Էրդողանի արած հայտարարությունը պետք է գրանցել զգացմունքայինների շարքին պարզապես»,- նկատեց Մալաշենկոն։

Հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնան այս զարգացումները Հարավային Կովկասի վրա, Մալաշենկոն պատասխանեց, որ այնպես, ինչպես նախորդող 4-5 տարիների ընթացքում։ «Ես ազդեցություն չեմ տեսնում, Մերձավոր Արևելքը, հատկապես Սիրիան զարգացումների իր ներքին տրամաբանությունն ունի, նույնը, իմ կարծիքով` Հարավային Կովկասը և այդտեղ առկա խնդիրները»,- ասաց Մալաշենկոն։

Տեսանյութեր

Լրահոս