Ֆինլանդիան ունի աշխարհում կրթական ամենալավ համակարգերից մեկը. 4 միջոց, որոնցով այն առաջ է անցնում ԱՄՆ-ից

Կրթական համակարգի առումով Ֆինլանդիան նորարար երկիր է, և այս ոլորտում առկա նորարարություններն արդյունքներ են տալիս։ Weforum.org կայքը գրում է, որ այս երկիրը կայուն կերպով իրեն դրսևորում է՝ որպես ամենազարգացածներից մեկը՝ ուսանողների միջազգային գնահատման ծրագրի շրջանակներում, որը շատ կարևոր գործիք է՝ աշխարհում կրթական համակարգերը գնահատելու համար։ Չնայած գնահատման աղյուսակում այն հասել է 12-րդ հորիզոնականին, միևնույն է՝ այն ավելի բարձր դիրքում է, քան ԱՄՆ-ը. վերջինս զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը։ Կայքը ներկայացրել է մի քանի քայլ, որոնք այս երկիրն այլ կերպ է անում և կրթական համակարգը դարձնում է էականորեն ավելի լավը, քան ԱՄՆ-ը։

1. Ավելի լավ ստանդարտացված թեստեր։ Հիմնական և հետագա ուսուցման ընթացքում ֆինն ուսանողներն անցնում են միայն մեկ ստանդարտացված թեստ։ Այս առումով ԱՄՆ-ը մեծապես տարբերվում է Ֆինլանդիայից։ Այս երկրում 3-8-րդ մակարդակում ուսանողները տարեկան թեստեր են անցնում՝ ստուգելու համար առաջադիմությունը։ Քննադատները հաճախ նշում են, որ պարբերական թեստավորումը երեխաներին ոչ միայն ավելի խելացի չի դարձնում, այլև ստեղծում է «թեստերին սովորելու» մթնոլորտ։

Նյու Յորքում ուսուցիչների ամենամեծ միության նախագահ Կարեն Մագեն նույնիսկ կոչ էր անում ծնողներին բոյկոտել ստանդարտացված թեստերը։ Ֆինլանդիայում թեստերը հանձնում են ավարտական տարում։ Դրանք գնահատվում են ուսուցիչների և ոչ թե համակարգիչների կողմից։ Բացի բազմաթիվ այլ հարցերից՝ ուսանողներին առաջարկվում է ցույց տալ իրենց իմացությունը երկրի զարգացմանը, աշխատանքի կորստին, սննդակարգի պահպանմանը, քաղաքական հարցերին, բռնությանը, պատերազմին, սեռական հարաբերությանը, թմրամջոցներին և երաժշտությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։

2. Ավելի շատ ժամանակ խաղալու համար։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալների համաձայն՝ ուսանողները Ֆինլանդիայում ավելի քիչ ժամանակ են անցկացնում տնային աշխատանքի վրա։ 2014թ. 15 տարեկանների շրջանակներում անցկացված հետազոտության տվյալների համաձայն՝ ուսանողները շաբաթվա ընթացքում միջինը 2.8 ժամ են անցկացնում տնային աշխատանք կատարելով։ ԱՄՆ-ում այս թիվը կազմում է 6.1 ժամ։ Ֆինլանդիայում մեծ տեղ են հատկացնում ազատ ժամանակ ունենալու գաղափարին։

Օրենքով ուսուցիչները 45 րոպե դասընթացից հետո պետք է 15 րոպե ընդմիջում տրամադրեն։ Հոգեբան և հետազոտող Պետեր Գրեյը կարծում է, որ ազատ ժամանակի անբավարար քանակը հանգեցնում է լրացուցիչ լարվածության և այլ հոգեբանական խնդիրների։

3. Ուսումն անվճար է։ Ֆինլանդիայում անվճար են ոչ միայն բակալավրի, այլև մագիստրոսական և դոկտորական ծրագրերը։ Ուսանողները կրթական վեհ նպատակներ են հետապնդում:

4. Բարձրորակ մասնագետներ։ Ֆինլանդիայում դասավանդումն ամենահարգված մասնագիտություններից մեկն է, միևնույն ժամանակ՝ սահմանված են լուրջ ստանդարտներ՝ դրանով զբաղվելու համար։ Մանկավարժի կրթություն ստանալու համար համալսարաններ դիմող 10 անձանցից միայն 1-ն է ընդունվում։ Նրանք այստեղ բավական բարձր են վարձատրվում։ ԱՄՆ-ում միջին ուսուցիչն ամեն տարի վաստակում է 41.000 դոլար, Ֆինլանդիայում՝ 43.000 դոլար։

Բացի այդ՝ ԱՄՆ-ում ոսուցիչներն ավելի երկար ժամանակ են աշխատում։ Աս դեպքում արդեն հեշտ է հասկանալ, թե ինչու ամերիկացի ուսուցիչները, ովքեր ավելի շատ են աշխատում և ավելի քիչ վարձատրվում, կարող են այնքան արդյունավետ չաշխատել, որքան ֆինն ուսուցիչները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս