«Այսօր Հալեպում ավելի հանդարտ է, քան նախկինում, բայց սպասողական վիճակում ենք». համայնքապետ

Նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Արևելյան Հալեպն ամբողջությամբ ազատագրվել է զինյալ խմբավորումներից։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը, առաջնորդվելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով, հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրվել է քաղաքի տարածքը, որտեղ ապրում է Հալեպի ավելի քան 90 հազար բնակիչ»։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել էր նաև Սիրիայի պետական հեռուստաալիքը։

Թե ի՞նչ է սա նշանակում Հալեպի հայ համայնքի համար՝ փորձեցինք պարզել Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ, վերապատվելի Հարություն Սելիմյանից։ Նա նախ՝ իրավիճակին անդրադառնալով, նշեց, որ  բավական մեծ փոփոխություններ տեղի ունեցան վերջին շրջանում աշխարհաքաղաքական զարգացումներում, որոնք թույլ տվեցին, որպեսզի Հալեպի հյուսիսային հատվածն ազատագրվի ազգային բանակի և ռուսական օդուժի միջոցով։ Ըստ նրա՝ այդ գործողությունների արդյունքում  շուրջ 15 հազար բնակիչ Հալեպի Արևելյան շրջանից դեպի Արևմտյան շրջան շարժվեց, որտեղ նրանց համար բուժօգնության, սննդամթերքի հատուկ կետեր էին նախատեսվել։

«Այս ամենը, բնականաբար, որոշ չափով հանգստացրեց հայկական թաղամասերում ու շրջաններում տիրող տրամադրությունները, քանի որ Հալեպի շրջակայքում գտնվող զինյալ  խմբավորումները  բավականաչափ հեռացան Հալեպի շրջակայքից, ինչը նշանակում է, որ ավելի քիչ ազդեցություն կունենան Արևմտյան Հալեպի  մեր թաղամասերի վրա, որտեղ մեր  բնակարաններն են, դպրոցներն ու եկեղեցիները։ Սակայն մեզ համար պարզ է նաև մեկ այլ հանգամանք, որ տեղի ունեցածը նոր քաղաքական լարումներ կառաջացնի, ինչպես  այսօր վաղ առավոտյան, երբ   իսրայելական օդանավերով հարձակում տեղի ունեցավ Դամասկոսի վրա, և Ռուսաստանի միջամտությամբ այդ  գործողությունը կասեցվեց։ Սակայն ԱՄՆ-ը կրկին  ամրապնդեց զինյալ  խմբավորումների, իսկ այս դեպքում՝ ԻՊ-ի դեմ, իր  պայքարի հաստատակամությունը։

Կարծեք թե, սա փոքր-ինչ ամրապնդում է սիրիական կողմի դիրքերը, ինչը ենթադրում է, որ Սիրիան պետք է մնա իր տարածքային ամբողջականության մեջ, հետևաբար՝ երկրի տարածքային բաժանումների  ծրագիրը հորիզոնից դուրս մնաց։ Զինյալ խմբավորումները, որոնք դեպի Արևելք են շարժվում, կվերադառնան Թուրքիա, որտեղից մտել են Սիրիա, և, բնականաբար, դա մեր անհանգստությունները մեղմում է, որովհետև հայկական թաղամասերը մի քիչ ավելի հանդարտ են այն իմաստով, որ շատ մոտակա, մերձավոր  տարածքի վրա գտնվող  զինյալ խմբավորումներն այլևս միջոց  չունեն մեր շրջաններն անհանգստացնելու համար, բայց չի բացառվում, որ իրենք հեռվից ավելի ուժեղ հրթիռներ օգտագործեն, դա երբեք չեն արել, բայց չի նշանակում, որ չպետք է մտածել այս մասին։

Ուստի  կարծում եմ, որ անվտանգությունը և՛ տեսական, և՛ գործնական իմաստով արդեն հաստատվել է, բայց քաղաքական անկայունություն կա, քանի որ չգիտենք, թե ինչ ուժեր այս օրերին դերակատարություն կստանձնեն»,- մեկնաբանեց Հարություն Սելիմյանը։

Անդրադառնալով անհրաժեշտ վերականգնողական ծրագրերի իրագործմանը հայ համայնքի կենսագործունեության ապահովման համար՝  Սելիմյանն ասաց, որ նման  ծրագրերը  Շտապօգնության և երեք համայնքապետերի օրակարգի գլխավոր կետն են։ Նրա վստահեցմամբ՝ ոչինչ չի փոխվել, այդ ծրագրերը պետք է իրականացվեն, որպեսզի հայ համայնքն անվտանգության հաստատման դեպքում անցնի իր բնականոն առօրյային։

«Բայց ծրագրերի իրագործման հստակ ժամկետը կախված է ընդհանուր անվտանգության իրավիճակից։ Այսօրվա տվյալներն այնպիսին չեն, որոնք թույլ են տալիս վաղվա համար վերականգնման ծրագրեր սկսել, որովհետև չենք կարող ասել, որ Հալեպն ամբողջությամբ ազատագրված է և անվտանգ իրավիճակում է։ Եթե սիրիական ազգային բանակն այս  թափով շարունակի մեկ ամիս, Հալեպը կազատագրվի, բայց ինչ տեղի կունենա այդ ընթացքում, մեզ հայտնի չէ, այսինքն՝ անորոշությունը դեռ առկա է։ Մենք  կանխատեսումներով ճանապարհ չենք ընկնելու։ Մեկ բան գիտենք, որ  այսօր ավելի հանդարտ է, քան նախկինում, բայց սպասողական վիճակում ենք»,- ասաց համայնքապետը։ Վերջինիս փոխանցմամբ՝ այս ընթացքում հայ համայնքն իր կրթական, մշակութային գործունեությունը շարունակում է ծավալել։

«Շտապօգնության այսօրվա նիստի ընթացքում քննարկել ենք մեր ժողովրդին սննդամթերք, ֆինանս բաշխելու հարցը, գաղութը եռուն վիճակում է, ունի 8 հազար հայ,  մեր դպրոցները, եկեղեցիներն ու ակումբներն անելու շատ բան ունեն՝ մեր մնացյալ հայերի հետ կապված։ Երբ գալիք  օրերին քաղաքականությունը մտնի իր կայուն և հանդարտ ընթացքի մեջ, երաշխավորվի քաղաքացիների անվտանգությունը, ունենք արդեն 1-2 ծրագրեր պատրաստ, որը կընդգրկի կիսափլատակ տների կառուցումը, որպեսզի  ընտանիքները վերադառնան իրենց բնակարաններ, և խանութների, վաճառատների, որոնք այսօր անգործածելի  վիճակում են, վերանորոգումները։ Այսինքն՝ ծրագրեր  կան, որոնք պետք է սկսել ճիշտ ժամանակին, որպեսզի մեր բյուջեներից մսխում չկատարվի, և  նաև քննադատության  առարկա չդառնանք»,- ասաց Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս