Արտահանման աճն ապահովել է հայկական կոնյակը

2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանման ծավալը կազմել է 274.1 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` Հայաստանից ԵՏՄ արտահանումն աճել է 55.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազաներից։

Արտահանման գլխավոր ուղղությունը Ռուսաստանն է, որին բաժին է ընկնում Հայաստանից ԵՏՄ արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան 95%-ը (260.6 մլն դոլար)։ Արտահանման գծով մեր երկրորդ գործընկերը Բելառուսն է` 3.1% (8.5 մլն դոլար), երրորդը` Ղազախստանը` 1.7% (4.7 մլն դոլար)։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից Ղրղըզստան արտահանվել է ընդամենը 246.4 հազար դոլարի ապրանք, որը Հայաստանից ԵՏՄ արտահանման ընդհանուր ծավալի 0.1%-ից էլ քիչ է։

Նշենք նաև, որ Հայաստանից ԵՏՄ արտահանումն աճել է բոլոր երկրների գծով։
Ամենից շատ աճել է Հայաստանից Բելառուս արտահանումը` 78.6%-ով։ Դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 54.6%-ով, դեպի Ղրղըզստան` 53.6%-ով, դեպի Ղազախստան` 48%-ով։

Իսկ ինչի՞ հաշվին է աճել Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանումը։ Աճի առաջատարներից մեկը, ինչպես նախկինում գրել ենք, լոլիկն է (որի դեպքում կասկածներ կային, թե իրականում հայկականի անվան տակ Ռուսաստան է արտահանվում թուրքական լոլիկը)։

Սակայն արտահանման մեջ շատ ավելի մեծ կշիռ ունի կոնյակը։

Արտաքին առևտրի տվյալներից դատելով` ԵՏՄ շուկայում այս տարի մեծացել է պահանջարկը հայկական կոնյակի նկատմամբ։

tert-brandy2

Այսպես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵՏՄ արտահանվել է մոտ 90 մլն դոլարի թունդ ալկոհոլային խմիչք (խոսքն արտաքին առևտրի 2208 կոդի մասին է, որի մեջ Հայաստանի պարագայում մտնում է հիմնականում կոնյակը)։

tert-export2

Ի դեպ, այս ապրանքախմբի մեջ է մտնում նաև «Ա և Գ» ընկերության կողմից արտադրված վիսկին, սակայն, որքանով հայտնի է, այդ վիսկին ԵՏՄ երկրներ չի արտահանվում։
Թունդ ալկոհոլային խմիչքների առևտրի ծավալները չափվում են, այսպես կոչված, բացարձակ լիտրերով (100% սպիրտի պարունակությամբ)։ Օրինակ, եթե նշվում է, որ արտահանվել է 1 բացարձակ լիտր, ապա դա համարժեք կլինի մոտավորապես 2.5 լիտր կոնյակի, քանի որ այնտեղ ալկոհոլի պարունակությունը 40% է։

Եվ այսպես, 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵՏՄ արտահանվել է 7 մլն 838.6 հազար բացարձակ լիտր թունդ ալկոհոլային խմիչք` 89.9 մլն դոլար մաքսային արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` թունդ ալկոհոլային խմիչքի արտահանման ծավալներն աճել են բնեղեն արտահայտությամբ 64.1%-ով, իսկ արժեքային արտահայտությամբ` 58.5%-ով։

Արտահանման մեծ մասը` ավելի քան 7.5 մլն լիտրը, արտահանվել է Ռուսաստան։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ` Հայաստանից Ռուսաստան թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումն աճել է բնեղեն արտահայտությամբ` 64.4%-ով, իսկ արժեքային արտահայտությամբ` 60.4%-ով։

Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է բնեղեն արտահայտությամբ` 44.4%-ով, արժեքային արտահայտությամբ` 19.9%-ով (արտահանման ծավալները` 223.9 հազար լիտր, 3.7 մլն դոլար)։

Հայաստանից Ղազախստան այս տարվա առաջին 9 ամիսներին արտահանվել է 55.8 հազար լիտր թունդ ալկոհոլային խմիչք` 1.08 մլն դոլար մաքսային արժեքով։ Բնեղեն արտահայտությամբ արտահանման ծավալն աճել է 2.6 անգամ, արժեքով` 72.8%-ով։
Հայաստանից Ղրղըզստան նույն ժամանակահատվածում արտահանվել է 4130 բացարձակ լիտր թունդ ալկոհոլային խմիչք` մոտ 48 հազար դոլար մաքսային արժեքով։ Նախորդ տարվա համեմատ համեմատությունը ներկայացված չէ։

Ինչ վերաբերում է ներմուծմանը, նշենք, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՏՄ երկրներից Հայաստան ներմուծումը կազմել է 719.2 մլն դոլար։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ` ԵՏՄ-ից Հայաստան ներմուծումն աճել է 2.9%-ով։
Այդ թվում, Ռուսաստանից ներմուծումն աճել է 3.3%-ով և կազմել 700.1 մլն դոլար։ Ղազախստանից Հայաստան ներմուծման ծավալն ավելացել է 2.3 անգամ` հասնելով 1.7 մլն դոլարի։ Բելառուսից ներմուծումը նվազել է 14.2 տոկոսով և կազմել 16.5 մլն դոլար։

Իսկ Ղրղըզստանի դեպքում նախորդ տարվա հետ համեմատական չկա` ներմուծման փոքր ծավալների պատճառով։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին Ղրղըզստանից Հայաստան ներմուծումը կազմել է ընդամենը 10 դոլար։

Տեսանյութեր

Լրահոս