Բաժիններ՝

«Բարի լույսը» շարունակում է մրցանակներ հավաքել

Զարմանահրաշ երկիր ենք և մի քիչ էլ տարօրինակ ազգ՝ լավ իմաստով, անշուշտ: Շարունակ կրկնում ենք, որ ֆիլմեր քիչ ենք նկարահանում, իսկ լավ ֆիլմեր, առավել ևս, սակայն կինոփառատոների պակաս, միևնույն է, չենք զգում: Ավելին, անգամ օվկիանոսից այն կողմ ունենք հիմնած  կինոփառատոն, որտեղ ներկայացվող ֆիլմերը պետք է ինչ-որ կերպ պարտադիր առնչվեն Հայաստանի հետ: Խոսքս «Pomegranate Film Festival»-ին է վերաբերում, որը, ի դեպ, նորություն չէ: Եվ արդեն 11-րդ ամենամյա «Pomegranate Film Festival»-ը կայացավ նոյեմբերի 16-20-ը Տորոնտոյում:

Այս տարի ևս կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել են հայ և օտարազգի ռեժիսորների այն ֆիլմերը, որոնք տարբեր կերպով առնչվում են Հայաստանին: Փառատոնում ներկայացվել է թվով 38 ֆիլմ՝ աշխարհի 14 երկրներից: Իսկ Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է մրցանակի: Նշենք, որ այս ֆիլմը Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային  13-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ» անվանակարգում արժանացել էր «Ոսկե Ծիրանի»: «Բարի լույս» ֆիլմը երիտասարդ ռեժիսորի  առաջին լիամետրաժ ֆիլմն է: Ռեժիսորն արդեն Հայաստանում է, սակայն ֆիլմը դեռևս շարունակում  է իր փառատոնային ճանապարհն աշխարհով մեկ: Եվ երբ «կշտանա» մրցանակներ հավաքելուց, կվերադառնա Հայաստան և կմտնի վարձույթ՝ կբարձրանա մեծ էկրաններ՝ բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան տեսնել «Բարի լույսը»: Այս առիթով և ոչ միայն, մենք զրուցեցինք ռեժիսոր Աննա Արևշատյանի հետ:

bari-luis-10

– Ֆիլմը բավականին հաջող փառատոնային կյանք ունի և դեռ անցնում է իր ուղին: Մեր նախորդ զրույցի ժամանակ, երբ Դուք դեռ նոր էիք նկարահանում ֆիլմը, նշել էիք, որ հատուկ փառատոների համար չեք նկարում այդ ֆիլմը:

Կարդացեք նաև

– Ես իմ խոսքից ետ չեմ կանգնում, քանի որ պարզապես չկա նման հասկացողություն՝ նկարահանել ֆիլմ հատուկ փառատոների համար: Ոչ մի ռեժիսոր չի կարող վստահ ասել, որ իր նկարահանածը հաջողություն կունենա փառատոնային ֆիլմերի ցանկում: Իհարկե, կան ռեժիսորներ, որոնք նկարահանում են ֆիլմեր՝ հատուկ ընտրված փառատոներին մասնակցելու համար: Սակայն անգամ այդ պարագայում դա կրակոց է անհայտության մեջ: Երբեք չես կարող կռահել, թե ի՞նչ չափորոշիչներով են գնահատվում ֆիլմերը, և ովքե՞ր են գնահատողները:

bari-luis-6

– Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի ֆիլմն արժանանա ժյուրիի ուշադրությանը:

– Մեծամասամբ այդ ուշադրությունը լավ գովազդի, ծանոթության հետևանք է: Խոսքս պաստառային գովազդին չի վերաբերում, այլ քո անվան և ֆիլմի շուրջ գոյություն ունեցող հետաքրքրության: Այլ կերպ ասած՝ քեզ պետք է ճանաչեն, եթե ուզում ես, որ ֆիլմդ ուշադրության արժանանա հեղինակավոր միջազգային կինոփառատոներին: Մենք չունենք այդ կապերը:

– «Մենք»-ն ովքե՞ր են:

– Մենք՝ ես, ինձ պես հայ ռեժիսորները չունեն այդ կապերը, որպեսզի հետաքրքիր լինենք եվրոպական հեղինակավոր կինոփառատոներին: Կոպիտ է հնչում, բայց մենք՝ հայ կինեմատոգրաֆիստներս, չենք կարողանում այդ ալիքի մեջ մտնել: Ես ֆիլմ եմ նկարել հայերիս մասին, հայերիս համար:

bari-luis-1

bari-luis-3

– Ինչո՞ւ ընտրեցիք 90-ականները:

– Ես գիտեմ 90-ականները, դա իմ մանկությունն է: 90-ականներ ասելով՝ հասկանում ենք մի ամբողջ սերունդ, որն ապրել է բոլորովին այլ իրականության մեջ: Անդրադարձել եմ 90-ականներին և այդ ժամանակաշրջանում առկա խնդիրների շնորհիվ՝ խոսել մերօրյա իրականության մասին: Ֆիլմում չկա քաղաքականություն, ֆիլմում մարդկային պատմություններ են, սոցիալական խնդիրներ:

– Բոլոր արվեստագետները  մեծամասամբ իրենց գրքերում, ֆիլմերում, կտավներում պատմում են իրենց մասին: Կամ գոնե ինչ-որ «հատված» իրենցից ներառում են իրենց ստեղծագործության մեջ: Սակայն ո՞վ է ասել, որ, օրինակ՝ Ձեր պատմությունը կարող է հետաքրքիր լինել մեկ այլ մարդու: Եվ ինչո՞ւ դա պետք է հետաքրքրի նրան:

– Արվեստով զբաղվող մարդու ստեղծածը ոչ թե իրեն է հետաքրքիր, այլ դա իր պատմությունն է:

bari-luis-2 bari-luis-7

– Իսկ ինչո՞ւ իմ կամ Ձեր պատմությունը պետք է հետաքրքրի մեկ այլ մարդու:

– Սեփական պատմությունը մեկ այլ մարդու համար հետաքրքիր դարձնելու խնդիր չկա դրված ինձ մոտ: Եթե մարդկության պատմության ընթացքում ստեղծագործողներն իրենց առջև նպատակ դնեին՝ հետաքրքրություն առաջացնել իրենց ստեղծածով, ապա չէր ստեղծվի  որևէ շեդևր:

– Մինչ «Pomegranate Film Festival»-ում մրցանակի արժանանալը, Դուք՝ Ձեր ֆիլմով, ԱՄՆ-ում մասնակցել եք ևս 2 կինոփառատոնի:

– «Pomegranate Film Festival»-ին ես ներկա չեմ գտնվել, ֆիլմս առանց ինձ է մրցանակ շահել: Ես մինչ այդ եղել եմ ԱՄՆ-ում՝ մասնակցելու այլ փառատոների, որոնցից մեկն է «Սերակուզի ֆիլմ» փառատոնը և «Արփա»-ն: Ես վերադարձել եմ ԱՄՆ-ից, հետո միայն իմացել, որ «Բարի լույսը» մրցանակի է արժանացել «Pomegranate Film Festival»-ին:

bari-luis-8

– Որքա՞ն է կազմել «Բարի լույսի» բյուջեն:

– 300.000 դոլար: Դա շատ քիչ գումար է նման ֆիլմի համար: Ասելով՝ նման ֆիլմ, նկատի ունեմ այն հանգամանքը, որ ֆիլմում ժամանակաշրջան է ցուցադրվում: Իսկ դա նշանակում է՝ տվյալ ժամանակաշրջանի հագուստ, ռեկվիզիտ, անգամ՝ օդ ու գույներ:

– Ի՞նչ փոփոխություններ բերեց ֆիլմը Ձեր կյանքում:

– Ֆիլմի նկարահանման ընթացքում ես հղի էի: Ֆիլմի նկարահանման վերջին օրը ծնվեց որդիս: Նկարահանման վերջին օրը ծննդատնից զանգահարել եմ և խնդրել, որ նկարահանումն առանց ինձ սկսեն: Ընդհանուր առմամբ, «Բարի լույս» ֆիլմն իմ կյանքում շատ կարևոր և լուսավոր փոփոխություններ է բերել:

bari-luis-5

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս