«Ապրիլյան պատերազմի կրկնությունն անցանկալի սցենար է Ռուսաստանի համար». Եվսեև

«Հայ-ռուսական միացյալ զորախումբը բացառում է ՀՀ տարածք ներխուժումը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ-ռուսական միացյալ զորախմբի գործառույթներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին։

Ըստ այդմ, ՌԴ ՊՆ-ն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ կվարի հայկական կողմի հետ և համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի անունից։ Ի դեպ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորմանը՝ մասնավորապես, նշելով, որ զորամիավորումը նորություն չէ և ստեղծվել է դեռևս 1990-ականների սկզբին։

«Գոյություն ունի հրամանատարություն, կան ուժեր և միջոցներ։ Մենք, իհարկե, մանրամասն կուսումնասիրենք այն նորությունները, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով կներառվեն համաձայնագրերում»,- ասել էր Սերժ Սարգսյանը: ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը փորձեց պարզաբանել, թե ինչով է զբաղվելու զորախումբը, և ինչու է ռուսական կողմը որոշել թարմացնել պայմանագիրը։

Ի տարբերություն հայաստանյան մի շարք փորձագետների, որոնք պնդում են, որ զորախումբը Հայաստանում ռուսական խնդիրներ է լուծելու, Եվսեևը վստահ է, որ հայ-ռուսական համատեղ խմբավորումն ապահովում է հենց Հայաստանի անվտանգությունը։  Ըստ Եվսեևի՝ զորախմբի  վերահսկողության ներքո ԼՂ-ն չի լինելու։ Բայց ռազմական փորձագետի համոզմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զորախումբը ենթադրում է  միասնական ՀՕՊ համակարգ,  ԼՂ-ն  փաստացիորեն «կծածկի»։ Թեև փորձագետը նաև ընդունեց, որ   ապրիլյան պատերազմում այդ  ռազմական ավիացիան չաշխատեց։

«Այսինքն՝ ֆորմալ կերպով այդ տարածքը չի վերահսկվում, բայց ՀՕՊ-ը կարող է տվյալներ տրամադրել Ղարաբաղի վերաբերյալ, քանի որ  ՀՕՊ համակարգերը լուրջ հեռահարության հնարավորություններ ունեն։ Հիմնական խնդիրները Հայաստանի համար ռազմական սպառնալիքի չեզոքացումն է։  Երկու երկրի կողմից կարող է լինել այդ սպառնալիքը՝ Թուրքիայի և Ադրբեջանի, այստեղ խոսքը նաև հայ-ադրբեջանական սահմանի մասին է, այդ թվում՝ Նախիջևանի, ուստի ենթադրում եմ, որ այդ խմբավորումը բացառում է ՀՀ տարածք ներխուժման հնարավորությունը և երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Ղարաբաղի վերաբերյալ ևս սա կարող է կիրառելի լինել։

Համատեղ խմբավորումը, բնական է, որ ռուսական կողմից   ձևավորվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ուժերի հաշվին, որտեղ ևս որոշակի մոդեռնիզացիայի աշխատանքներ են տարվում՝  տեղի ունեցավ կործանիչների մոդեռնիզացիա, իմ տվյալներով՝ ամրապնդվել է նաև ուղղաթիռների պարկը։ Այսինքն՝ ռուսական կողմը ներկայացված է  բազայով, իսկ ո՞վ է հայկական կողմից՝ ինձ հայտնի չէ»,- մանրամասնեց Եվսեևը։

«Ո՞րն է ռուսական շահն այս պայմանագրում» հարցին Եվսեևը պատասխանեց, որ սա այն է, ինչի վրա Հայաստանն իր սահմանների հարցում կարող է հույս դնել։

«Հաշվի առնելով ուժերի կազմը, հաշվի առնելով նաև նոր սպառազինությունը, որը Հայաստանին մատակարարվել է, չեմ կարծում, որ իրական ռազմական  սպառնալիք առաջանա, որը  կարող է հանգեցնել ՀՀ տարածք ներխուժման, սա կբացառի ներխուժումը։ Ապրիլյան  պատերազմը լուրջ դասեր տվեց շատերին։

Կարծում եմ, որ Ռուսաստանի համար նման զարգացումն անցանկալի էր, մեր կողմը կցանկանա, որ ապրիլյան ողբերգական իրադարձությունները  չկրկնվեն։ Թե կոնկրետ ինչպիսի ռազմատեխնիկական բնույթի միջոցներ են կիրառվելու, դեռևս  բարդ է ասել, բայց Գյումրիի ռուսական ռազմաբազայի ներուժն ընդլայնվելու է, և  այն, որ մատակարարումներ եղան Հայաստան, դա ևս  լավ ազդանշան է, ազդանշան  նրանց, ովքեր ցանկանում են նոր պատերազմ սկսել, խոսքն «Իսկանդերի» մասին է։

Իհարկե, Ադրբեջանը կարող է երազել սուպեր զինամթերքի մասին, բայց  որտեղի՞ց դա պետք է վերցնի, Պակիստանից զենքի գնումները չեն կարող առավելություն տալ  պատերազմի վերսկսման համար, քանի որ Ռուսաստանը նման զենք չի վաճառի Ադրբեջանին, Ռուսաստանը պարտավորություններ ունի Հայաստանի առջև, իսկ մեկ անգամ ևս կրկնեմ, որ ապրիլյան իրադարձությունների կրկնությունն անցանկալի սցենար է Ռուսաստանի համար, այդ պատճառով է Ռուսաստանը նման քաղաքականություն որդեգրել»,- ասաց Եվսեևը։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս