Ցանկանում եք աշխատա՞նք գտնել. համալսարաններ, որտեղ պետք է սովորել
Դուք կարող եք տարիներով լավ սովորել համալսարանում և ունենալ այն ավարտելու վկայական։ Բայց որքանո՞վ է համալսարանը ձեզ պատրաստում աշխատանքին։ Weforum.org կայքը գրում է, որ Times Higher Education-ը հրապարակել է ցանկ, որը ներկայացնում է, թե որ համալսարաններն են ավարտում աշխատանքի պատրաստ ուսանողներ։ Ցանկը կազմված է 34 երկրների 150 համալսարաններից։ Այն կազմելիս հիմք են ընդունվել 20 երկրների 2500 գործատուների կարծիքներ, թե ինչի վրա են ուշադրություն դարձնում ուսանողներին աշխատանքի ընդունելիս, և որ համալսարաններն են «արտադրում» ամենաշատն աշխատանքի ընդունվող ուսանողները։
ԱՄՆ համալսարանները զբաղեցնում են ցանկի առաջին հորզոնականները. թոփ տասնյակի 6 համալսարաններն այս երկրում են գործում. ընդ որում, թոփ 3-ը ևս ԱՄՆ համալսարաններն են։ Առաջին հորիզոնականում Կալիֆոռնիայի տեխնոլոգիայի ինստիտուտն է։ Մեծ Բրիտանիայում գործող երկու համալսարան է ներառվել թոփ 10-ում. Գերմանիայի և Ճապոնիայի դեպքում թոփ տասնյակում միայն մեկ համալսարան է հայտնվել։ Ցանկն այնուհետև ավելի «միջազգային» է դառնում. դրանում ներառված են ֆրանսիական, չինական, կանադական համալսարաններ, որոնք հորիզոնականներ են զբաղեցնում 20-յակում։
Բարձր հորիզոնականներ զբաղեցնող որոշ համալսարաններ, ինչպիսիք են Կալիֆոռնիայի տեխնոլոգիայի ինտիտուտը (California Institute of Technology), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (Massachusetts Institute of Technology) և Քեմբրիջի համալսարանը, բարձր հեղինակություն ունեն՝ արտադրության և նախաձեռնող միջավայրի հետ կապերի շնորհիվ։ Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, մասնագիտական փորձն ավարտական ծրագրերի հիմնական մասն է կազմում։
«Քաղաքական լուրջ շրջադարձի տարում, երբ երիտասարդ ուսանողներն ականատես են եղել Brexit-ին և ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի անսպասելի ընտրությանը, շատերը կորոնեն համալսարան, որն «արտադրում» է ուսանողներ, ովքեր մեծապես գնահատվում են և աշխատանքի ընդունվում»,- ասել է Times Higher Education-ի այս ցանկի խմբագիր Ֆիլ Բեթին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը