Ծառայակից ընկերը խոստացել էր զորացրվելու ժամանակ դիմավորել Արամին
Այսօր ապրիլյան պատերազմի ընթացքում Ջրականի (Ջեբրայիլի) մարտական դիրքերից մեկում զոհված զինծառայող Արամ Աբրահամյանի ծննդյան օրն է: Արամը ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը: Քառօրյա պատերազմի ժամանակ զինծառայողը հերոսաբար մարտնչել է թշնամու դեմ եւ նահատակվել:
Ծառայակից ընկերներից Վարազդատ Վարդանյանը ճանաչում էր Արամին դեռեւս պատանեկան տարիներից, մեկ տարի միասին բանակում են ծառայել, իրար հետ «դիրք պահել»:
«Մեր ընկերներից մեկն ինձ զանգեց, ասաց՝ Արամը գալիս է, պետք է դիմավորել: Ես էլ գնացի դիմավորեցի, սկզբում ուրիշ գումարտակում էր, հետո տեղափոխվեց մեզ մոտ: Միշտ հիշում եմ Արամին, իր ժպիտը… Ընկերասեր էր ու բոլորին հասնող: Ծրագրեր ուներ՝ հատկապես ուսման հետ կապված: Սովորում էր Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում, ուզում էր ավարտել, հետո եւս մի տեղ սովորել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց զինծառայողի ընկերը:
Ընկերոջ հետ կապը միշտ պահպանել են, իրար հետ խոսել են դեպքից մի քանի ժամ առաջ:
«Ես գիտեի՝ երբ էր բարձրանում, երբ իջնում, գիտեի՝ ինչ դրություն է, շատ բան չէի ցանկանում հարցնել, պարզապես ուզում էի իմանալ՝ ինչպես է: Հետո արդեն մեր ընկերներից մեկը զանգեց, տեղեկացրեց դեպքի մասին, բայց ասաց՝ դեռ հաստատ չէ: Ես մինչեւ վերջին պահն էլ չէի ուզում հավատալ, որ իրոք նման բան է պատահել»:
Վարազդատը զորացրվել էր 2015 թվականի դեկտեմբերին ու խոստացել Արամին, որ անպայման դիմավորելու է նրան, երբ զորացրվի:
«Ընկերներով հավաքվել էինք՝ մնաս բարով ասելու, Արամն ասաց՝ փաստորեն, գնում ես, ընկերոջդ մենակ ես թողնում, ես էլ ասացի՝ չէ, օրը կգա, բարին էլ հետը, ախպերդ կգա քեզ անձամբ կդիմավորի: Այդպես էլ պայմանավորվել էինք:
Միշտ էլ հիշում եմ ու կհիշեմ Արամին, հաճախ եմ այցելում հարազատներին: Ճիշտ է, բոլորը պետք է ծառայեն բանակում, ցանկալի կլինի, որ նաեւ դիրքեր պահեն, բայց թող խաղաղություն լինի, բոլորն իրենց պարտքը կատարեն ու վերադառնան»,-եզրափակեց ծառայակից ընկերը: