Ձմռան օձերն անշարժ են. որն է Երևանի կենտրոնում օձի հայտնաբերման պատճառը
Հայաստանում օձերի հայտնաբերման ահազանգերն այս տարի մոտ 130-ով պակաս են նախորդ տարվա համեմատ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արսեն Մկրտչյանը, 2015 թվականին օձի հայտնաբերման 670 դեպք է գրանցվել, 2016-ին` 537: «Օձերի հետ կապված ահազանգերը հիմնականում ստացվել են ամռան ամիսներին: Նախորդ տարի սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին ստացվել է օձի հայտնաբերման 167 ահազանգ: 2016 թվականի նույն եռամսյակում ահազանգերի թիվը կազմել է 117»,-ասաց նա:
Մկրտչյանի խոսքով` օձի խայթոցից նախորդ տարի սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին տուժել է 19 մարդ, այս տարի` 14: Նոյեմբերին տուժողներ չեն գրանցվել: «2015 թվականին օձի խայթոցի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի: Այս տարի, բարեբախտաբար, զոհեր չունենք, միայն տուժածներ են»,-ասաց Մկրտչյանը, հավելելով, որ մարդկանց մոտ օձերը հիմնականում վախ են առաջացնում եւ մարդիկ, օրինակ, լորտուից վախենում են նույն կերպ, ինչպես կվախենային գյուրզա տեսակի օձից:
Հարցին, թե օձերը հայտնաբերվելուց հետո որտեղ են տեխափոխվում, ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալը նշեց, որ թունավոր օձերը հիմնականում տեղափոխվում են Երեւանի կենդանաբանական այգի, իսկ ոչ թունավորները` բնակավայրերից հեռու բաց են թողնվում:
Կենդանաբանական այգու ակվատեռարիումի բաժնի վարիչ, սողունաբան Կարեն Մարտիրոյանը բացառեց այս եղանակին մայրաքաղաքում օձերի ակտիվությունը: «Արեւի հետ, օձերի որոշ տեսակներ կարող են դուրս գալ ձմեռանոցներից: Օձերը ձմռանը հիմնականում պատսպարվում են արվարձաններում»,-ասաց նա:
Անդրադառնալով Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում կայանված մեքենայի վրայից հայտնաբերված օձին, սողոնուբանը չբացառեց, որ օձը կարող է մեքենայի մեջ մտած լինել շրջաններից որեւէ մեկում կամ հնարավոր է դա լինի ինչ-որ մեկի պահած օձը, որը փախել է:
«Քանի որ օձերի մարմնի ջերմաստիճանը կախված է շրջակա միջավայրի ջերմաստիճանից, այս եղանակին օձերը գրեթե անշարժ են, սակայն վտանգը միեւնույնն է՝ տարվա բոլոր եղանակներին»,-հավելեց նա:
Հայաստանում ապրում է 24 տեսակի օձ, որոնցից թունավոր են համարվում 4-ը: