Կարեն Կարապետյանը փոխվեց
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ որոշել է անդամակցել Հանրապետական կուսակցությանը, քանի որ վերջինս որոշել է փոխվել և փոխել։ Իսկական նախընտրական կարգախոս։ Մի քիչ սպառնալից։ Բայց կարևորը՝ հնչեղ է։ Փոխել և փոխվել։ Ժամանակին հանրապետականները հորդորում էին հավատալ, որ փոխվեն։ Չստացվեց։ Փոխվեց երկիրը։ Դեպի ավելի վատը։ Հանրապետականները մնացին նույնը։ Հիմա նրանք ուզում են փոխվեն, որ փոխեն կամ փոխեն, որ փոխվեն։
Ինչպես են փոխվում մարդիկ, եթե ընդհանրապես փոխվում են։ Եթե հարցը մարդաբանական է, կարելի է մեջբերումներ կատարել զանազան տեսություններից կամ կրոններից՝ քավությունից մինչև սանկսարաներ անցնելու մասին։ Բայց եթե հարցը ոչ թե մարդաբանական է, այլ քաղաքական, ինչպես ներկայացվում է մեր օրերում, ապա բանականության ու օրենքի շրջանակներում պատասխաններ գտնելը դժվար է։ Գրեթե անհնար։
Ասենք՝ ինչպե՞ս է փոխվելու կաշառակեր պաշտոնյան կամ բթամիտ պատգամավորը։ Դադարելո՞ւ է կաշառք վերցնել։ Հնարավոր է։ Իսկ անցյա՞լը։ Փաստորեն, այսօրվա փոփոխությունը հանրապետականներին ազատում է անցյալի հանցագործությունից։ Հրաշալի տարբերակ է։ Մնում է փոփոխության ու համաներման օրը հայտարարել, որպեսզի բոլոր հանրապետականները հասցնեն հավասարաչափ կաշառքներ վերցնել, ատկատավորվել ու հավասարվել մեկը մյուսին։ Դա կլինի կուսակցական արդարություն։
Հակառակ դեպքում ազնիվ չէ՝ այսօր գիծ քաշել այն դեպքում, երբ, օրինակ, հանրապետականներից մեկն անցյալում կարողացել է ընդամենը 12 միլիոն դոլար «աշխատել», իսկ մյուսը՝ ամբողջ 52։
Ինչպե՞ս են փոխվելու պատգամավորները, որոնց օրենսդրական գործունեությունը սկսվել և ավարտվել է հայհոյախոսությամբ։ Չե՞ն հայհոյելու։ Թե՞ որդիներին սովորեցնելու են այլևս չհայհոյել ու ուղարկելու են խորհրդարան։ Իրենց փոխարեն։ Ինչպե՞ս են փոխվելու զանազան ԾԻԳ-երի անհայտ տնօրեններն ու ՊՈԱԿ-ների ղեկավարները, որոնց անունները հանրությանը հայտնի չեն, սակայն հայտնի են նրանց ունեցվածքների թվաբանական արտահայտությունները։ Փոխվելու են և վե՞րջ։
Հայաստանը ժողովրդավարության բացառիկ օրինակ է։ Եզակի։ Հետամնաց ժողովրդավարություններում չեն զարգացել այնքան, որպեսզի մի օր հայտարարեն ինքնափոխվելու մասին ու շարունակեն վայելել իշխանությունը։ Ահա այդ հետամնացներն այնքան չեն հասունացել, որ ոչ թե ինքնափոխվում են, այլ, պատկերացրեք, ընտրություններ են կազմակերպում ու փոխում են իշխանությանը: Ոչ թե ներքուստ, փիլիսոփայաբար, այլ անվանապես՝ կուսակցություններին ու մարդկանց։
Հայաստանում ժողովրդավարությունը զարգացել է աննախադեպորեն, ու այլևս ընտրության կարիք չկա։ Ընտրությունն ընդամենը ծես է, որը չի ազդում ընտրության օբյեկտի՝ իշխանության փոփոխության վրա։ Բավական է ընդամենն ընտրությունից մի քանի ամիս առաջ հայտարարել ինքնափոխման մասին ու գնալ-մասնակցել ծեսին։
Համախոհների բանակով ու հոգեհարազատությամբ։ Պահպանողական։ Ու ցեղակրոն։