«Զարմանում եմ այն օլիգարխների վրա, ովքեր համաձայնել են Մոնումենտից մինչև Սարի թաղ հատվածում առանձնատներ կառուցել. դա էրոզիայի տեղ է». Կարինե Դանիելյան
«Երևանի քաղաքապետարանն ունի քաղաքաշինական խորհուրդ, որի անդամն եմ վերջին տարիներին, բայց Երևանի պուրակների խնդիրների մասին այնտեղ քննարկումներ չեն եղել: Այսինքն՝ նախագծերը չեն ներկայացվել, ու շատ դեպքերում առանց դրանք ներկայացնելու պուրակներում սկսում են շինարարություն անել: Եթե ներկայացնում են, այնտեղ բավականին էկոլոգիական ՀԿ-ներ կան, որոնք ասում են, որ էկոլոգիային վնաս չպետք է լինի: Ի վերջո, ստացվում է այնպես, որ քաղաքաշինությունը Երևանում որոշում են միայն փողատեր մարդիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ ինչ ուզում՝ անում են:
«Օպերայում կուզենան, Հանրապետության հրապարակում կուզենան՝ կիրականացնեն շինարարություն: Դրանով շատ մեծ վնաս է հասցվել քաղաքին, որովհետև հակաէկոլոգիական քաղաքաշինություն է իրականացվել: Նաև սեյսմիկ անվտանգությունն է վնասվել: Հյուսիսային պողոտան կարող է օրինակ ծառայել, թե ինչպես չի կարելի կառուցել»:
Բնապահպանն ընդգծեց՝ մի ձեռքով ստորագրում են կոնվենցիաներ, որ պետք է ադապտացվենք կլիմայի փոփոխությանը, իսկ մյուս ձեռքով՝ քարե անապատ սարքում, քաղաքի վնասներն ու վտանգները մեծացնում: Նրա խոսքով՝ Երևանը պաշտպանված չէ նաև սելավներից. «Կլիմայի փոփոխության պայմաններում սելավների վտանգները խիստ աճել են: Մենք փակեցինք սելավատարը, հիմա այն չի մաքրվում այնպես, ինչպես պետք է, լցվում է աղբով, և այն, ինչ եղավ Թբիլիսիում, կարող է մեզ մոտ էլ լինել: Ուժեղ անձրևների պարագայում ստորգետնյա անցումներն անցնում են ջրի տակ. դա արդեն ահազանգ է քաղաքի համար, որ հասկանան՝ վտանգված է»:
Բնապահպանը մի կարևոր խնդրի մասին էլ խոսեց:
«Ինձ համար կարևոր էր այն կանաչ շերտը, որը կար Մոնումենտից մինչև Սարի թաղ, որը վաղուց արդեն բաժանված է օլիգարխներին՝ իրենց առանձնատները կառուցելու համար: Ես նաև զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր համաձայնել են այդտեղ կառուցել, որովհետև դա էրոզիայի տեղ է: Իրենք կարող են մեծ գումարներ ծախսել, առանձնատներ կառուցել, հետո բախվել էրոզիայի խնդրին՝ լանջը կարող է սահել: Պատահական չէ, որ այդտեղ անտառ էր, որը ոչ միայն օդն էր մաքրում, այլև լանջն էր պահում: Նույնը՝ Օղակաձև այգում»,- նկատեց բնապահպանը: