Կեղծ օպտիմալացում. Ինչո՞ւ է խորհրդարանական կառավարման անցնող պետությունն ավելացնում նախագահի աշխատակազմը

Կառավարությունն օպտիմալացումների ակտիվ գործընթաց է սկսել՝ կրճատելով պետական ոչ առևտրային կազմակերպությունները: Գործադիրի նիստերից մեկում վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, թե «օպտիմալացում» բառը փոխարինում են «կտրուկ կրճատմամբ», որպեսզի օպտիմալացումը տարբեր կերպ չմեկնաբանվի: Ամեն դեպքում նպատակը մեկն է՝ պետական կառավարման համակարգի փոքրացում:

Սակայն ուշագրավ է, որ կրճատումների գնացող կառավարությունը 2017-ի բյուջեով շարունակում է մեծացնել մյուս գերատեսչական կառույցների աշխատակազմերի թիվը: Ընդ որում՝ խորհրդարանական կառավարման անցնող պետությունն ավելացնում է նախագահի՝ առանց այդ էլ «հզոր» աշխատակազմը՝ այն 370-ից դարձնելով 417: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներն ավելանում են 70-ով՝ դառնալով 396, քննչական կոմիտեի աշխատողներն ավելանում են 38-ով՝ դառնալով 1035, և այլն:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում միանգամայն անընդունելի համարեց իշխանական մարմինների աշխատողների այս ավելացումներն ու, ընդհանրապես, այդ կառույցների ուռճացվածությունը:

«Սրանք արյուն ծծողներ են: Օրինակ՝ քննչական կոմիտեում ի՞նչ են անում 1035 հոգին: Պատկերացնո՞ւմ եք, երկրի այս աղքատ վիճակում սրանք ինչ աշխատավարձեր են ստանում: Դատախազության ապարատ՝ 629, ԴԱՀԿ՝ 413, մարզպետարաններից՝ Գեղարքունիք՝ 184, Արագածոտն՝ 121, Արարատ՝ 133, Լոռի՝ 150, Կոտայք՝ 137, և այլն: Ի՞նչ են անում մի մարզպետարանում այդքանը: Ու սա գիտե՞ք ինչ փողեր է տանում: Նախագահականում ծախսը մեր ժամանակ 1 մլն դոլար էր, հիմա 8 մլն դոլար է»,- ասաց Ա. Մանուկյանը:

Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանի նախաձեռնած փոփոխություններն ու կրճատումներն էլ կոսմետիկ են: Արամ Մանուկյանի կարծիքով՝ այդտեղ խնդիրն այնքան այդ ապարատի ուռճացված լինելը չէ, ինչքան նրան սպասարկող հարկ մուծողի պակասելը. «Մենք այս ապարատը, օրինակ, եթե անգամ պահենք նույն ձևով, տարեկան 50 հազար հոգի պակասում է սրան սպասարկողը: Այսինքն՝ մնացած մեր քաղաքացիների վրա, որոնք չեն արտագաղթել և բարիք են ստեղծում, նրանց ուսի բեռն ավելանում է: Սա է խնդիրը: Իսկ իրենք այս մարտահրավերը, այս փոփոխությունը չեն տեսնում: Ուտող բերանն ավելանում է, կերակրող ձեռքերը՝ պակասում»:

Տեսանյութեր

Լրահոս