«Զբոսաշրջության ոլորտում պետք է հեղափոխություն անել». Սուրեն Կարայան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանն այսօր հանդիպեցին Ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ:
Ս. Կարայանն ասաց, որ ամեն ամիս նման հանդիպում պետք է կազմակերպեն, քանի որ պետք է ավելի արագ տեմպերով կարգավորել զբոսաշրջության ոլորտը:
«Այս ոլորտի տված արդյունքները զգալի են լինում բոլոր խավերի համար: Զբոսաշրջության ոլորտում մենք շատ ենք կարևորելու պետական-մասնավոր համագործակցության ֆորմատը: Մենք պատրաստակամ ենք ցանկացած ձևաչափով համագործակցության և օժանդակության: Ակնկալում ենք լսել նոր մտքեր, որովհետև զբոսաշրջությունն ամենաարագ զարգացող ոլորտներից է, ու այս 1.5 ամսվա ընթացքում հասկացա, որ մեծ պոտենցիալ ունենք այս ոլորտում ու կարող ենք այն զարգացնել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ոլորտում պետք է հեղափոխություն անել, ու նախարարությունը կօժանդակի տուրօպերատորներին:
«Ավելացված արժեքի հարկի մասին» (ԱԱՀ) օրենքի վերաբերյալ «Ներգնա տուրօպերատորների միության» անդամների բողոքներին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ տեղյակ է այդ խնդրին.
«Դա շղթայական հարկ է, ու պետք է քննարկենք: Մյուս շաբաթվա ընթացքում հատուկ այդ թեման կքննարկենք, բայց այսօր միայն այդ թեմայի վերաբերյալ չխոսենք»:
Տուրօպերատորների միության անդամները, սակայն, նշեցին, որ, եթե փոփոխություններ չլինեն ԱԱՀ մասին օրենքում, ապա մնացած բոլոր քննարկումներն անիմաստ են:
Նախարարը նշեց, որ շտապում է ԱԺ, ու դուրս եկավ սրահից, սակայն հանդիպումը շարունակեց Զարմինե Զեյթունցյանը (գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի դուստրը), ով հավելեց, որ մասնավոր սեկտորի գործոնն այս ոլորտի զարգացման հարցում շատ կարևոր է.
«Պետք է շահագրգռել մասնավոր սեկտորին՝ շատ ավելի հետաքրքիր փաթեթներ ստեղծել, արտադրանքների մասին մտածել: Այստեղ կա նաև գիտական ոլորտը ներգրավելու ցանկություն, որովհետև շատ հաճախ մենք ինքներս չգիտենք՝ ինչ հարստություններ ունենք մեր երկրում»:
Զ. Զեյթունցյանի խոսքով՝ կոմիտեի գործառույթները դեռ մշակման փուլում են, ու ամեն ինչ արվում է 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու համար.
«Շատ կարևոր է Հայաստանի ճանաչելիությունը: Մենք գծել ենք արժեքային շղթան ու եկել այն եզրակացության, որ կան մի քանի ոլորտներ, որտեղ Հայաստանը պատշաճ ներկա չէ՝ ելնելով 21-րդ դարի մարտահրավերներից: Այսինքն՝ Հայաստանը ճանաչել ոչ թե՝ որպես պատերազմական և կոնֆլիկտային գոտի, ոչ թե՝ միայն Ցեղասպանություն տեսած, այլ ճանաչել՝ որպես բարեկեցիկ, պրոգրեսիվ և այնպիսի երկիր, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում ներդրումների համար: Դրա համար շատ մեծ գործեր կան անելու: Չթերագնահատելով նախկինում կատարված աշխատանքը՝ ուզում եմ ասել, որ մենք ունենք շատ բացեր, որոնց համար հրաշքներ պետք չի գործել, պետք է ուղղակի փակել դրանք, աշխատանքը կարգավորել այնպես, որպեսզի զբոսաշրջիկները Հայաստան գան խմբային տուրիզմով: Մեզ համար խնդիր է նաև, որ այսօր վաճառում ենք միայն հումքը, բայց պետք է կարողանանք ճիշտ փաթեթավորել այդ տուր-պրոդուկտը ու ներկայացնել թիրախային երկրներին՝ Ռուսաստան, Չինաստան, Ճապոնիա, և այլն»:
Նա նաև նշեց, որ նպաստավոր պայմաններ կան էկոտուրիզմի, ուխտագնացությունների զարգացման համար. «Մեր երկրում կարևոր է ոչ միայն մշակութային, այլ նաև մարդկային գործոնը. ով գալիս է Հայաստան, մեծ մասը հուզված է գնում այստեղից, որովհետև մարդիկ ջերմ են»: