«ԱՄՆ-ի ժողովրդի համար կարևոր չէր՝ ում են ընտրում, այլ կարևոր է, որ իրենց ընտրությունը լինի, և ոչ թե՝ դրսից փաթաթված». Քաղաքագետ

«Շատ կարևոր է այն փաստը, որ Հիլարի Քլինթոնը շնորհավորեց Դոնալդ Թրամփին»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ խոսելով ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրության մասին՝ նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս քարոզարշավը շատ ծանր էր գնում՝ փոխադարձ մեղադրանքներ, կոմպրոմատներ, բայց շատ կարևոր է, որ Հիլարի Քլինթոնն ընդունեց իր պարտությունը. «Մեզ համար շատ կարևոր է, որ Ամերիկայի պես երկիրը կայուն լինի»։ Ըստ քաղաքագետի՝ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում ընտրական համակարգի նկատմամբ կա վստահություն։

Ս. Գրիգորյանն այն քիչ քաղաքագետներից է, ովքեր ի սկզբանե կանխատեսել են Դ. Թրամփի հաղթանակը։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ում մարդիկ ուզում էին փոփոխություններ, ուզում էին ինչ-որ նոր մտքեր, հայտարարություններ, քանի որ «հոգնած» են այդ դասական վերնախավից։

«Երկրորդը՝ ամենակարևոր պատճառը, մեր երկրներում ընդունված է, որ պրոիշխանական թեկնածուին իշխանությունները «բրթում» են առաջ, ԱՄՆ-ում դա ընդունված չէ, ու շատ զարմանալի էր, որ ԱՄՆ գործող նախագահը՝ Բարաք Օբաման,  բավական ակտիվ աջակցում էր Քլինթոնին, ինքը պետք է աջակցեր, քանի որ Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահ էր, բայց չափ կա։ Իմ կարծիքով՝ այստեղ նաև բողոքական ընտրություն էր, նրանք չափն անցան, շատ էին ուզում, որ Քլինթոնն անցներ։ Ինձ շատ զարմացրեց, որ տարբեր երկրների նախագահները փորձում էին մխրճվել այդ պրոցեսի մեջ։ Այն, ինչ արեց ԱՄՆ-ի ժողովուրդը, շատ հետաքրքիր էր, իրենց համար կարևոր չէ՝ ում են ընտրում, այլ կարևոր է, որ իրենց ընտրությունը լինի, և ոչ թե՝ դրսից փաթաթված»,- կարծում է Ս. Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ այն գործիչներից է եղել, ովքեր, հակառակը՝ կանխատեսում էին Հիլարի Քլինթոնի հաղթանակը։ Քննարկման ժամանակ նա ևս մեկ անգամ նշեց, որ ինքն էլ է ասել, որ ընտրվելու է Հ. Քլինթոնը։ Քաղաքագետը պարզաբանեց, որ ինքը մի քանի շաբաթ առաջ եղել է ԱՄՆ-ում և տեսել է այնտեղ մի «աննախադեպ» իրավիճակ, ինչն էլ հիմք է հանդիսացել իր համար նման կարծիք ունենալու։

«Նույնիսկ Վաշինգտոնի մետրոներում մարդիկ խոսում էին քաղաքականության մասին, այն դեպքում, երբ այնտեղի բնակչությունը բավականին ոչ քաղաքականացված է։  Տեսելով, որ իսկապես և՛ պետական մեքենան էր աշխատում, և՛ մամուլը, շոու-բիզնեսը, ինձ մոտ այն տպավորությունն էր, որ այդ քաղաքական իսթեբլիշմենթը միջին ամերիկացու շահերից չափազանց հեռացել է, բայց դրա հետ մեկտեղ՝ իր ամբողջ լծակներն օգտագործում է։ Ես շատ ուրախ եմ, որ իսկապես տեղի ունեցավ այն ոճով, որ, չնայած բոլոր խնդիրներին, խաղի կանոնները բոլորը ճանաչում են, դա ԱՄՆ-ի ժողովրդավարական  համակարգի ամենամեծ առավելութուններից մեկն էր»,- նշեց Ս. Մինասյանը։

Ըստ քաղաքագետի՝ Դ. Թրամփի հաղթանակը մեծամասամբ պայմանավորված էր նաև նրանով, որ մարդիկ, ովքեր միջին և բարձր հասակի էին, նաև սոցիալական ոչ այնքան լավ վիճակում էին գտնվում, ի տարբերություն նախորդ տարիների և  տասնամյակների, որոշեցին գնալ և քվեարկել, որովհետև մտածում էին, որ ինչ-որ բան կփոխվի։

Տեսանյութեր

Լրահոս