«Այստեղ կան խիստ կասկածներ». Սուրեն Զոլյանը՝ ներքաղաքական փոփոխությունների մասին
«Ես կարծում եմ՝ դա միտված է իշխանությունը պահելուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր Սուրեն Զոլյանը՝ խոսելով ներքաղաքական փոփոխությունների մասին։
Նրա խոսքով՝ Հայաստանը հասել է այն վիճակին, որ հետագա նահանջն ավելի շուտ գահավիժում է նշանակում. «Մենք իսկապես կանգնած ենք և՛ դեֆոլտի շեմին, և՛ մեր պարտքն է գերազանցում, և այլն, կարելի է երկար թվարկել։ Իհրակե, իշխանությունը, տեսնելով այս վտանգը, որ պետք է կործանվի տնտեսությունը, երկիրը, իրենց իշխանությունը, փորձեցին լավացնել վիճակը։ Իհարկե, այն, ինչ արվում է, պետք է դրական գնահատվի, բայց պետք նաև գիտակցել՝ ինչի՞ համար է դա արվում, և դա երկարաժամկե՞տ ծրագիր է արդյոք, թե՞ ոչ։ Այստեղ կան խիստ կասկածներ։ Ես կգերադասեի օգտագործել նման տերմին՝ «կոգնիտիվ դիսոնանս»: Այսինքն՝ գիտակցության մեջ անհամատեղելի բաներ են փորձում տեղավորել, մի կողմից՝ մենք հասկանում ենք, որ դա դեպի լավն է գնում, մյուս կողմից՝ տեսնում ենք, որ իշխանությունները ստեղծել են այնպիսի համակարգ, որը բացառում է իշխանափոխությունը»։
Ս. Զոլյանը համեմատեց վարչապետ Կարեն Կարապետյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները. «Կ. Կարապետյանն ասել է, որ, եթե ինքն օգուտ չի բերելու, հաջորդ օրն է գնալու, և Ս. Սարգսյանն ասել է, որ ինքն իր ժամկետից մի օր ավելի շուտ չի գնա, անկախ նրանից՝ ինչ վիճակ կլինի Հայաստանում։ Իսկ եթե կարող է մինչև վերջին օրը մնալ, կարող է նորից Սահմանադրություն փոխել, օրինակ, ասել՝ փոշմանեցինք, այդ խորհրդանական մոդելն իրեն չի արդարացնում, եկեք նորից վերադառնանք նախագահականին, ո՞վ է խանգարում։ Այս առումով հիմա երկիմաստ վիճակ է, այստեղ երկիմաստ վիճակում է հայտնվել կառավարությունը, որը փորձում է գործ անել, հասկանում է, որ պետք է վիճակը շտկվի, բայց որևէ երաշխիք չկա, որ դա երկարաժամկետ ծրագիր է ու չի ավարտվի այդ լուծումներից հետո»։