Ոտքերից զրկված վարորդը ստիպված տաքսի է քշում
asparez.am. Սեւ, հնամաշ ավտոմեքենայի դուռը հազիվ բացելով` վարպետ Սերոժը բարեւում է, մուգ ձեռնոցով բռնելով ղեկը` խոստովանում. վերջին օրերին անծանոթներից շատ է զանգեր ստանում, ամեն օր 1-2 լրագրող է իրենով հետաքրքրվում: Ապա 66-ամյա վարպետը ժպտում է ու պատմում վերջին պատմություններից մեկը, որն էլ մարդկանց հետաքրքրության առիթն է եղել:
Օրեր առաջ երեւանաբնակ երիտասարդներից մեկը սովորական ուղեւորի նման նրան խնդրել է փնտրած հասցեով տանել: Գյումրու քարուքանդ փողոցներն ու ճանապարհներն հաղթահարելով` վարպետ Սերոժը շարունակում է ուղեւորին տեղ հասցնել:
-Այդ փոսերն անցա, ասավ` հայրիկ, է՞ս ինչ կենես, հրաշք է սիկ, ըսավ` ես նկարե՞մ` ասի` նկարի, տղա ջան, ու ըդպես գցեց ֆեյսբուք. ընդհանրապես ես ֆեյսբուք-մեյսբուքից գաղափար չունիմ, էս հեռախոսից էլ գաղափար չունիմ,-ասում է վարպետն ու ցույց տալիս փոքր գրպանում տեղավորած հեռախոսը:
«Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում շոկ ապրեցի։ Էս բարի աչքերով մարդն իմ տաքսու վարորդը դարձավ ու օրս փոխեց լրիվ։ Իր սարքած հարմարանքներով, առանց երկու ոտքի հրաշք այս վարորդը մարդկանց է փոխադրում Գյումրիում։ Ասում է` դեղի փող չեմ հասցնում` 25 000 դրամ թոշակով»,-հանդիպումից հետո ֆեյսբուքում այսպես էր գրառել վարպետի ուղեւորը:
66-ամյա Սերյոժա Թադեւոսյանի կյանքին ու ապրելակերպին շատերը ծանոթացան անծանոթ ուղեւորի` ֆեյսբուքում տեղադրած լուսանկարից ու նշված գրառումից:
Հիվանդության պատճառով անդամահատել են վարպետ Սերոժի նախ մեկ ոտքը, ապա` 2-րդ, որոշ ժամանակ անց նաեւ աջ ձեռքի մատները: Մոտ 2 տարի է` նա այս վիճակում տաքսի է վարում, ասում է` գումար է պետք, «ում ասեմ` ինձ 100 դրամ տուր, որ հաց առնեմ»:
Գյումրիում վարպետն ապրում է կնոջ հետ, զավակները բնակվում են արտերկրում: Կինը շուկայում առեւտրով է զբաղվում: Հոգատար ամուսինը պատմում է, որ ամեն առավոտ կնոջն հասցնում է շուկա, վերադառնում, կայանում դպրոցի դիմաց, սպասում ուղեւորների, իսկ երեկոյան մեքենայով գնում, շուկայից տուն բերում կնոջը:
2 ոտքից ու աջ ձեռքի մատներից զրկված վարպետ Սերոժն ապրում է Գյումրու թիվ 7 դպրոցի հարակից փողոցում, բոլորն այստեղ ճանաչում են նրան, ավտոմեքենայի ապակուց այն կողմ նկատում են նրան հարեւաններն ու բարեւում:
Պատմում է, որ ուղեւոր-հաճախորդներ քիչ է ունենում:
«Հմի Լեննական հաճախորդ չկա, օրական 4 հոգի որ մոտենա, շատ լավ է, բայց ինչխ էլ էղնի օրական մեկմ կեղնի, էդ մեկն էլ յարա չի սաղցնի, 500 դրամը ինչղ պտի յարա սաղցնե,-դժգոհում է վարպետ Սերոժն ու ասում,- ես համարյա պրոֆեսիոնալ վարորդ եմ, կասկած չկա, դժվարությունը մարդու համար է, մարդը չպտի ընկճվի, եթե մարդը կամքի ուժ ունի, կդիմանա: Ոտքերս են կտրել, խո ուղեղս էլ չե՞ն կտրել, մարդը գլխով կապրի, չէ՞, ուղեղով, մտածելով: Ես էրթամ ո՞ւմից 100 դրամ ուզեմ, որ հաց առնիմ…կամաց-կամաց կապրիմ, էդ է»:
Վարպետը թեպետ այս վիճակում է, սակայն պետությունը նրան նպաստ չի տալիս. ասում է, որ ժամանակավորապես աջակցություն է ստացել, սակայն այն շարունակական չէ:
-Սոցապի դիրեկտորը լավ կնիկ էր, ընդառաջեց, աջակցություն ստացա, նպաստ չեմ ստանա, բալերս քիչ են: Շատ լավ կնիկ էր, ընդառաջեց, աջակցությունը տվեց, բայց կառավարությունը աջակցությունը վերացրեց,-ասում է նա:
Օրավուր հացի համար պայքարող վարպետ Սերոժը նախկինում հարսանիքներ է նվագել, պատմում է, որ ճանաչված ու սիրված երաժիշտ է եղել, ապրել է բարեկեցիկ կյանքով: «Վարդի պես կապրեի: 84-ին սկսվավ հիվանդությունն ու… Մե ոտս կտրած` էլի կնվագեի, բայց հետո որ 2-րդն էլ կտրեցին, էլ ոչ մի բան…Կոմունիստների ժամանակ մենք ձրի կապրեինք, ո՞վ կմտածեր գազի, լույսի, ջրի մասին: Կյանքը ուրախ էր, հոգսեր չունեինք, ձրի կապրեինք, բայց հմի շատ դժվար է, վատն էն է, որ կոմունալ ծախսերը շատ կդժվարանանք տալ, որովհետեւ միակ երկիրն է, որ երեւի մեզի պես մարդկանց զեղչ չկա: Ես խո չե՞մ կրնա փոխե ամեն ինչ, էս է, պտի համակերպվինք: Մարդը պտի չհուսահատվի դժվարություններից, պտի կայքարի, դիմանա դժվարություններին»:
Դժվարություններին պատրաստ է այսօր վարպետ Սերոժը, 66 տարիների բարձրությունից նրա համար կյանքը պայքար է, անընդմեջ պայքար, որտեղ եւ իմաստավորվում է հենց ինքը` կյանքը, լուսաբացն ու գյումրեցու հումորը:
«Լա՞վ է, չէ՞, էս ձեւով կանգնիմ, որ լավ նկարես, լույսը չընկնի ապարատի վրա»,-ավտոմեքենան շրջելով` ասում է վարպետ Սերոժն ու անցնում մյուս փողոցը, կայանում այգում: Մեքենայի դուռը, կարծես, չի բացվում, վարպետ Սերոժն առաջարկում է մեծ հարվածով ու քաշելով այն փորձել բացել: «Քշած ավտո է, տղես վարկով առավ, հետո որ գնաց Ռուսաստան, թողեց ընձի, ես կքշեմ…»:
Սերյոժա Թադեւոսյանին օգնելու նպատակով Ինեկոբանկում բացվել է հաշվեհամար` AMD 2050160325131001,
USD 2050160325131020,
EUR 2050160325131040,
RUB 2050160325131041:
Անի Մկրտչյան