Տիգրանակերտն արցախյան տարածքների պատմականորեն հայկական լինելու ամենազորեղ ապացույցն է. հնագետ
Տիգրանակերտի առկայությունը նրա հարակից գյուղերի բնակիչների համար ոչ միայն աշխատանքի, այլև սոցիալական կարևոր դերակատարություն ունի: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆե;սոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական ար շավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա, ամփոփելով Արցախի Տիգրանակերտի 2016 թվականի պեղումները, ասաց, որ դրա հետազոտությունը մշակութային ժառանգության մի կոնկրետ օրինակ է, որտեղ իրենք փորձ են արել համադրել ակադեմիական հետազոտությունն Արցախում վարվող մշակութային քաղաքականության հետ:
«Արդեն տաս տարի մենք պեղումներ ենք անում և 2010 թվականին բացել ենք թանգարան: Կան ցուցանակներ, ամեն մի հուշարաձանի կողքին դրված է բացատրագիր: Այս տեսանկյունից Տիգրանակերտը զանազան փառատոնների, հանդիսությունների կենտրոն է: Տիգրանակերտի կողքին տեղակայված համայնքները խորհրդային տարիներին լրիվ ադրբեջանաբնակ են եղել:
Պատերազմի հետևանքով Մարտակերտի հյուսիսարևելյան շրջանները, տեղափոխվել են այս գյուղերը և բնակիչները սրբազան կենտրոնի և այդ տարածքների պատմականորեն հայկական լինելու վերաբերյալ հստակ տեղեկությունների կարիք ունեն: Մարդիկ կարիք ունեին ստեղծելու իրենց գերեզմանատները: Այս տեսանկյունից Տիգրանակերտի առկայությունը, իրենց համար ոչ միայն աշխատանքի, այլ նաև սոցիալական կազմակերպվածության բավականին լուրջ դերակատարություն ունի»,- նշեց Պետրոսյանը:
Նրա խոսքով`քաղաքի ընդամենը երեք տոկոսն են պեղել, սակայն կենտրոնացել են պարիսպների բացման վրա: «Հյուսիսային պարսպապատումը մոտ երեք հարյուր մետր բացել ենք մինչև վեց մետր բարձրությամբ սրբատաշ բլոկներով: Այդ ամենը երևում է ադրբեջանական տարածքից»,- ասաց նա: