Բաժիններ՝

«Ուռուցքաբանութան կենտրոնը դարձավ Հյուսիս-Հարավ մայրուղին, հա կառուցում ենք, իսկ մարդիկ հիվանդանում են, տանջվում են». Վահե Հովհաննիսյան

«Ուռուցքաբանութան ոլորտում վիճակը բավականին տխուր է: Ուռուցքաբանության կենտրոնը դարձավ Հյուսիս-Հարավ մայրուղին, հա կառուցում ենք, իսկ մարդիկ հիվանդանում են, տանջվում են: Լուծում է պետք, չենք կարող անվերջ սպասել»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խոսքով` Ազգային ուռուցքաբանության գերազանցության կենտրոն կարելի է բացել, բայց եթե աճում է ուռուցքների առաջնային դիագնոստիկայի քանակը, ապա դրա դեմ պետք է պայքարել այլ մեթոդներով:
Ըստ նրա` աշխարհում 20 տարի է՝ զարգանում է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխման խնդիրը, որը պանացեա է Հայաստանի համար:

«Ի՞նչ է առողջ ապրելակերպը` բոլորի մոտ առաջացնում է հևոց, բայց դա իրողություն է: Առողջ ապրելակերպը ծխախոտից հրաժարվելն է, խմիչքի օգտագործման նվազեցնելն է, առողջ սնունդն է, առողջ ֆիզիկական ակտիվությունն է: Ընդամենը»,- ասաց նախարարը` օրինակ բերելով Ֆինլանդիան, որտեղ 25 տարում 3.2 անգամ իջել է սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը` միայն աղի կիրառումը նվազեցնելու արդյունքում:
Նա նշեց, որ Հայաստանում առաջարկ կա՝ կտրուկ բարձրացնել ծխախոտի գները և վաճառքից հատկացումներ կատարել առողջապահության բյուջե:

«Երբ ֆիննը հիվանդանում է, չեն ասում` քիչ ծխեիր, բուժում են: Հայաստանում էլ մարդիկ հիվանդանում են, պետք է բուժել: Համակարգը խայտառակ վիճակում է: Աստված չանի, մարդ հիվանդանա, ոչ բոլորն են կարողանում գնալ Գերմանիա: Սա այլանդակ համակարգ է: Մարդիկ հիվանդանում են, չեն իմանում՝ ինչ անել»,- հակադարձեց Վ. Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ պետությունը նրա համար է, որ լուծի խնդիրնեը, ոչ թե հիվանդանոցներում դեղերն էլ դրսից բերել տան, քանի որ «մերը լավը չի»:

Վ. Հովհաննիսյանի խոսքով` արտերկրում բուժում ստանալու համար մարդիկ ստիպված վաճառում են իրենց տները:

«Առանց համապատասխան բազիսի՝ խոսքերը մնում են խոսքեր, ցանկությունները մնում են կենացներ»,- նկատեց Լ.Ալթունյանը` նշելով, որ բազիսը ֆինանսավորումն է, իսկ նախարարությունն ունի սահմանափակ գումար` 85 մլրդ դրամ, և պետք է կամ շատ սահմանափակ քանակի մարդկանց բուժել, կամ բնակչությանը բերել առողջ ապրելակերպի:

Նրա խոսքով` Հայաստանում քաղցկեղով հիվանդներն անվճար բուժօգնություն են ստանում, իսկ համապատասխան ֆինանսավորման դեպքում իրենք էլ կարող են ապահովել համապատասխան մակարդակի բուժօգնություն: Ալթունյանը նաև հայտնեց, որ գերազանցության կենտրոնը կբացվի մինչև հաջորդ տարվա վերջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս