Հրաչ Բերբերյանը` Հայաստան ներկրվող և արտահանվող «թուրքական լոլիկի» մասին

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովում այսօր քննարկված մի քանի հարցերի։

– Պարո՛ն Բերբերյան, այսօր պատգամավոր Արամ Մանուկյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ թուրքական լոլիկը բերվում է Հայաստան, վրան գրվում է՝ Made in Armenia, և արտահանվում։ Ըստ նրա՝ 2015թ. անգամ 1000 տոննա չի արտահանվել Հայաստանից, իսկ այս տարի պաշտոնական տվյալներով՝ արտահանումը 40 անգամ ավելի է։ Ի՞նչ եք կարծում այս խնդրի մասին։

– Տեղեկություններ կային, որ հարևան հանրապետության լոլիկը կարող էր թափանցել Հայաստան, Հայաստանից դուրս գալ տարբեր ուղղություններով։ Մի բանն է զավեշտալի. եթե չեմ սխալվում, մինչ հունիս ամիսը մոտ 40 հազար տոննա լոլիկ ենք արտահանել։ Խոսքը չի վերաբերում բաց դաշտում մշակվող լոլիկին։ Խոսք կարող է գնալ կա՛մ պոլիէթիլենային թաղանթի տակ աճեցված, կա՛մ ջերմոցային լոլիկի մասին։ Հարկավոր է ստուգել՝ արդյոք մենք 40 հազար տոննա լոլիկ արտահանելու պոտենցիալ ունե՞նք, որովհետև ժամկետները չեն բավարարում։

Բացի այդ՝ լոլիկը, որ մենք ստացանք բաց մշակությամբ, որակական հատկանիշներով շատ ցածր էր։ Հարկավոր է ստուգել, թե որ ջերմոցն է դա արտադրել, արդյո՞ք արտադրվել է, թե՞ ոչ։ Ես չգիտեմ՝ ի՞նչ հիմքերով է Արամ Մանուկյանը նման հայտարարություն արել. միգուցե փաստաթղթեր ունի։ Դա շատ լուրջ մեղադրանք է։

Բայց վերջին տարիներին Գյուղնախարարությունը փորձել է ռեկորդային ցուցանիշներ ցույց տալ ոչ միայն՝ լոլիկի, այլև՝ դեղձի, խաղողի, հացազգիների, հատկապես՝ ցորենի բերքի առումով. մենք ցորեն էինք ստանում, որի քանակը հավասար էր Կանադայի ցուցանիշին։ Բազմիցս ասել ենք, որ թվերի նկարչություն է տեղի ունենում։ Թե ինչ էին անում, մենք այդպես էլ չէինք հասկանում, որովհետև մենք պլանային երկիր չենք, շուկայական հարաբերությունների երկիր ենք։ Այնպես որ, կարծում եմ՝ խախտումներ եղած կլինեն։

– Խոսելով կոպերատիվների մասին՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել էր, որ «ամենակարևորը ֆերմերների գաղափարախոսությունն է. այսօր ֆերմերը պատրաստ չի կոոպերացվելու»: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ։

– Ընդհանրապես կոոպերացիայի գաղափարախոսությունը վերջին շրջանում շատ է քննարկվում։ Ես գիտեմ՝ ինչում է բանը։ Համաշխարհային բանկի գումար կա, մարդիկ ուզում են ձեռք գցել այդ գումարը, ծրագրեր կատարել։ Ցավոք սրտի, դրանք այն մարդիկ են, որ անկախության առաջին տարիներին կուրծք ծեծելով փակեցին կոլխոզները, սեփականաշնորհեցին։ Այդ նույն մարդը կուրծք է ծեծում կոոպերացիայի մասին, իսկ կոլխոզի մասին կանոնադրությունը երևի չի կարդացել։ Կարծում եմ, որ մենք առաջնահերթ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք կոոպերացիայի զարգացման համար։ Մնացածը մասնավոր սեկտորի գործն է։ Այսօր պետությունը զբաղվի կոոպերացիա ստեղծելով, դրա վրա գումարներ ծախսի… դա առնվազն փողեր լվանալու մի ձև է։ Մենք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք, օրինակ՝ 3 կամ 5 տարի այդ կառույցները հաշվետու չեն պետությանը՝ նախադրյալներ, որոնք կխթանեն մարդկանց համախմբմանը, բայց դա պետք է ապահովված լինի օրենքով։ Եթե նախարարությունը կուրծք է ծեծում, որ 150 կոոպերատիվ է ստեղծում, խորհուրդ կտամ գնալ դրանց հետքերով։ Կարծում եմ՝ դրանց կեսը չի աշխատում։

– Ազգային ժողովում այսօր քննարկվել է նաև հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար հաջորդ տարի հատկացվող գումարի հարցը։ Գյուղնախարարը նշել է, որ մեխանիզմը լավը չէ։ «Այսօր մենք պարարտանյութը և դիզվառելիքը տրամադրում ենք, բայց, իմ կարծիքով՝ սուբսիդավորումը պետք է ուղղվի բիզնեսի զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը»,- ասել է նա…

– Իգնատի Առաքելյանն ինչ-որ տեղ ճիշտ է. նոր մոտեցումներ են հարկավոր։ Երբ իմանամ այդ մոտեցումները, կարող եմ ասել՝ նա ամբողջությա՞մբ է ճիշտ, թե՞ պարզապես ասում է՝ ասելու համար։

– Դուք ի՞նչ մեխանիզմ եք տեսնում։

– Մենք ունենք մշակած հստակ մեխանիզմներ։ Կարող եմ ներկայացնել հարևան պետության օրինակը։ Վրաց ֆերմերը տարեկան 280 դոլարի չափով սուբսիդիա է ստանում՝ կտրոնի տեսքով։ Նա է ընտրում՝ դրանով դիզվառելի՞ք ձեռք բերել, պարարտանյո՞ւթ, թե՞ այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են։ Բացի այդ, պետք է հասկանանք, թե որ ուղղություններն ենք խթանելու։

Տեսանյութեր

Լրահոս