Բաժիններ՝

«2017 թվականին թոշակները և նպաստները չեն բարձրանալու». Արտեմ Ասատրյան

2017 թվականին թոշակները և նպաստները չեն բարձրանալու: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագծում 30 տոկոսից ավելին հատկացված է սոցիալական ոլորտին, նույնիսկ մի փոքր ավելին՝ տոկոսային հարաբերությամբ, քան նախորդ տարի:

Հարցին, թե՝ Դուք նախորդ տարի կանխատեսել էիք, որ այս տարի ավելի վատ է լինելու և եղավ, հիմա հաջորդ տարվա համար ի՞նչ եք կանխատեսում՝ սովորական, հասարակ մարդու կենսամակարդակը բարձանալո՞ւ է, թե՞ իջնելու է, նախարարը պատասխանեց, որ բարձրանալու է. «Կարծում եմ, որ հաջորդ տարվա ծրագրի շրջանակներում այն միջոցառումներն ու ուղղությունները, որ ներկայացված են, պետք է նաև սոցիալական բեռի թեթևացման բերեն»:

Լրագրողի ճշտող հարցին ի պատասխան, թե՝ ի՞նչ հիմքով եք ասում, որ բարելավում կլինի՝ Ա. Ասատրյանը պարզաբանեց, որ նկատի ունի ուղղությունները՝ մասնավորապես, էլեկտրաէներգիայի, գազի սակագների տարբերակված մոտեցման հետ կապված, սոցիալապես անապահով ընտանիքների մասով. «Նկատի ունեմ նաև այն ուղղությունները՝ սակագների հետ կապված, որ վերցված է մասնավորապես՝ ջերմոցային տնտեսությունների և գյուղմթերքի վերամշակման հետ կապված, որը բացառապես ուղղված է սոցիալական խնդիրների լուծմանը»:

Ա. Ասատրյանի խոսքով՝ 2017 թվականի բյուջեի նախագծի առանձնահատկությունները պայմանավորված են  այն իրողություններով, որ մենք ունենք. «Նաև այն սահմանափակումները պետք է հաշվի առնենք, որը կա մի դեպքում՝ պարտքի առումով,  մյուս դեպքում՝ հնարավոր լրացուցիչ հետևանքների առումով: Սոցիալական ոլորտը եղել է, կա ու միշտ կլինի առաջնահերթություն, պաշտպանության ոլորտը միշտ լինելու է առաջնահերթություն, այսինքն՝ այն ծախսային ոլորտները, որոնք առաջնահերթություններ են, վստահ եղեք, որ առաջին հերթին միջոցներն ուղղում ենք այդ ոլորտներին: Այսինքն՝ մենք լրացուցիչ միջոցներ այս բյուջեի շրջանակներում  չենք ունեցել եկամուտների առումով, հետևաբար՝ արտահայտվել է նաև  ծախսային քաղաքականության վրա»:

Հարցին, թե օպտիմալացման արդյունքում՝ գործազրկության վտանգի հետ կապված ի՞նչ ռիսկեր եք տեսնում՝ Ա. Ասատրյանն այսպես պատասխանեց. «Ես կուզեի ավելի շատ հարցին նայեիք արդյունավետ զբաղվածության տեսանկյունից: Այս առումով  կարծում եմ, որ քայլերը պետք է լինեն այնպիսին, որ բացառապես միտված լինեն այս խնդրի լուծմանը, և այդ ուղղությամբ էլ գնում ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս