Բաժիններ՝

«Ամեն անգամ էդ միջազգային կառույցներից մարդկանց բերում-տանում են քյաբաբ, խորոված-մորոված, գխտալ-մխտալ, վերջում էլ ստանում են էն թիվն, ինչ ուզում են». Հ. Բագրատյան

«2009-2015թթ. Հայաստանի տնտեսությունը գումարային աճել է 8.5%, Վրաստանի տնտեսությունը` 29.6%, համաշխարհային տնտեսությունը` միջինը 16.9%: Ֆինանսների նախարար Արամյանի բացատրությունները երեկ անընդունելի էին, որովհետև միայն վերջին տարվա թիվն ասեց` մեր մոտ 3.2% է, Վրաստանում` 2.8%»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա` վիճակագրական վարչության հետ խնդիր կա, որը «խոստովանում է նաև վարչապետն ու կառավարությունը»:

Հ.Բագրատյանի կարծիքով` Հայաստանում պետք է ինվենտարիազացիա անել, որովհետև հանրապետությունում պատկերն աղճատված է, իսկ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն ասում է` «ինչ տալիս են, այն էլ գրում ենք»:

Հ.Բագրատյանը նշեց, որ երեկ ԱՎԾ պետն անգամ Եվրանեսթի թիվն է սխալ ասել, քանի որ ՓՄՁ մասնակցությունը ՀՆԱ-ում 27% է, իսկ Մնացականյանն իր նամակում նշել է 58.7%. «Իր խնդիրն արդեն եվրոպական կառույցների հետ է, ամեն անգամ էդ միջազգային կառույցներից մարդկանց բերում-տանում են քյաբաբ, խորոված-մորոված, գխտալ-մխտալ, վերջում էլ ստանում են էն թիվն, ինչ ուզում են ստանալ, հասկանո՞ւմ եք»:

Հ.Բագրատյանը նշեց, որ նոր Սահմանադրության 184, 185, 186 հոդվածներն ասում են, որ ՏԻՄ-ը պետք է ունենա այնքան բյուջե, որ բավարարի նրանց առջև օրենքով դրված խնդիրները լուծելու համար և, եթե պատվիրակում են որևէ գործառույթ, պետք է փողը տան: Պատգամավորի հաշվարկով` ՏԻՄ բյուջեն 140 մլրդ դրամ է, որից 34 մլրդը հողի հարկ և տեղական տուրքերն են, իսկ 100 մլրդը մարզպետարաններին տրված ֆունկցիաների արդյունքում պետք է հավաքվի, որը չի արվում: Հ.Բագրատյանի խոսքով` պետք է տնտեսությունն ապակենտրոնացնել, որ ամեն գյուղապետ ու մարզպետ չգնան կառավարություն, ասեն` ինձ փող տուր, և պետք է եկամտահարկից և շահութահարկից նույնպես մասհանում կատարվի. «Պետք է հարկայինը հավաքի ու տա այդ մամիններին, որպեսզի կախվածությունը վերանա, որպեսզի մարզպետները շահագրգռած լինեն շատ աշխատել»:

Ըստ Հ.Բագրատյանի` ապակենտրոնացման արդյունքում տնտեսական աճը 3%-ից կհասնի 7-8%: Նա դեմ արտահայտվեց բյուջեի վերաբաշխմանը. «Փողի մեծ մասը` 75%-ը, ասում եք` եկեք Երևանից ուզեք: Չեք ուզում փոխենք, գուցե ե՞ս եմ իրավացի: Ասում եք` կոռուպցիայի դեմ պաքար, չվերացնե՞նք, որ գա Երևանից խնդրի, այս շփումն իր մեջ արդեն կարող է ռիսկ պարունակել»:

ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի կարծիքով` ֆինանսների նախարարի հնչեցրած թվերը կասկած չեն կարող հարուցել: Նա հավաստեց, որ ՀՀ-ն այսօր ամենաբարձր ստանդարտի երկիր է համարվում, բայց եթե Հ.Բագրատյանն ունի այլ ստանդարտ, որ կարելի է կիրառել, այն կարելի է դարձնել միջազգային և առաջնորդվել դրանով:

«Եկամտահարկի և շահութահարկի որոշակի մասը համայնքային բյուջեներին ամրագրելու փորձ Հայաստանում ժամանակին եղել է, հետո դա գտնվել է ոչ այնքան նպատակահարմար: Կարելի է քննարկել»,- ասաց Ա. Ջանջուղազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս