«Հայության թևի նոսրացման պատճառ են դարձել նաև օտար ամուսնությունները, որոնք դժվարացնում են հայապահպանման գործը»
Տարբեր երկրներում հայկական համայնքների պահպանության երաշխիքը հայրենիքի հետ կապն ամրապնդելն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը` անդրադառնալով եգիպտահայության խնդիրներին:
– Պարոն Մազլումյան, Եգիպտոսում մոտավորապես քանի՞ հայ է բնակվում: Հայերը հիմն&ականում ո՞ր քաղաքներում են կենտրոնացած:
-Եգիպտոսում ապրում է շուրջ 8 հազար հայ: Նրանք հիմնականում կենտրոնացած են Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում։ Այդ քաղաքներում ունենք մարզական եւ մշակութային հաստատություններ, բարեսիրական և օգնության միություններ, երեք հայկական թերթ, որոնք դժվար պայմաններում հայապահպանման բարդ աշխատանք են իրականացնում։ Մեծ գնահատանքով նշեմ, որ Ազգային առաջնորդարանը նյութական օժանդակությամբ սատարում է բոլոր միությունների ծրագրերին, ինչպես նաեւ անխտիր հոգում է համայնքի անդամների կրթության եւ բժշկական կարիքները։ Սատարում է նաև հայությունը եւ Հայա ստանը արաբ շրջանակին ներկայացնելու բոլոր ձեռնարկներին։ Օրինակ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ եգիպտացի ռեժիսորների կողմից արաբերեն լեզվով նկարահանված «Ով սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի ստեղծման աշխատանքներին, որ Նյու Յորքում ստացավ մրցանակ, ինչպես նաև արժանացավ Հայաստանի նախագահի մրցանակին։
-Վերջին տարիներին ի՞նչ միտում է նկատվում, հայերի հոսք դեպի Եգիպտո՞ ս, թե հակառակը:
-Ընդհանրապես, մեծ թվով արտագաղթ կամ ներգաղթ չկա։ 2011 թվականին հեղափոխության ժամանակ եւ դրանից հետո մի քանի հայ ընտանիք տեղափոխվել են ԱՄՆ։
-Սիրիահայերի տեղափոխություն Եգիպտոս նկատվո՞ւմ է:
-Եգիպտոսում սիրիահայերի թիվը մեծ չէ։ Մոտ տասն ընտանիք է եկել, որոնք սեփական աշխատանքով, բիզնես ծրագրով ապահովում են իրենց կյանքը։ Եղել են դեպքեր, երբ մեր օգնության կարիքն են ունեցել: Ազգային առաջնորդարանի միջոցով եւ օժանդակությամբ նրանց հարցերը կարգավորվել են։
Ի դեպ, ազգային առաջնորդարանն այսօր երեք տարի է կանոնավոր ձեւով նյութական օժանդակությամբ մասնակցում է սիրիահայության օգնության ֆոնդին, էջմիածնի եւ երկու կաթողիկոսների հովանավորած ֆոնդին։
-Տեղի հայերը հիմնականում ինչո՞վ են զբաղվում և ո՞ր ոլորտներում են ներկայացված:
-Եգիպտահայերը, ինչ ոլորտում էլ աշխատեն, միշտ եղել են առաջնագծում: Նրանք ճանաչված են որպես հմուտ, պարկեշտ, հավատարիմ, խելացի մասնագետներ: Նախկինում ունեցել ենք հայտնի քաղաքական գործիչներ, որոնք երկրում բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Ներկայում կան բժիշկներ, ճարտարապետներ, դասախոսներ, արվեստագետներ, դերասաններ, ոսկերիչներ, որոնք վայելում են եգիպտացի ժողովրդի հարգանքն ու վստահությունը։
-Ի՞նչ խնդիրներ ունի հայ համայնքը: Լեզվի, մշակույթի պահպանության առումով ի՞նչ դժվարություններ կան:
-Ինչպես աշխարհի տարբեր երկրներում բոլոր հայկական համայնքները, այնպես էլ Եգիպտոսում հայկական համայնքն ունի հայապահպանության խնդիր: Հայկական գաղութի պատասխանատուների եւ միությունների ներդրած հսկա ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը, մշակույթը եւ լեզուն։ Դժվարությունները շատ են, սակայն տեղական ուժերով և հաճախ դրսից եկած աջակցությամբ կարողացել ենք դժվարությունները հաղթահարել։
Հայության թեւի նոսրացման պատճառ են դարձել նաեւ օտար ամուսնությունները, որոնք դժվարացնում են հայապահպանման գործը։ Տեղական հայկական մարմինները պետք է ճիգ չխնայեն հայ պատանիներին եւ երիտասարդներին պահել անմիջական հայկական շրջանակներում եւ խրախուսել դեպի հայրենիք հաճախակի այցելությունները: Մենք աշակերտներին քաջալերում ենք, որ իրենց բարձրագույն ուսումը ստանան Հայաստանում` հոգալով նրանց բոլոր ծախսերը։ Մեր փրկությունը մեր հայրենիքի հետ կապն ամրապնդելն է։
-Հայապահպանության գործում կարևոր դերակատարություն ունեն կրթական հաստատությունները: Քանի՞ հայկական կրթական հաստատություն է գործում Եգիպտոսում:
-Երկու դպրոց ունենք, մեկը Կահիրեում, մյուսը Ալեքսանդրիայում։ Հակառակ աշակերտների փոքր թվին, հայոց լեզուն եւ պատմությունը եղել են ու կմնան մեր մեծագույն հետաքրքրություններից: