«Մենք ինքներս էլ ենք անհանգստացած, եթե իրականում նման խնդիր կա». Վարդան Արամյանը՝ ՀՀ-ից միլիարդավոր գումարների անօրինական արտահոսքի մասին
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցադրում արեց, թե ինչպե՞ս է, որ կառավարության ծրագրում կար դրույթ` աղետի գոտու շինարարության ավարտ մինչև 2017 թվականի վերջ, բայց հաջորդ տարվա բյուջեում այդ նպատակով գումար չի նախատեսվում:
Պատգամավորը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե արդյոք նախարարը ծանո՞թ է Global Financial Integrity կազմակերպության զեկույցներին, որոնց համաձայն՝ Հայաստանից տարեկան 9-10 մլրդ դոլարի անօրինական արտահոսք է տեղի ունենում, և ի՞նչ է մտածում այդ մասին: Ա. Մանուկյանը նաև հետաքրքրվեց, թե Արամյանն է՞լ է իր նախորդների նման՝ արգելանքի տակ, որպեսզի բացահայտումներ անի իր նախորդների մասին:
«Խոսքն արգելքը չի, մենք պետք է պահպանենք սոլիդարությունն ու կոռեկտությունը: Եթե կան խեղումներ՝ պետք է վերացնել: Նախկիններին անընդհատ քննադատելն ընդունելի չէ: Ես ունեմ իմ անելիքները: Մենք կանգնած ենք մի տեղ` օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառով, և պետք է շարժվենք առաջ»,- պատասխանեց Վարդան Արամյանը` «ռեսուրսների անարդյունավետ ծախսում» անվանելով նախկինների հետ կապված բացահայտումները:
Աղետի գոտու վերաբերյալ նախարարը նշեց, որ կան նաև այլ ծրագրեր, որ կարելի է վերաուղղել անօթևաններին: Ըստ նրա` այդ ուղղությամբ ներքին քննարկումներ են տարվում, որ ոչ թե շինարարություն իրականացվի, այլ որոշեն՝ ո՞րն է ճիշտ` Բնակարանների գնման վկայագրե՞ր (ԲԳՎ) տալ, թե՞ այլ լուծում գտնել, քանի որ կան բավականին բնակարաններ, որ դատարկ են: Նա իր հերթին՝ հարցադրում արեց` խելամիտ է այդ գումարներով բնակարաններ կառուցե՞լը, թե՞ ավելի լավ է ջրատար կառուցել:
GFI-ի զեկույցների հետ կապված էլ Վ. Արամյանը խոստացավ նրանց մեթոդոլոգիայի մասով տեղեկանք ներկայացնել.
«Տրված գնահատականներում ես խնդիր եմ տեսնում, մեզ համար գնահատված է մոտ 9 մլրդ արտահոսք, Վրաստանի համար` 14 մլրդ, Ադրբեջանի` 99 մլրդ»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` ամերիկյան շահույթ չհետապնդող այդ կազմակերպությունը միայն ծագման երկրով է նայում, բայց չինական շատ ապրանք գալիս է ԱՄԷ-ից, Վրաստանից գալիս է այլ երկրների ապրանք, Թուրքիայից գրանցում չկա, և այլն:
«Մենք ինքներս էլ ենք անհանգստացած, եթե իրականում նման խնդիր կա, ապա պետք է դրա դեմն առնենք, բայց որպես մասնագետ՝ ես այդքան գումարի արտահոսք չեմ տեսնում»,- ասաց Վ.Արամյանը: