Բաժիններ՝

«Բյուջեի կառուցվածքում գերակշիռ մասը սոցիալական ու աշխատավարձի ծախսերն են». Վարդան Արամյանը՝ Թևան Պողոսյանին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ տարակուսանք հայտնեց և խնդրեց բացատրել, թե ինչո՞ւ է կառավարությունը կանխատեսում, թե նախընտրական շրջանում տնտեսությունը պասիվանալու է, եթե տպարանները ծանրաբեռնված աշխատելու են, գովազդային վահանակները զբաղեցվելու են, և այլն:

«Չգիտեմ, էլ որքան գումար է պտտվելու ստվերային և ոչ ստվերային, պետք է, որ տնտեսության վրա դրական ազդի»,- ասաց նա:

Թ.Պողոսյանը նշեց, որ բյուջեի նախագիծը կառավարությունը ներկայացրել է սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 3-ին հաստատվել է կառավարության կազմը, իսկ հոկտեմբերի 20-ին վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է կառավարության ծրագիրը, այսինքն` բյուջեն համաձայնեցված չէ կառավարության ծրագրի հետ: Բացի այդ, այն կառավարությունը, որ կլինի հաջորդ տարի, պետք է ստիպված այս բյուջեով աշխատի: Նա հարցրեց, թե ինչո՞ւ բյուջեի նախագիծը չի հետաձգվում մի շաբաթով` կառավարության ծրագրի հետ համաձայնեցնելու համար:

ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ հաջորդ տարի տնտեսության էական վերելք հնարավոր չէ, բայց վերականգնում տեղ կունենա: Նա նշեց, որ բացի պատգամավորների հետ քննարկումներից, բյուջեի նախագիծը քննարկվում է նաև կառավարության ներսում:

«Բյուջեի կառուցվածքում գերակշիռ մասը սոցիալական ու աշխատավարձի ծախսերն են, որ առանց ֆունկցիոնալ վերանայման հնարավոր չէ, իսկ ֆունկցիոնալ վերանայում մեկ  օրում, կամ աշխատասենյակում նստած՝ չես կարող անել, մեկ ամիսն էլ է քիչ»,- պատասխանեց Վ. Արամյանը:

Վ. Արամյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրային բյուջետավորում ամբողջությամբ ներդրվելու է 2019 թվականին. «Հենց դա է նաև վարչապետի հորդորը, որ մենք քննարկումների ժամանակ մեխն ավելի շատ դնենք ծրագրային ներկայացմանը, թե ինչ ավելացված արժեք է բերելու տնտեսությանը, ինչ ՀՆԱ է բերելու: Կարծում եմ` մենք այս կետից այն կողմ ավելի արագ տեմպերով պետք է գնանք առաջ, որ հասցնենք 2019 թվականից ներդնել ծրագրային բյուջետավորում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս