«Անընդհատ ասում եք՝ կայուն լինի: Թող կայուն լինի, գերեզմանում էլ է կայունություն». Հրանտ Բագրատյանը բացատրություն պահանջեց
«Բյուջեի ուղերձում ունենք նման նախադասություն՝ 2017 թվականի տնտեսական աճն արագացող կլինի՝ պայմանավորված ինչպես՝ արտաքին զարգացումներով, այնպես էլ՝ նրանով, որ 2016 թվականին իրականացվել է խթանող հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն: Չեմ կարողանում հասկանալ՝ 2017 թվականին դուք ոչինչ չե՞ք անելու»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նման հարցադրում հնչեցրեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա` Աստված չանի, որ այս բյուջեն կատարվի, իսկ եթե կատարվի էլ՝ նորից աղետ է, ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու:
Նա հիշեցրեց, որ 2007 թվականին ՀՀԿ-ն, ԱԺ-ում մեծամասնություն կազմելուց հետո, խոստացավ տարեկան 7%-անոց աճ ապահովել:
«Այս տարի լրանում է ՀՀԿ-ի կառավարման 10-ամյա ժամկետը, իսկ տնտեսական աճի գումարային տոկոսը կազմել է 30%: Այնինչ, եթե 7 %-անոց աճի խոստումը պահպանվեր, ապա ստացվելու էր 91%: Նույն խոստումը տվել էր Սերժ Սարգսյանը: Հիմա ես ուզում եմ ասել` ինձ թվում է՝ էս տնտեսագիտական թիմը լուրջ պրոբլեմներ ունի: Ամենամեծ խնդիրն էսօր դուք եք, դո՛ւք, փոխվարչապետը, Կենտրոնական բանկի ղեկավարությունը: Ա՛յ ընկերներ, աճ եք խոսք տվել, գնացեք գտեք էդ աճը: Բերում եք, ասում եք՝ վերականգնողական, հարկաբյուջետային, բա դուք ինչի՞ համար եք: Հարց եմ տալիս՝ դուք ինչի՞ համար եք, ձեզ ինչի՞ համար ենք աշխատավարձ վճարում»,- ասաց Հ. Բագրատյանը:
Ըստ նրա` նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանն Անիի ավերակներ սարքեց տնտեսությունն ու գնաց, Հովիկ Աբրահամյանի ժամանակ տնտեսական աճը թեև ավելացել էր, բայց խոստացածից քիչ էր, իսկ այս բյուջեն մի քայլ էլ հետ է:
«Հերթական տարին, էս գլխից ասվում է, բոլոր դեպքերում լավը չի կարող լինել: Անընդհատ ասում եք՝ կայուն լինի: Թող կայուն լինի: Գերեզմանում էլ է կայունություն»,- հայտարարեց նա:
Հ. Բագրատյանը բացատրություն պահանջեց կառավարության ներկայացուցիչներից, թե ի՞նչ է արվել ներդրումներ ներգրավելու համար: Նրա բնորոշմամբ` կառավարության գործելաոճն ու հայտարարություններն արդեն 10 տարի առանց բռնակի ճամպրուկ են հիշեցնում. «Առանց բռնակի ճամպրուկ բռնած կա՞ք: Ավելի լավ է՝ շորերը ձեռքով բռնեք, գնաք»: