Գազի սակագնի նվազման անարդարությունը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակման առաջին օրերին հանձնարարել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` ուսումնասիրել սոցիալապես անապահով խավերի համար գազի գնի նվազեցման հնարավորությունները: Ազգային ժողովում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ սակագնի նվազեցման աղբյուրներից մեկը սահմանին գազի գնի նվազումն է: Սակայն այդ դեպքում, կարծես, փոքր-ինչ անարդար է ստացվում, որ բնակչության մնացած մասի համար գազի գինը չի նվազելու:
168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Նազարյանը չհամաձայնեց, որ անարդարության տարր կա, եթե սահմանին գնի նվազման դեպքում գազի սակագինը համատարած չիջնի բնակչության համար: «Մենք կփորձենք սոցիալապես անապահով խավերին շոշափելի իջեցնել, մյուսներին` այն չափով, ինչ չափով պետք է իջեցնեինք»,- ասաց նա: Ըստ Ռ.Նազարյանի` եթե ցանկանում են ձեռք մեկնել սոցիալապես անապահով խավին, դա ճիշտ է. «Բնականաբար, չի կարող հավասար իջնել: Էդ դեպքում էլ ի՞նչ խնդիր: Ուրեմն սոցիալական խումբ չպետք է ստեղծենք, եթե նույն չափով պետք է նվազեցնենք»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով` անապահով խավի ներկայացուցիչների թիվն այնքան մեծ է` մոտ 120 հազար ընտանիք, և, եթե սահմանին գազի գինը քիչ չափով նվազի, առաջնահերթ սակագինն իջեցնելու են անապահով ընտանիքների համար: «Եթե մի քիչ շատ իջեցվի, հնարավոր է՝ մյուսների համար էլ իջնի: Արդարությունն իրականում չի խախտվում, որովհետև անապահովներն առաջնահերթ են: Բացի դա, նաև արտադրական գործընթացի վրա` գյուղատնտեսական արտադրություն, ջերմոցներ, գյուղատնտեսական հումք վերամշակող ձեռնարկությունների համար նույնպես իջեցում է սպասվում: Սկզբում կիջեցնեն անապահով բնակչության, հետո՝ գյուղձեռնարկությունների, հետո՝ մյուսների համար»:
ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ, իհարկե, անարդարություն կա:
«Նախ՝ շատ հարաբերական է` ով է սոցիալապես անապահով: 120 հազար են ասում, բայց շատ դեպքերում շատ սոցիալապես անապահովներ չեն կարողանում գրանցվել և այդ հնարավորությունից օգտվել: Եթե սահմանին գազի գնի շուրջ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում պետք է անեն, դա նշանակում է, որ գազի գինը համատարած պետք է իջնի, և ոչ թե՝ միայն սոցիալապես անապահովների համար: Ես կարծում եմ, որ սա դեռ վերանայման կարիք ունի, և այդ խնդիրը դեռ կբարձացվի: Մենք ուրախ ենք, որ գոնե սոցիալապես անապահովների թեման շոշափվում է, բայց ես կարծում եմ, որ նույնիսկ հարաբերական անապահովների համար գազի և հոսանքի գինը հաղթահարելը շատ բարդ է: Հետևաբար՝ պետք է վերանայել ընդհանրապես այդ սակագնային հնարավորությունները, և ցանկության դեպքում, փորձը ցույց է տալիս, որ կարողանում են գտնել ճանապարհ ընդհանուր իջեցման համար»:
Լ.Սարգսյանի կարծիքով` դժգոհողների քանակը, որոնք չեն դիտարկվում՝ որպես սոցիալապես անապահով, բայց, ըստ էության, դժվարանում են կոմունալ վճարները կատարել, նրանց դժգոհությունն ակնհայտ կլինի, և պարտադրված կլինեն վերանայել, որ, եթե սահմանին գինն իջնում է, պետք է իջնի բոլորի համար. «Չնայած ես գտնում եմ, որ, եթե նույնիսկ սահմանին գինը չի էլ իջնում, ապա «Գազպրոմ-Արմենիան» ունի այդ հնարավորությունները, որ սակագինը համընդհանուր իջնի, որովհետև մենք շատ լավ գիտենք, թե ինչ գնով ենք ստանում սահմանին, և ինչ գնով է վաճառվում: Իսկ ո՞վ ասաց, թե «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակիցները հասարակության հաշվին պետք է շատ բարձր աշխատավարձեր ստանան: Չնայած այդ աշխատավարձերի բարձրացումը համատարած չէ և չի վերաբերում բոլոր աշխատողներին: Նորից գերշահույթներ են ստանում բարձրաստիճան պաշտոնյաները: Այնպես որ, մեծ ծախսերի և բարձր աշխատավարձերի համար գազի սակագին բարձրացնելն արդարացված չէ: Հետևաբար՝ պետք է միջինացվի նաև աշխատավարձն այնտեղ և որոշ բեռ հանվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրայից»: