Մեծամորի բնակատեղիում հնագետները սարդիոնե և ոսկե ուլունքահատիկներով ամբողջական վզնոց են պեղել
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղիի պեղումներում այս տարի հետաքրքիր արդյունքներ են գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը՝ այս տարի հնավայրի սենյակներից մեկում հայտնաբերվել է ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանի 2-րդ հազարամյակի վերջին քառորդի ամբողջական վզնոց` սարդիոնե եւ ոսկե ուլունքահատիկներով: Վզնոցը պահպանվելու է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
«Մեծամորում պեղումներն իրականացնում է հայ-լեհական համատեղ արշավախումբը: Այս տարի այդ հնավայրում աշխատանքներն սկսվել են օգոստոսի 15-ին եւ շարունակվել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Դրանք իրականացվել են և՛ Մեծամորի քաղաքային թաղամասի տարածքում, և՛ դամբարանադաշտում»,- ասաց Փիլիպոսյանը:
Նրա խոսքով` Մեծամորի պեղումներն իրականացվում են համատեղ ֆինանսավորմամբ: Հայաստանի կողմից ֆինանսավորումը տրամադրում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն:
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են իրականացվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին: Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (Ք. ա. IV-II հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր: Լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը` հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ:
Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր բնակատեղի էր, որը զբաղեցնում էր 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ, զիկուրատ – «աստղադիտարան»:
Վաղ երկաթի շրջափուլում (Ք. ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք: Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորն Արարատյան դաշտի արքունի քաղաքներից, կարևոր վարչաքաղաքական և մշակութային կենտրոններից մեկն էր: