«Ակնհայտ է, որ ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով դարձյալ բավականաչափ ակտիվանալու են». Արմեն Պետրոսյան
168.am-ի զրուցակիցն է արաբագետ Արմեն Պետրոսյանը
– Պարոն Պետրոսյան, նախորդ մեկ շաբաթվա ընթացքում հաստատված հարաբերական դադարից հետո, նախօրեին Հալեպում կրկին սրվել է ռազմական իրավիճակը: Եվ ինչպես Դուք էիք գրել Ձեր ֆեյսբուքյան էջում՝ ինչպես նախկին հրադադարներից հետո, այս անգամ ևս, սիրիական բանակի և ռուսական օդուժի կողմից միակողմանիորեն հայտարարված մոտ մեկշաբաթյա մարդասիրական դադարն ընդդիմադիրների կողմից ծառայեցվեց վերախմբավորվելու, վերազինվելու և նոր լայնամասշտաբ հարձակում նախաձեռնելու նպատակին։ Ի՞նչ սպասենք առաջիկայում ռուս-սիրիական ուժերի կողմից, հնարավո՞ր է՝ բախումներն ավելի լայնամասշտաբ բնույթ ստանան։
– Բնականաբար, ներկա գործընթացների տրամաբանական հետևանքը հենց նման իրավիճակի է հանգեցնելու։ Ինչպես բազմիցս նշվել է՝ ռազմական իրավիճակը Սիրիայում առաջիկա մի քանի ամիսների ընթացքում բավականաչափ սրվելու է։ Ի վերջո, այս վերջին՝ մարդասիրական նպատակով Սիրիայի և Ռուսաստանի իշխանությունների կողմից համատեղ հայտարարված հրադադարի նպատակը ոչ միայն իր բնույթով մարդասիրական էր, այլև՝ մարտավարական քայլ էր, որի նպատակը Հալեպի արևելյան շրջաններից ինչպես՝ խաղաղ բնակչության, այնպես էլ՝ մի շարք զինված խմբավորումների անդամների դուրսբերումն էր, ինչը, մեծ հաշվով, չստացվեց։
Այսինքն՝ հակակառավարական ուժերը շատ լավ գիտակցում էին, որ դրանով հակառակորդ կողմը մարտավարական խնդիր է լուծում՝ հրադադարի քողի տակ փորձում է ջլատել իրենց ուժերը։ Բայց կարելի է պնդել, որ նաև արտաքին դերակատարների ազդեցությամբ ստեղծվեց նման իրավիճակը։
Բազմիցս նշել եմ, որ Հալեպում և առհասարակ Սիրիայում ծավալվող գործընթացները ոչ միայն՝ ներսիրիական առճակատում են, այլև՝ գլոբալ հակամարտություն՝ միաժամանակ մի քանի հարթություններում՝ գերտերությունների, նաև տարածաշրջանային մի շարք առանցքային խաղացողների միջև, որի ուղղակի դրսևորումներին էլ ականատես ենք լինում այսօր։ Այսինքն՝ այն սպասելիքները, որ հատկապես Սիրիայի և Ռուսաստանի կողմից հայտարարված վերջին հրադադարից հետո հնարավոր է, որ Հալեպում ռազմական իրավիճակը փոքր-ինչ մեղմվի, իրականում ընդամենը ժամանակավոր բնույթ էին կրում։
– Նշեցիք, որ նաև արտաքին դերակատարների ազդեցությամբ տեղի ունեցավ այս սրացումը. ԱՄՆ-ի հետքե՞րն եք տեսնում այստեղ։
– Տեսեք՝ սա գլոբալ բախում է, այստեղ ոչ միայն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, այլև՝ տարածաշրջանային մի շարք հակառակորդ ուժերի առճակատումն է։ Այսօր Հալեպում միաժամանակ մի քանի խաղացողներ են բախվում. մի կողմից՝ ուղղակիորեն ռազմադաշտում սիրիական կառավարական ուժերն են, լիբանանյան «Հըզբոլլահը», նրանց հարող մի շարք այլ միավորումներ, մյուս կողմից՝ սիրիական ընդդիմադիր տարաբնույթ և տարբեր ազդեցության ներքո գործող խմբավորումները. սրանք ուղղակի բախման մասնակիցներն են։ Իսկ դիվանագիտական և ռազմաքաղաքական մակարդակներում միմյանց դեմ հանդես են գալիս արդեն մի կողմից՝ Իրանը և նրա տարածաշրջանային հակառակորդները՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Կատարը, ու, բնականաբար, գերտերությունները՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը։
– ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը ներկա պահին ոչ նպատակահարմար է համարում Հալեպի ուղղությամբ օդային հարվածների վերսկսումը, սակայն Ռուսաստանն իրավունք է վերապահում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բոլոր միջոցներն օգտագործել սիրիական բանակին աջակցելու համար: Այս հայտարարությունից հետո, ըստ էության, խախտվեց հրադադարը, հիմա ի՞նչ միջոցներ կարող է գործի դնել Ռուսաստանը, ինչպես նշված է այս հայտարարության մեջ։
– Այս կտրուկ ռազմական սրացումից հետո սիրիական պրոիշխանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ չնայած նախապես արված հայտարարություններին՝ ռուսական օդատիեզերական ուժերը մոտ 3-4 տասնյակ ավիահարվածներ են իրականացրել Հալեպ նահանգի մի քանի շրջաններում։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ռազմական գործողությունները բոլոր ուղղություններում դարձյալ բավականաչափ ակտիվանալու են։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ հատկապես՝ սիրիական կառավարական ուժերը փորձելու են հետ բերել նախկին դիրքերն այս ռազմավարական կարևորություն ունեցող շրջանում։
– Երեկ թուրքական ռազմական ինքնաթիռները Սիրիայի սահմանը փորձել են հատել Հալեպի հյուսիսից և հետ են քաշվել սիրիական և Սիրիայում գտնվող ռուսական զորքերի հրամանատարությունների նախազգուշացումից հետո միայն: Այս փուլում Թուրքիայի քայլերը որո՞նք կլինեն, հնարավո՞ր է՝ ռուս-թուրքական համատեղ գրոհ սկսվի, թե՞ այնուամենայնիվ շահերի հակասությունը դա թույլ չի տա։
– Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ Թուրքիան հիմնականում չի մասնակցում բուն Հալեպ քաղաքում՝ այդ նեղ շրջանակում, ընթացող ռազմական գործողություններին։ Թուրքիային արտոնված է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսային շրջաններում, նաև՝ Հալեպ նահանգի հյուսիսային հատվածում՝ բացառապես «Իսլամական պետության» և, իհարկե, Անկարայի շահերից ելնելով՝ նաև «Քրդական ինքնապաշտպանական ուժերի» դեմ։ Այսինքն՝ թուրքական զինուժի գործունեությունը դեռևս սահմանափակվում է հենց այդ շրջանում։ Դա է պատճառը, որ Թուրքիայի ուղղակի մասնակցությունը չի երևում բուն Հալեպում ծավալվող գործընթացներում։
Հերթական անգամ պետք է փաստել, որ Սիրիայում միաժամանակ մի քանի պատերազմ է ընթանում՝ տարբեր ուժերի, տարբեր խմբավորումների միջև. դրանք իրենց հիմքում տարբեր շահեր ու նպատակներ ունեցող պատերազմներ են։ Կոնկրետ Թուրքիայի շահերի գոտին դեռևս Սիրիայի հյուսիսային՝ թուրք-սիրիական սահմանամերձ շրջաններն են, և նրանց առաջնային թիրախը վերոնշյալ դերակատարներն են։
– Ստացվում է, որ քրդերին այսպես ասած՝ «գցեցին» գերտերությունները։
– Բնականաբար, չնայած ամերիկյան կողմը փորձում է հնարավորինս մեղմել կամ առնվազն խուսափել, որ այս իրողության մասին հաճախակի բարձրաձայնվի, բայց այնուամենայնիվ, գործընթացները ցույց են տալիս, որ, այո, քրդերն այս անգամ էլ օգտագործվեցին։ Այսինքն՝ ի սկզբանե, երբ «Իսլամական պետության» դեմ պայքարում հատկապես Սիրիայի տարածքում չկար առավել կարող ցամաքային ուժ, օգտագործվեց քրդական խմբավորումների ներուժը, սակայն, երբ խաղի մեջ մտան շատ ավելի առանցքային դերակատարներ, մասնավորապես՝ Թուրքիան, քրդերին տրված խոստումները հետին պլան մղվեցին։ Բայց այս համատեքստում, միանշանակ, պետք է նշել նաև քրդերի միջև առկա և նրանց հետ կապված տարաբնույթ խնդիրների իրողությունը: Չնայած նրանց համակողմանի ձգտումներին, այնուամենայնիվ, ո՛չ քրդերը, ո՛չ մերձավորարևելյան տարածաշրջանն առհասարակ, դեռևս պատրաստ չեն միասնական, ինքնուրույն քրդական պետության ստեղծմանը, և սա ակնհայտ է նաև արտատարածաշրջանային դերակատարների համար։
– Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։
– Քրդերի շրջանում՝ ներկլանային, ներցեղային, տարբեր արտաքին դերակատարներին հակվածության և բազմաթիվ այլ խնդիրներ կան։ Տարածաշրջանի 4 երկրներում կա քուրդ ազգաբնակչություն, այստեղ գործում են տարբեր գաղափարական ուղղվածության, տարբեր արտաքին շահերի ծառայող քրդական կառույցներ։ Մեծամասամբ, բացակայում է միասնականությունը, ընդհանուր նպատակը։ Պարզ օրինակ, նույն Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարությունը խնդիրներ ունի Սիրիայի քրդական հիմնական կառույցների հետ, որտեղ ամենակարող ուժը հանդիսացող «Ժողովրդական միություն» կուսակցությունը, հատկապես Թուրքիայի կողմից, ներկայացվում է՝ որպես այդ երկրում և մի շարք այլ պետությունների կողմից ահաբեկչական ճանաչված ՔԲԿ-ի սիրիական մասնաճյուղ, իսկ նույն Թուրքիան բավական սերտ կապերի մեջ է Իրաքի քրդական վերոնշյալ կառույցի հետ: Այսինքն՝ զենքը ձեռքին պայքարող, կարող քրդական ուժերն այսօր տարբեր շահեր են հետապնդում, ունեն տարբեր արտաքին հովանավորներ, և միջազգային հանրության կողմից նրանց ընկալումն էլ խիստ տարբեր է։ Իսկ Մերձավոր Արևելքում առկա իրողությունների համատեքստում՝ և՛ Սիրիան, և՛ Իրաքը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը բոլոր հնարավոր միջոցներով կխոչընդոտեն քրդական անկախ պետական միավորի ստեղծման գործընթացին, ինչը բովանդակային առումով շատ ավելի խորքային պառակտիչ սպառնալիք է պարունակում ինչպես՝ նշված երկրների, այնպես էլ՝ ողջ տարածաշրջանի համար:
– Հայ համայնքի անելիքներն այս պահին որո՞նք պետք է լինեն. շատերը խոսում են հայրենադարձության մասին, բայց տեսնում ենք, որ դա զանգվածային բնույթ չի ստանում, ու հալեպահայերը շարունակում են մնալ Հալեպում։ Հայկական թաղամասերում վիճակն ինչպիսի՞ն է։
– Հալեպի հայկաբնակ շրջաններում ներկայում ռազմական գործողությունների ակտիվացում կարծես թե չի նկատվում, բայց, բնականաբար, բացառել ևս չի կարելի, քանի որ դրանք բավական մոտ են կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև առկա սահմանային գոտուն, և ռազմական իրավիճակի սրացմանը զուգահեռ՝ նաև այս շրջաններում ռազմական ակտիվությունից խուսափել հնարավոր չի լինի։ Այսինքն՝ ամեն վայրկյան վտանգ կա, որ վիճակը դարձյալ կթեժանա, ու հակակառավարական խմբավորումներն իրենց վերահսկողության ներքո գտնվող գոտիներից, ի պատասխան կառավարական ուժերի, կփորձեն հրթիռակոծել նաև այդ շրջանները։ Իսկ ներկայում և հատկապես՝ առաջիկա ձմռանն ընդառաջ՝ սրվել են և ավելի կսրվեն մարդասիրական, կենցաղային խնդիրները՝ ջրի, էլեկտրականության, ջեռուցման, սննդամթերքի, դեղորայքի, և այլն:
Ինչ վերաբերում է նրանց անելիքներին, ապա, ինչպես ականատես ենք լինում, ընդհանուր, միասնական նպատակային և վճռական լուծումներ դեռևս չկան, այսինքն՝ ընդհանուր մոտեցումները խնդրի վերաբերյալ նույնն են։ Միգուցե նաև ընթանում են ոչ հրապարակային քայլեր, չեմ կարող ասել, բայց արդեն իսկ օրակարգային հարց է հայեցակարգային գործողությունների պլանի մշակումը՝ հնարավոր ծայրահեղ իրավիճակներում մեր հայրենակիցների տարհանումը կազմակերպելու վերաբերյալ։ Իսկ ներկայում, բնականաբար, երկու հիմնական ուղղություններով պետք է գործողություններն իրականացվեն. առաջին՝ անհատական մակարդակում՝ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դուրս գալ քաղաքից, բոլոր հնարավոր միջոցներով աջակցել, նախապատվությամբ պայմանավորված, կամ Սիրիայի տարածքում առավել անվտանգ շրջաններ, կամ հատկապես դեպի հայրենիք տեղափոխման գործընթացին։ Երկրորդ՝ ովքեր կշարունակեն մնալ քաղաքում, բոլոր հնարավոր եղանակներով փորձել ապահովել նրանց անվտանգության հետ կապված և կենցաղային խնդիրները։ Երկու ուղղություններով էլ մինչ այժմ ևս ծավալվել է որոշակի գործունեություն, բայց այժմ արդեն բոլոր քայլերը պետք է լինեն շատ ավելի համակարգված և, ինչո՞ւ ոչ, մեկ միասնական կենտրոնից ուղղորդվող։