Արցախ ժամանած Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է առաջնագիծ
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 29-ին մեկնել է առաջնագիծ, հանդիպել զինվորներին:
Ինչպես տեղեկացնում է ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակը, հայ խորհրդարանականներն առաջնագծում համոզվել են հայրենյաց սահմանների անառիկության մեջ:
«Այսօր հերթական անգամ համոզվեցինք, որ մեր զինվորների, բանակի և ողջ հայության միասնականության արդյունքում մեր սահմաններն ամուր են: Վերջին օրերին Ադրբեջանը, նենգորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, դիվերսիոն փորձ կատարեց երկու ուղղությամբ՝ տակավին ձախողվելով:
Այդ երկրի կողմից բանակցային գործընթացին վնաս հասցնող ցանկացած փորձ պետք է խստագույնս դատապարտվի և հասցեական գնահատականներ ստանա միջազգային հանրության կողմից: Ադրբեջանի նենգ քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանի որ հայ զինվորն ամուր կանգնած է իր հողին և պաշտպանում է իր հայրենիքը»,-նշել է ԱԺ փոխնախագահը: