
«Այս կառավարությունից այլ մոտեցնում էինք ակնկալում, պարզվեց՝ իզուր». Բնապահպանը՝ տպարանի շենքը պայթեցնելու մասին

Երևանի առաջին տպարանի շենքի պայթեցումը խիստ զայրացրել է բնապահպաններին: Նման ծավալի փոշու առաջացումը, ըստ մասնագետների, ծանր հարված է բնությանը: «Խիստ վրդովված ենք կատարվածից, քանի որ շենք պայթեցնելն՝ այն էլ մայրաքաղաքի կենտրոնում, անթույլատրելի է բնապահպանական տեսանկյունից: Այդ գործողությունների արդյունքում մեծ քանակի փոշի է բարձրացվել, ինչը բնապահպանական լուրջ խնդիրների առաջացման պատճառ կհանդիսանա:
Ընդ որում՝ գործողությունն իրականացվել է գաղտնիության պայմաններում, եթե տեղեկացված լինեինք, ապա միջոցներ կձեռնարկեինք շենքի պայթեցման գործընթացը կասեցնելու ուղղությամբ»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Civile voice» բնապահպանական հասարակական կազմակերպության պատասխանատու Բաբկեն Հարությունյանը:
Բնապահպանը նշեց, որ կառուցապատողը շենքը քանդելու այդ տարբերակն ընտրել է գումար խնայելու համար. «Անբարոյական է, որ կառուցապատող կազմակերպությունը գումար խնայելու պատճառով ընտրում է բնությանը վնաս տալու տարբերակը: Սա նաև համարում եմ քաղաքային իշխանությունների անփութության ու բնապահպանական խնդիրների հանդեպ անտարբերության վկայություն: Այս կառավարությունից այլ մոտեցնում էինք ակնկալում, պարզվեց՝ իզուր: Էլ չեմ խոսում այն մասին, որ հողին հավասարեցվեց պատմական շենք, որը մեր քաղաքի պատմամշակութային ժառանգության մասնիկն էր»,- հավելեց Հարությունյանը:
Նշենք, որ տպարանի շենքի տարածքի սեփականատեր Գենիկ Կարապետյանն իր հարցազրույցներում հայտարարել է, որ այդ տարածքում հյուրանոց է կառուցվելու: