Սամվել Դարբինյանին պատկանող «Լոռիի ՃՇՇ»-ի աշխատակիցները ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել. պատրաստվում են վարչապետին դիմել. ՀՔԱՎ
Վանաձորի նախկին քաղաքապետ Ս. Դարբինյանին պատկանող «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ը ամիսներ շարունակ չի վճարել աշխատողների մի մասի աշխատավարձը: Այս մասին ահազանգել են Ընկերության երեք աշխատակիցներ՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Նրանք հայտնել են, որ Ընկերությունում աշխատում են 2007թ.-ից: 2015 թ.-ից արդեն աշխատավարձերի վճարումն սկսել է ձգձվել, և այսօր Ընկերության տարբեր աշխատակիցներ մի քանի ամսվա չվճարված աշխատավարձ ունեն: «Լոռիի ՃՇՇ»-ի նախկին աշխատակից Աշոտ Քարտաշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ 5 ամսվա չվճարված աշխատավարձ միայն ինքն ունի, ոմանք դեռևս չեն ստացել նույնիսկ 2014-2015թթ.-ի որոշ ամիսների աշխատավարձեր, սակայն դրա մասին բարձրաձայնում են միայն հիմա, երբ Ընկերության սեփականտեր Սամվել Դարբինյանն այլևս քաղաքապետ չէ:
Ընկերության տնօրեն Արայիկ Վարդանյանը անորոշ պատասխան է տալիս՝ «Փող չկա, չգիտենք երբ կլինի»: Խնդրին լուծում տալու խնդրանքով երկու անգամ դիմել են ՀՀ Լոռու մարզպետին, որն էլ առաջին անգամ ընդառաջելուց հետո երկրորդ անգամ հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ խնդրի լուծումը դուրս է իր լիազորություններից: «Լոռիի ՃՇՇ»-ի ներկա և նախկին մի խումբ աշխատակիցներ աշխատավարձերի չվճարման հարցով պատրաստվում են նամակով դիմել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ