«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը կլինի շարունակական

Իրաքյան բանակը ԱՄՆ-ի և այլ երկրների աջակցությամբ շարունակում է առաջխաղացումը դեպի Մոսուլ, որը վերջին երկու տարիների ընթացքում հանդիսանում է կարևոր հենարան, «Իսլամական պետություն» խմբավորման և այսպես կոչված «խալիֆայության» համար, որը իր կենտրոնն է հռչակել սիրիական Ռաքքա քաղաքը: Մոսուլի անկման պարագայում Ռաքքան կլինի հաջորդը: Սակայն, ինչպես կարծում է «Սև դրոշներ: ԴԱԵՇ-ի վերելքը» գրքի հեղինակ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, լրագրող Ջոբի Ուորիքը, «խալիֆայության» վերացումը չի վերացնի «Իսլամական պետություն» խմբավորումը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Անցած տարվա ընթացքում միջազգային և տեղական ուժերի ճնշման արդյունքում «Իսլամական պետություն» խմբավորումն ունեցավ մեծ տարածքային և մարդկային կորուստներ, ինչպես նաև զրկվեց ֆինանսական շատ աղբյուրներից: Չնայած դրան՝ խմբավորումը կատաղի դիմադրություն է ցույց տալիս Մոսուլի համար մղվող մարտերում: Տեղի ազգաբնակչության ահաբեկումը խմբավորման պայքարի միջոցներից մեկն է:

«Իրաքում մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող անձնակազմին տեղեկացրել են, որ «Իսլամական պետություն» խմբավորումը Մոսուլից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սաֆինա անունով բնակավայրում սպանել է 15 հոգի և նրանց մարմինները գցել գետը՝ մնացած բնակչությանն ահաբեկելու համար: Հոկտեմբերի 19-ին նույն գյուղում խմբավորումը 6 հոգու ձեռքերից կապել է ավտոմեքենային և շրջել այդպես գյուղով մեկ», ասում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խոսնակ Ռուպերտ Քոլվիլը:

Մոսուլի անկումը ուժեղ, սակայն ոչ վերջնական հարված կլինի «Իսլամական պետությանը», ասում է Ջոբի Ուորիքը:

«Դա գաղափարախոսություն է, որ պահպանվելու է մեզանում, և վախենամ՝ դրա դեմ պայքարը տևի շատ տարիներ»:

Ուորիքը «Իսլամական պետություն» խմբավորման վերելքը կապում է ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժման հետ:

«Եթե մենք կենտրոնանայինք Ալ Քայիդայի վրա և չհետապնդեինք Սադամ Հուսեյնին, կարծում եմ պատմությունը կընթանար այլ ձևով, և մենք այսօր չէինք ունենա նման թշնամի»:

Նա ասում է, որ խմբավորումն իր մեջ է արտացոլում համաշխարհային ահաբեկչության գաղափարը: Նրա կարծիքով, «Իսլամական պետություն» խմբավորումը փոխարինել է Ալ Քայիդային նույնիսկ ավելի ծայրահեղ արտահայտմամբ քանի որ խմբավորումը դիմել է այնպիսի քայլերի, որոնք չեն արվել նույնիսկ Ալ Քայիդայի կողմից: Ըստ Ուորիքի՝ այն բոլոր սարսափելի տեսարանները, կապված խմբավորման իրականացրած մարդկանց գլխատումների ու զանգվածային սպանությունների հետ, որոնցից զերծ էր Ալ Քայիդային, մեծապես ազդել են մարդկանց վրա:

Հազարավոր մարդիկ մեկնել են Մերձավոր Արևելք՝ կռվելու «Իսլամական պետություն» խմբավորման համար: Երբ խալիֆայությունը վերանա, նրանցից շատերը կվերադառնան իրենց երկրներ: Ըստ Ուորիքի՝ այդ երկրների իշխանությունները ցանկալի է մեկուսացնեն այդ ահաբեկիչ զինյալներին և օգտագործեն նրանց ջիհադիստների դեմ պայքարում:

Տեսանյութեր

Լրահոս